Օրերս անդրադարձել էինք Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի՝ ավելի քան 600 եկեղեցիների եւ կրոնական շինությունների պատկանելության հետ կապված պահանջին, հայկական եւ վրացական մշակութային եւ հոգեւոր հուշարձանների պատկանելության վեճերին, ինչը հայ-վրացական քաղաքական լարված հարաբերությունների ֆոնի վրա էլ ավելի է սրում ստեղծված իրավիճակը: Այս իրավիճակի վերաբերյալ «168 Ժամ»-ի հարցերին պատասխանում է Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար արժանապատիվ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-վրացական հարաբերությունների հետ կապված վերջին իրադարձություններին, մասնավորապես եկեղեցիների պատկանելության շուրջ վեճերին:
– Եկեղեցիների պատկանելության շուրջ առաջացած վեճերը Վրաստանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի եւ Վրաց Ուղղափառ եկեղեցու միջեւ նոր չէ, որ ծագել են եւ ունեն գրեթե մեկ տասնամյակի պատմություն: Պատմիչների ու պատմաբանների վկայության համաձայն, Վիրահայոց թեմում 5-րդ դարից ի վեր հայոց համայնքը կառուցել է ավելի քան 638 եկեղեցի, մատուռ եւ աղոթատուն։ Օրինակ` 1837-ին Վրաստանում հաշվվում էր 198 հայկական եկեղեցի, վանք ու մատուռ, իսկ 1903-ին, ներառյալ Արդվին-Արտանուշ շրջանը, եկեղեցիների թիվը հասնում էր 256-ի։ Դրանց մի մասը խոնարհվել է պատմական տարբեր ժամանակաշրջաններին, սակայն մեծապես ավերվել է խորհրդային տարիներին: Խորհրդային իշխանության տարիներին ծավալված բռնությունների եւ հալածանքների հետեւանքով փակվել էին թեմի գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, իսկ Վրաստանի անկախացումից հետո մեծ թվով եկեղեցիներ վրացականացվեցին: Այսօր Վիրահայոց թեմն ունի ընդամենը 21 գործող եկեղեցիներ:
Դառնալով եկեղեցիների պատկանելության առնչված խնդիրներին` նշենք, որ եկեղեցիների պատկանելության շուրջ տարաձայնությունն առաջացավ Վրաստանի անկախացումից հետո: Մասնավորապես, 1994թ. Վրաց եկեղեցու որոշ սպասավորներ ոտնձգություններ արեցին Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու հանդեպ` այն հայտարարելով իբրեւ վրացական եւ բարբարոսաբար վերացնելով Հովնաթանյանների վրձնին պատկանող որմնանկարները: Ոչնչացվեց նաեւ եկեղեցու կառուցման հայալեզու արձանագրությունը: Երեւույթը կասեցնելու նպատակով այդ ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Վրաստան էին գործուղվել Շիրակի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին Արք. Ներսիսյանը (ներկայիս` Ամենայն Հայոց կաթողիկոս), ովքեր, խնդիրը ներկայացնելով Վրաց պատրիարքին, հաջողեցին դադարեցնել եկեղեցու հանդեպ ոտնձգությունները, սակայն հարցի քննությունն ու լուծումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Մի քանի ամիս առաջ Նորաշենի եկեղեցու բակում հանկարծակի հայտնվեցին վրացերեն արձանագրություններով հարյուրամյա վաղեմության գերեզմանաքարեր` փաթաթված մետաղյա լարերով, որոնք անմիջապես տեղադրվեցին եկեղեցու պատերի կողքին։ Սա միանշանակ հերթական փորձ էր հաստատելու, որ վերոհիշյալ եկեղեցին վրացական է։ Վրաց քահանա տեր Տարիելի ջանքերով հայկական գերեզմանաքարերը, որոնք գտնվում էին եկեղեցու մյուս կողմում, ենթարկվել էին վանդալիզմի ակտի (նրանց վրայից քերվել-մաքրվել էին հայերեն արձանագրությունները)։ Վերջերս վրաց քահանա Տարիելի գլխավորությամբ սկսվել է Նորաշենի եկեղեցու մոտ պարսպապատի շինարարությունը։
Այս միջադեպը խորապես մտահոգություն պատճառեց ինչպես վիրահայոց համայնքին, այնպես եւ` թեմին եւ պատճառ դարձավ ձայն բարձրացնելու, արծարծելու բոլոր այն խնդիրները, որ առկա են վիրահայերի ազգային-հոգեւոր կյանքում, եւ արդարորեն պահանջելու դրանց լուծումը: Մասնավորապես Վրաց պետության եւ եկեղեցու առջեւ բարձրացվեցին երկու հարցեր` ա. Վիրահայոց թեմի կարգավիճակի խնդիրը, քանի որ ներկայիս` երկրում «Խղճի եւ դավանանքի ազատության» եւ «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների բացակայության պատճառով, որեւէ եկեղեցի, բացառությամբ Վրաց եկեղեցու, գրանցված չէ եւ չունի որեւէ կարգավիճակ: Եվ բ. Վրաստանում հայկական պատմական եկեղեցիները, այդ թվում` նաեւ Նորաշենի Սբ. Աստվածածինը եւ Ախալցխեի Սբ. Նշանը հայությանը վերադարձնելու հարցը, քանի որ ներկայիս որեւէ եկեղեցի իրավաբանորեն չի պատկանում Վիրահայոց թեմին:
