Վրաստանում այս օրերը բոլորովին էլ տոնական չեն Արդարադատության նախարարության, Ոստիկանության եւ բանտարկյալների համար: Համարյա մի շաբաթ է՝ Վրաստանի բանտերում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Այդպիսի բան առաջ կարելի էր տեսնել միայն հեռուստացույցով՝ արեւմտյան բանտերի մասին հեռուստահաղորդումներում, երբ այնտեղի «զեկերն»՝ ի նշան բողոքի, պատուհաններից այրվող սավաններ էին նետում, հայհոյում ու աման-չամանը դուրս շպրտում: Հիմա նույն բանը Վրաստանում է կատարվում:
Խռովությունը սկսվել է Վրաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քութաիսիի նորակառույց բանտում: Ընդ որում՝ ճակատագրի հեգնանքով այդ բանտը կառուցված է արեւմտյան ստանդարտներին համապատասխան՝ ջեռուցումով ու մնացած հարմարություններով: Ամեն դեպքում, բանտի բացման ժամանակ այդ մասին խոսում էին իշխանության ներկայացուցիչները: Բայց երեւում է՝ այդպիսի բանտերն իրենց «բնակիչներին» մղում են անհնազանդության: Իսկ եթե լուրջ, ապա իրավապաշտպաններն ասում են, որ լայնորեն գովազդվող «հարմարություններն» ընդամենը ձեւ են, եւ խռովությունը սկսվել է հենց ջուր եւ ջեռուցում չլինելու պատճառով: Խոսում են նաեւ այն մասին, որ խռովությունը վաղուց էր հասունանում, քանի որ իշխանությունները որոշել են մեկընդմիշտ վերջ տալ քրեական աշխարհին, որ գոյություն ունի արդեն վաղուց՝ իր «օրենքով գողերով», «պախաններով» եւ այլն, ինչով էլ բանտարկյալներին դրդել են հակաօրինական գործողությունների:
Ամեն ինչ սկսվել է Ցկրիպա մականունով «օրենքով գողերից» մեկի հետ կապված մութ պատմությունից: Բազմամյա բանտարկության դատապարտված Ցկրիպային մի խումբ ոստիկաններ «հայտնաբերել էին» բանտի պահակների հետ՝ Թբիլիսիի բաղնիքներից մեկում: Սկսեցին խոսել սադրանքի մասին: Մի շաբաթ անց բանտարկյալներին, որոնց տեղափոխել էին վերոնշյալ բանտը, հայտարարվում է, որ բջջային հեռախոսները, ինչպես նաեւ կտրող-ծակող գործիքները օրենքից դուրս են հայտարարված: «Զեկերը» բողոքեցին դրա դեմ: Հատուկ նշանակության ջոկատը սկսեց նրանց ծեծել: Այդպես են ասում բանկարկյալների ազգականները, որոնք շրջապատել էին նոր բանտը, եւ որոնց 200 մետրից ավելի մոտ չեն թողել, բայց նրանք լսել են իրենց հարազատների արձակած ճիչերը: Իրավապահները պնդում են, որ դա նրանց երեւակայության արդյունքն է: Բայց հեռուստալրագրողները, որոնց նույնպես 200 մետրից մոտ չեն թողնում, հաջողացրել են նկարահանել պատուհաններից դուրս նետվող այրվող սավաններն ու ձայնագրել ինչ-որ ճիչեր: Քութաիսիի բանտի հետ միաժամանակ խռովություններ են սկսվել նաեւ այլ բանտերում. ի նշան համերաշխության՝ նրանք հացադուլ են հայտարարել:
Կատարված դեպքերը հանգեցրին Արդարադատության նախարարությունում եւ պատիժ իրականացնող մյուս հաստատություններում կադրային փոփոխությունների եւ նոր նշանակումների: Նոր նշանակումները, սակայն, խռովությունները չդադարեցրին: Առայժմ միայն խոսվում է «երկաթե ձեռքով» կարգուկանոն հաստատելու մասին:
Միաժամանակ թափ հավաքող ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատի» ներկայացուցիչները հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին, որ վրացական բանտերում տեղի ունեցող երեւույթը կարելի է համեմատել խորհրդային շրջանի «գուլագների» եւ հիտլերյան համակենտրոնացման ճամբարների հետ: «Բանտարկյալները նույնպես իրավունքներ ունեն, որ պետք է պաշտպանվեն»,- հայտարարեցին նրանք: Բայց նրանց, կարծես թե, առանձնապես լսող չեղավ: Համենայնդեպս, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նախարարության աշխատակիցներին հաջողվել է չափազանց հաջող օպերացիա անցկացնել, որի ընթացքում նրանք կալանավորել եւ Թբիլիսի են հասցրել… Ձմեռ պապին, ու հիմա Նոր տարին մայրաքաղաքում պարզապես անխուսափելի է: Դրանից հետո նախարարը, ինքն իր կատակից շատ գոհ, բոլորին շնորհավորեց առաջիկա տոների առթիվ եւ հեռացավ՝ մի անգամ եւս հաստատելով, որ ամեն ինչ հարաբերական է՝ մեկի համար տոն է, մյուսի համար՝ դժբախտություն:
Մնում է միայն Նոր տարվա առթիվ շնորհավորել «168 Ժամի» ընթերցողներին, բայց միայն թե Ձմեռ պապին ձեզ մոտ էլ չբերեն ձեռնաշղթաներով:
Երջանկությո՛ւն եւ խաղաղությո՛ւն ձեզ: