Նաեւ տխուր տարի

31/12/2005

2005թ. գրանցվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 370 դեպք, որոնց մի մասը, ցավոք, մահվան ելք է ունեցել: Միայն հունվար ամսին ՀՀ-ում արձանագրվել է ինքնասպանության 26, փետրվարին՝ 23, մարտին՝ 35, ապրիլին՝ 47, մայիսին՝ 26, հունիսին՝ 37, հուլիսին՝ 39, օգոստոսին՝ 34, սեպտեմբերին՝ 29, հոկտեմբերին՝ 30, նոյեմբերին՝ 27, դեկտեմբերին՝ 17 դեպք: Ինքնասպանությունները հիմնականում կատարվել են սոցիալական, գործազրկության պայմաններին չդիմանալու պատճառով: Ինքնասպանություն գործողներից ոմանք այդ քայլն անելուց առաջ իրենց կողմից գրված երկտողերում նշել են, որ ծայրահեղ այդ քայլին դիմում են, քանի որ հոգնել են սոցիալական անարդարություններից, աշխատանք չունենալուց: Եղել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ ինքնասպաններն իրենց քայլը պատճառաբանել են, թե տառապում են անբուժելի հիվանդությամբ, որի մասին իրենց տեղեկացրել են բժիշկները: Ուշագրավ է, որ ինքնասպանության դեպքեր են արձանագրվում Ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարաններում: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանության նման դեպքեր կատարվել են նաեւ Ոստիկանության Սյունիքի, Արարատի, Լոռու մարզային բաժիններում: Քիչ չեն նաեւ անչափահասների կողմից կատարված ինքնասպանությունները: Մարտի 8-ին տան ննջասենյակի ջեռուցման խողովակից կախվելու միջոցով ինքնասպան էր եղել 5-րդ դասարանի աշակերտ 1993թ. ծնված Հովհաննես

Ա-ն: Իսկ մարտի 18-ին Արագածի շրջանի Ջամշլու գյուղի 8-ամյա դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ 1993թ. ծնված Վ. Ուսոյանը ինքնասպան էր եղել իրենց տան անասնագոմում կախվելու միջոցով: Հունիսի 1-ին կախվելու միջոցով փորձել էր ինքնասպան լինել 14-ամյա Գ. Դախլչյանը: Սեպտեմբերի 6-ին «Հաղթանակ» կամրջի տակ ծառից կախվելու միջոցով ինքնասպան էր եղել Երեւանի 197 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Ա. Մակարյանը: Հարկ է նշել, որ ինքնասպանության փորձեր են կատարել նաեւ բուհերի ուսանողներ եւ ՀՀ ՊՆ զինվորականներ:

Լ.Ս.