«Զոնը շատ լավ զոն ա» – ասում է հինգամյա Սուսանիկը

31/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կալանավայրում Ամանորը մշտապես նշվում է կարոտի ու տխրության զգացումներով: Ազատազրկման դատապարտված մարդիկ բոլորն էլ հույս ունեն, որ սա գորշ պատերի ետեւում դիմավորելիք վերջին Ամանորն է: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոստոմ Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ներկայումս հիմնարկում ազատազրկման դատապարտված 125 անչափահասներ եւ կանայք կրում են իրենց պատիժը: Պետի տեղակալը վստահեցնում է, որ անչափահաս դատապարտյալների մոտ գերակշռող հանցատեսակը գողությունն է, իսկ կանանց հանցատեսակներից գերակշռում է սպանությունը եւ խարդախությունը: Ի դեպ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ամենամեծահասակ դատապարտյալը 70-ամյա մի տատիկ է: Կանանց կալանավայրում հաճախ են հայտնվում նաեւ հղի կանայք:

Այցելեցինք մի կնոջ, որն ամուսնանալուց հետո սպանության հոդվածով դատապարտվել է ազատազրկման եւ կալանավայրում էլ ծննդաբերել է: Սահակյան Աննան 25 տարեկան է: 5 տարի է, ինչ կալանավայրում է: Աննային մանուկ հասակում ծնողները լքել են, եւ նա մի որոշ ժամանակ մանկատանն է ապրել: Նրան որդեգրել է ռուս մի կին, որի հետ երկար տարիներ Աննան ապրել է Երեւանում: Չափահաս տարիքում, սակայն, նա պարզել է, որ ինքը մանկատան երեխա է, իսկ այդ կինն իրականում իր խորթ մայրն է: Այս հանգամանքը նա շատ ծանր է տարել եւ չարացել է իր իսկական մոր հանդեպ: Վեճեր են սկսվել մոր եւ աղջկա միջեւ: Այդ ընթացքում Աննան ամուսնացել է Սիսիանի բնակիչ մի տղայի հետ, սակայն մոր հանդեպ ատելությունը չի դադարել: Աննայի մայրը չափազանց վիրավորվել է աղջկա վարքագծից եւ որոշել է իր բնակարանը կտակել ոչ թե Աննային, այլ եղբոր որդուն: Այս որոշումը, սակայն, Աննային եւ նրա ամուսնուն ցնցել է: Վերջիններս փորձել են գործընթացը խափանելու համար ինչ-որ բան ձեռնարկել, քանի որ Աննայի մոր բնակարանի կտակման փաստաթղթերի գործընթացը մոտենում էր ավարտին: Ամուսինները սպանել են Աննայի խորթ մորը, որպեսզի բնակարանը փաստացի ժառանգվի Աննային: Աննան դատապարտվել է 9, իսկ ամուսինը՝ 14 տարվա ազատազրկման: «Իմը ծանր դեպք է, բայց բոլորի մոտ էլ պատահում է: Բոլորն էլ սխալներ են թույլ տալիս: Ամուսինս էլ Կոշի գաղութում է նստած: Նամակագրական կապ ունենք, սկեսուրս է գալիս մեզ մոտ: Երեխայիս մեկ-մեկ տանում է ամուսնուս մոտ տեսակցության: Սկեսուրս ուզում ա տանի երեխայիս, ազատության մեջ պահի, բայց ես չեմ կարա առանց իրա»,- պատմում է Աննան: Ազատվելուց հետո Աննան երեխայի հետ կգնա Սիսիան՝ սկեսուրի մոտ: Աննան կալանավայր տեղափոխվելուց 6 ամսեկան հղի է եղել եւ ծննդաբերել է կալանավայրում: 5 տարեկան Սուսաննան հաճախ տատիկի հետ լինում է ազատության մեջ, սակայն, երբ վերադառնում է մոր մոտ՝ չարանում է, կամակոր է դառնում: Կալանավայրին կրկին ընտելանալու համար Սուսանիկի համար դժվար ու ծանր է լինում, չարաճճի երեխայի պես է իրեն պահում: «Փոքր էր, երբ սկեսուրս 6 ամսով տարավ: Հետո, երբ հետ եկավ՝ շատ դժվար էր: Ազատություն էր տեսել ու ստեղ չէր կարում հարմարվեր,- պատմում է մայրը:- Անընդհատ ուզում էր դուրս գար, չէի կարում զոնում պահեի, շատ էր նեղվում: Մեկ տարի առաջ գիտեր, թե էս մեր տունն ա, հիմա ինքը գիտի՝ որտեղ ենք, բայց չգիտի ինչի համար ենք ստեղ»: Սուսանիկին հարցնում եմ՝ «Դու հիմա որտե՞ղ ես»: Ասում է՝ «Զոնում»: «Զոնն ի՞նչ է»,- հարցնում եմ: Ասում է՝ «Զոնը բան ա, ըըը, զոնը էդ շատ, շատ լավ զոն ա»: Հարցնում եմ՝ «Ինչո՞վ է լավ զոնը»: Պատասխանում է՝ «Որ սառուց եմ ըլնում, գնում եմ փեջերի մոտ նստում, տաքանում եմ, էդ լավ զոն ա: Տե՛ս, Մարիամի Քիսոյի համար շոր եմ գործում: Ինքը զոնում էր: Էդ երեխեն մեծ ա: Ընկերուհի ունեմ, ամառը, շուտ ստեղ էր իրա մամայի հետ, մեկի անունը Գայուշիկ էր, մեկինը՝ Լիլիթ: Հիմա իրանք տունն են: Որ դուրս գանք՝ մեծանալու եմ, մաման իմ համար քսվելիք ա առնելու»: Սուսանիկի մայրն աշխատում է ազատության մասին քիչ երազել, քանի որ այդ դեպքում շատ դժվար է լինում սպասումը:

Դատվում են թիկունք չունեցողները

Մեր նախորդ համարի «Դատվում են թիկունք չունեցողները» հոդվածը 2 տարի եւ 6 ամսվա ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանի մասին էր, որի լուսանկարի փոխարեն սխալմամբ տպագրել ենք ուրիշ լուսանկարներ: «168 Ժամ» թերթը ընթերցողներից, ինչպես նաեւ՝ լուսանկարում պատկերված տղաներից ներողություն է խնդրում սխալմունքի համար, քանզի նկարում պատկերված տղաների նկարները նախատեսված չէին տպագրության համար: Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Արմեն Սարգսյանն իրականում այս տղան է: Նա մեկ շաբաթից ավելի է, ինչ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում: Արմենի ծնողներն անկողնային հիվանդներ են։ Նա ունի իրենից փոքր երկու եղբայր: Ապրում են սոցիալական ծանր վիճակում: Տղան ծնողներին կերակրելու համար 2004թ. գողացել էր հարեւանի օղեթուրման կաթսան եւ հանձնել էր ալյումինե ջարդոնների ընդունման կետ՝ դրա դիմաց ստանալով 2000 դրամ: Հարեւանը դիմել էր ոստիկանություն: Թեեւ Արմենը կաթսան հետո վերադարձրել էր հարեւանին, այնուամենայնիվ, Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքիյանը 2 տարի պայմանական եւ 20.000 դրամ տուգանք վճարելու դատավճիռ էր կայացրել: Արմենին տիկին Զաքիյանը պարբերաբար կանչել է դատարան եւ պահանջել է տուգանքը մուծել, այլապես «կնստացնի»: Սակայն տղան չի կարողացել գումարը հայթայթել: Տղային այնքան են սպառնացել, որ նա վախից նորից գողություն է արել, որպեսզի տուգանքը մուծի: Նա կրկին օղեթուրման կաթսա է գողացել: Արմենը դատապարտվել է 2 տարի եւ 6 ամսվա ազատազրկման: Տղան գտնվում է մեկուսարանում, իսկ հիվանդ ծնողներն ի զորու չեն նրան այցելել եւ որեւէ տեղեկություն չունեն Արմենից: Արմենն ընտանիքի միակ աշխատողն է եւ ասում է, որ առանց իրեն ծնողներն ու եղբայրները չեն գոյատեւի: Արմենն ընդունվել էր ուսումնարան, որպեսզի տրակտորիստ դառնար եւ աշխատանքի անցներ, միեւնույն ժամանակ՝ կրում էր թշվառության մեջ գտնվող ընտանիքին կերակրելու հոգսը:

«Երեք օր պահեցին քաղմասում, տանեցիներից լուր չունեի, դե մաման, պապան ծանր հիվանդներ են, ախպերներս էլ փոքր են: 450 դրամի ուտելիք էին տալիս, ես էլ քաղցրեղեն եմ սիրում, վաֆլի էի ուզում,- պատմում է Արմենը: -Հետո բերեցին Աբովյան, արդեն 6 օր ա, ստեղ եմ»: 6 օր մեկուսարանում գտնվող Արմենի ընտանիքը նրա մասին որեւէ տեղեկություն չունի: Ծնողները չգիտեն որդու գտնվելու վայրի եւ որպիսության մասին: Արմենի ուշքն ու միտքը ծնողներն ու եղբայրներն են: Իր բացակայությունը կարող է ողբերգական հետեւանք թողնել:

Հաճախ ենք լսում, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյայի որդին ծանրագույն հանցանքից խուսափում՝ ընդամենը հոր կողմից արվող մի զանգով: Իսկ Արմենի նմանները, որոնք ոչ մեծահարուստի տղա են, ոչ էլ բարձրաստիճան պաշտոնյայի, սոցիալական ծանր վիճակից դրդված՝ 2000 դրամանոց ալյումինե կաթսայի գողության համար տարիներ են անցկացնում բանտի պատերի ներսում: