Ահարոնը 10 տարեկան է: Սիրում է կարդալ, եւ ուսումնական բոլոր առարկաներն իր համար հետաքրքիր ու սիրելի են: Ահարոնը շտապում է, ցանկանում է միանգամից ամեն ինչ տեսնել ու սովորել: Ապրում է Կամոյի Հացառատ գյուղում, հիմա Երեւանում տատիկի հետ հարազատներից մեկի տանը ժամանակավոր հանգրվանել է, որպեսզի բժիշկներն իրեն օգնեն:
Ահարոնի տատիկն ասում է, որ մի քանի օր առաջ նա մտել է տուն ու լաց լինելով ասել է՝ «Չեմ ուզում դպրոց գնամ»: Ծնողներն ապշել են, որովհետեւ տղան շատ էր սիրում դպրոցը: Երկար համոզելուց հետո Ահարոնը կիսվել է ծնողների հետ, պատմել է, որ դասարանցիներն իրեն ծաղրում են, ասում են՝ «Հլը սրան նայեք, թե ոնց ա քայլում, չի կարում քայլի, ինվալիդ ա»: Ահարոնը մինչեւ հոգու խորքը վիրավորվել է ու, թեեւ դպրոցն անչափ սիրում է, բայց ամաչում է դասընկերներից: Ամեն ինչ անում է, որ «ինվալիդի» տպավորություն չթողնի, աշխատում է բոլորի պես նորմալ ու ձիգ քայլել, բայց մարմնի ցավը չի կարողանում հաղթահարել, ցավն ընկճում է, ֆիզիկապես կծկվում, մի բուռ է դառնում: 4 տարեկանում Ահարոնի ծնողները երեխայի քայլվածքի մեջ ծռվածություն են նկատել: Հացառատում բժշկի են տարել, կարծել են` նշիկներից է, բժիշկը հեռացրել է նշիկները, իսկ դրանից հետո ավելի է ծանրացել վիճակը: Քանի որ ծնողները շատ աղքատ ու անճարունակ են՝ երեխայի առողջական վիճակն անուշադրության են մատնել: Մտածել են՝ կանցնի: Ահարոնը մեծանալով է՛լ ավելի է վատացել: «Քայլելուց ոտքերը թուլանում են, չոքում, ընկնում ա»,- պատմում է Ահարոնի տատիկը՝ Վարդիթերը: Տիկին Վարդիթերն ասում է, որ երեխան գնալով վատանում է, մայրը ձեռքը բռնած տանում է դպրոց, նստացնում է դասարանում, որ ճանապարհին չընկնի: Ահարոնի մարմինն անսպասելիորեն անկառավարելի է դառնում, ոտքերը թուլանում են, ընկնում է գետնին, եւ երեխան վախից ու անկարողությունից բարձրաձայն լաց է լինում: «Երեկ, ձեռքը բռնած, շենքից իջնում էինք լիֆտով, որ գնայինք բժշկի: Լիֆտի մեջ երեխուս ոտերը ծալվեցին, ընկավ, սկսեց վախից լացել: Չեմ կարում նայեմ, թե երեխես ոնց ա ձեռից գնում, սիրտս մղկտում ա, չեմ դիմանում»,- արցունքը խեղդելով պատմում է Վարդիթեր տատիկը: Վերջապես ծնողները որոշել են՝ ինչ գնով էլ լինի՝ պարտքով, թե խնդրելով, երեխային տանել ստուգման: Հայրն Ահարոնին տարել է բժշկի: Վարդիթեր տատիկն ասում է, որ վերադարձել է տուն ու ոչինչ չի խոսել. «Չգիտեմ` իրան ինչ էին ասել, շատ-շատ էր ազդվել: Շատ տխուր ա, բերանը չի բացվում, որ խոսա: Էլ չկարեցավ երեխուն բերի Երեւան, ասեց` ես չեմ կարա, դրա համար էլ ես եմ բերել»:
3-րդ մանկական հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի բաժնի վարիչ Լաուրա Գուրգենովնան Ահարոնին ստուգելուց հետո հուզվել է, լաց լինելով՝ մի կերպ հայտնել է ախտորոշումը: Հիվանդության մասին պատմել է Ահարոնենց բարեկամ տիկին Գոհարին, ում տանը հյուրընկալել են Ահարոնն ու տատիկը: Տատիկին խնայել է, մտածել է՝ մեծահասակ կին է, չի դիմանա: Փոքրիկի մոտ բժիշկը շատ հազվագյուտ հիվանդություն է հայտնաբերել՝ մկանախտ: Մկանախտ հիվանդության ժամանակ քայքայվում են մարդու մկանները եւ այս հիվանդությամբ տառապում են մեծամասամբ երեխաները: Մկանախտը մաշում է մարդուն, մկանները բարակում են, աստիճանաբար մեռնում են մարդու մկանների բջիջները: Բժիշկը բացատրել է, որ երեխան կամաց-կամաց մարում է: Անբուժելի է… Տիկին Գոհարն ասում է՝ «Երբ գնացի հիվանդանոց` երեխան այնպես ուրախացավ, չէի պատկերացնում, որ իմ գնալն այդքան մեծ ուրախություն կպատճառեր նրան: Երեւի իրեն անտեր էր զգացել: Մենակություն էր ապրել, վախեցել էր: Ձեռքից բռնած՝ տուն էինք գալիս: Հասկանում էր, որ շատ տխուր եմ, չեմ կարողանում խոսել: Նայեց ինձ, ասաց. «Ես էլ չեմ լավանա՞»: Ի՞նչ պատասխանեի երեխային»: Տիկին Գոհարն ասում է, որ տուն գալուց հետո Ահարոնի մեջ չարություն, կամակորություն է նկատում: Ասում է՝ «Քանի մեր տանն է, ուզում եմ իր ուզած կերակուրը պատրաստեմ, որ գնաց տուն՝ ծնողները չեն կարող լավ կերակրել, շատ վատ են ապրում: Ոչինչ չի ուտում: Նյարդային է դարձել: Չի արտահայտվում, բայց հասկանում է, որ չեն կարող իրեն օգնել: Բժիշկն ասաց, եթե երեխան մրսի, անկողին ընկնի՝ էլ վեր չի կենա: Ասաց, որ լավ պիտի կերակրեն ու պիտի չմրսի, հակառակ դեպքում կմահանա: Լավ սնունդն ու տաքը նրան մի որոշ ժամանակ կպահի, բայց ամեն մի թեթեւ առիթի դեպքում երեխան կմարի: Ասում է, որ երեխայի վերջն է, կամաց-կամաց գնում է դեպի մահ»:
Վարդիթեր տատիկն ասում է, որ իրենց ցեղի մեջ այդ հիվանդությամբ մարդ չկա: «Տղես՝ Մարտինը երկրորդ կարգի հաշմանդամ ա: 1993 թվին ոտերի տակ ռումբը պայթել էր: Մի ոտի տակը լրիվ ցխվել էր: Օպերացիա արեցին, բայց ոտի տակը չկա, ինվալիդ ա»: Դրանից հետո Մարտինն ամուսնացել է, ունեցել է 2 երեխա՝ Ահարոնն ու նրա 4 տարեկան քույրը: Ահարոնի հոր ոտքը ցավից մրմռում է, ցավին չի դիմանում: «Ցավից ոռնում ա, արաղ ա խմում, որ չզգա: Արաղը խմում, սկսում ա, կռիվ անել, կնգան ծեծում ա: Քյավառը կարտոլով ա ապրում, բայց ինքը էդ կարտոլն էլ չի կարա ցանի: Տուն չունի, վարձով ա ապրում ցրտի, սովի մեջ: 30.000 դրամ թոշակով են ապրում…,- ասում է Ահարոնի տատիկը: -Ո՞նց պտի պահենք էրեխուն…»:
Ահարոնը մի քանի օր Երեւանում գտնվելով՝ կարոտել է քրոջը: Երեկ տիկին Գոհարի տան մի սենյակում կծկվելով՝ թաքուն զանգահարել է Քյավառի իրենց հարեւանին ու խնդրել է մորն ու քրոջը կանչել: Խոսել է նրանց հետ ու նեղվածությունը մի քիչ թեթեւացել է, թեեւ այլեւս չի դիմանում այստեղ, խեղդվում է հիվանդանոցների բժիշկների թաքուն փսփսոցից: Ուզում է տուն վերադառնալ…