Այսօրվա զարգացումների մեջ Վիրահայոց թեմը, իր եւ իր հոտի իրավունքների պաշտպանությամբ, պահանջում է այն, ինչ իրեն վերապահված է պատմությամբ, որպեսզի հետագային երբեք չվտանգվի վիրահայերի ազգային-հոգեւոր կյանքը:
– Հայկական եւ վրացական մշակութային եւ հոգեւոր հուշարձանների (թվով 600) պատկանելության վեճերը նոր չեն, սակայն ինչո՞ւ է այդ հարցը հայկական կողմն առաջ քաշում հենց այս օրերին, երբ քաղաքական լարված իրավիճակ է այդ շրջանում: Բոլորովին չարդարացնելով վրացական կողմի պահվածքը, այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում՝ կարծես հայկական կողմը «կրակի վրա յուղ է լցնում»:
– Ինչպես նախորդ հարցի պատասխանում նշվեց, խնդիրը նոր չէ առաջ քաշվում: Ինչպես իմացանք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, վիրահայերի կյանքում հերթական հուզումների առիթը դարձավ վրաց գիտնականների ոչ պատշաճ վերաբերմունքը եւ վիրավորական արտահայտությունները Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի եւ հայ ժողովրդի հասցեին` կատարված նոյեմբերի 24-26-ը Թբիլիսիում անցկացված «Քրիստոնեությունը մեր կյանքում. անցյալ, ներկա եւ ապագա» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովին հրավիրված էր «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմը Վրաստանում. պատմություն եւ ներկա» զեկույցով հանդես գալու նաեւ Վիրահայոց թեմը, ինչն առաջադրված որոշ իր դրույթներով ու հարցադրումներով բորբոքել էր վրաց գիտական հասարակությանը եւ բուռն հակազդեցության առիթ էր դարձել, թեպետ այդ ամենը տարիներ առաջ քաջ հայտնի էր ամենքին: Զեկույցի թեման արդեն իսկ համաձայնեցված էր գիտաժողովի կազմակերպիչների հետ, իսկ ամփոփ զեկույցը, նախապես քննվելով խմբագրական խորհրդի կողմից, տեղ էր գտել գիտաժողովի հրապարակված թեզիսներում։
Գիտաժողովի դահլիճում տեղի ունեցածը, ցավոք, իր բուռն արձագանքը գտավ նաեւ մամուլում եւ հեռուստաեթերներում, ուր անհարգի արտահայտությունները երկրում դարերով ապրող ու գործող, երկրի շինությանն ու բարգավաճմանը լծված հայկական համայնքի եւ հայոց թեմի դեմ շարունակեցին հնչել` ուղեկցվելով ներկայացված փաստերի եւ խնդիրների սարսափելի աղավաղումներով:
Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Հայ եկեղեցին երբեք էլ չի պահանջել իրեն վերադարձնել դարերի ընթացքում Վրաստանում կառուցված շուրջ 638 եկեղեցիներն ու աղոթատները, որոնց մեծ մասը տարբեր հանգամանքների ներքո ավերվել է կամ պարզապես գրավվել է խորհրդային շրջանում: Թեպետ այս 600-ից ավելի թիվը լայնորեն շահարկվում է վրացական մամուլում: Այսօր թեմը պարզապես ուզում է վերադարձնել այն եկեղեցիները, որոնք կառուցվել են եւ դարեր շարունակ պատկանել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմին, սակայն խորհրդային շրջանում բռնագրավվել են (ինչպես, օրինակ, Թբիլիսիի Սբ. Նշանը, որն իբրեւ գրադարան է ծառայել եւ տարիներ առաջ այրվել) կամ պարզապես փորձել են վրացականացվել (ինչպես Նորաշենի եկեղեցին): Այսօր այդպիսի` վրացական կողմի համար կարգավիճակը չճշտված եկեղեցիների թիվը վեց է, որ թեմն ուզում է վերստին գործածել համայնքի հոգեւոր կարիքները լիարժեքորեն հոգալու համար: Այնպես որ, թող հստակ լինի, որ Հայ եկեղեցին բնավ նպատակ չունի այսօր, ինչպես ասացիք, «կրակի վրա յուղ լցնելու», այլ արդարացիորեն հետամուտ է իր եւ իր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ հայրերի հոգեւոր ժառանգության պահպանմանը: