Ամանորին մնացել է ընդամենը մի քանի օր, եւ արդեն քաղաքի փողոցներում նկատվում է աշխուժություն ու տոնական տրամադրություն: Նախատոնական օրերին Ղարաբաղում միշտ եռուզեռ է լինում. այստեղ մարդկանց որոշ մասը, օգտվելով տոնական զեղչերից, գնում են կենցաղային տեխնիկա (զեղչերի չափը կազմում է մոտ 5-15 տոկոս), մի մասն էլ սահմանափակվում է ամանորյա սեղանի համար անհրաժեշտ գնումներով: Ինչպես ամեն Նոր տարվա նախաշեմին, այս անգամ նույնպես բարձրացել են որոշ ապրանքների գներ:
Օրինակ, չգիտես ինչ տրամաբանությամբ՝ թանկացել է ձվի գինը, այն դեպքում, երբ անփոփոխ է մնացել հացահատիկի գինը: Ներկայումս խանութներում ձուն վաճառվում է 65-70 դրամով, իսկ շուկայում տնական ձուն արժե 100 դրամ: Խոզի միսն արժե 1800-2000 դրամ, իսկ տավարինը՝ 1300, հնդկահավի մեկ կիլոգրամը`1300-1500 դրամ: Ամանորի նախօրյակին կանաչեղենի գները նույնպես աճում են, հատկապես այն դեպքում, երբ ձյուն է տեղում. համեմն արժե 100-120 դրամ, կանաչ սոխը՝ 200-250 դրամ: Թանկացել են նաեւ մրգերը. խնձոր կարելի է գնել 300-500 դրամով, չմաքրած ընկույզը` 500 դրամով, բանանն արժե 700-800 դրամ, մանդարինը` 350-400 դրամ եւ այլն:
Ինչպե՞ս են տրամադրված ղարաբաղցիները, որքա՞ն գումար է անհրաժեշտ նրանց` Ամանորը դիմավորելու համար: Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Ստեփանակերտի փողոցներում կատարած հարցումների ժամանակ:
Արթուր Սարգսյան (35 տարեկան, փախստական). «Արդեն ութ տարի է, ապրում ենք Ստեփանակերտում, ասել է թե՝ ութ տարի է, Նոր տարին դիմավորում ենք այստեղ: Ճիշտ է, տարեցտարի ինչ-որ չափով աշխատավարձերը բարձրացնում են, բայց ներկայիս աշխատավարձը չի հերիքում նույնիսկ Նոր տարվա սեղանի համար: Ստանում եմ 55 հազար դրամ աշխատավարձ, որից պետք է մուծեմ կոմունալ պարտադիր վճարներ: Արդյունքում կմնա 40 հազար դրամ, որը, կարծում եմ, հազիվ կբավականացնի Նոր տարվա սեղանի համար, իհարկե, եթե հաշվարկները ճիշտ կատարես: Իսկ ի՞նչ անել, երբ պետք է շնորհավորել նաեւ երեխաներին, տան անդամներին ու բարեկամներին: Ի՞նչ արած, պետք է հարմարվենք ու գնումներ կատարենք եղած գումարներով, այլ կերպ հնարավոր չէ»:
Սվետլանա Գրիգորյան (68 տարեկան, թոշակառու). «Իհարկե, ուրախալի է, որ մարդիկ հնարավորություն ունեն դիմավորել Նոր տարին, բայց ցավալի է նաեւ այն, որ դեռեւս կան այնպիսի մարդիկ, ովքեր այդ օրը նշելու հնարավորություն չունեն: Խոսքս միայնակ ծերերի ու թոշակառուներից բաղկացած ընտանիքների մասին է: Հասկանալի է, որ ստացած թոշակով չես կարող տոնական սեղան գցել, առավել եւս` ճոխ, քանի որ միջին թոշակը կազմում է 8-10 հազար դրամ, ինչը նույնիսկ չի հերիքում կոմունալ վճարների մարմանը: Գուցե՞ արժե մի քիչ էլ այս ուղղությամբ մտածել: Ինչ վերաբերում է մեր ընտանիքին, ասեմ, որ ես ու ամուսինս թոշակ ենք ստանում (շուրջ 24 հազար): Բացի այդ, մեզ օգնում են նաեւ մեր որդիները, որոնք ապրում են Ռուսաստանում: Նրանց ուղարկած գումարներով կարողանում ենք նորմալ դիմավորել Ամանորը, որի համար պահանջվում է 60-70 հազար դրամ:
Արմինե Ավանեսյան (27 տարեկան, մանկավարժ). «Ամանորը դա միակ տոնն է տարվա մեջ, երբ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի սեղանը ինչքան հնարավոր է ճոխ լինի: Դա ողջունելի է, սակայն տոնը` ոչ միայն լավ սեղանն է, այլեւ բարձր տրամադրությունը, ինչպես ասում են` հոգու տոնը: Կարեւորը առօրյա հոգսերից անջատվելն է` գոնե մի քանի օրով: Այդ դեպքում կարելի է համարել, որ տոնը նշվել է պատշաճ կերպով: Ինչ վերաբերում է իմ տրամադրվածությանը, ասեմ, որ միշտ էլ մեծ ոգեւորությամբ եմ պատրաստվում Նոր տարուն: Հարազատներիս ու ընկերուհիներիս համար կատարել եմ ամանորյա գնումներ, իսկ Նոր տարվա գիշերը կանցկացնեմ ընկերական շրջապատում եւ, կարծում եմ, հետաքրքիր կանցկացնենք»:
Դիմա Սահակյան (8 տարեկան, աշակերտ). «Հիշում եմ, երբ Սանկտ Պետերբուրգում մանկապարտեզ էի հաճախում, շատ հետաքրքիր էր անցնում Ամանորը: Մեր թաղամասի պատգամավորը մեզ բաժանեց ամանորյա նվերներ, այնուհետեւ նա մեզ հրավիրեց «Սառցե պալատ» կոչվող վայրը, որտեղ դիտեցինք շոու ծրագիր: Քաղաքի փողոցներով շրջում էին տարբեր հերոսների դիմակներ հագած մարդիկ`ուրախացնելով ու զվարճացնելով մարդկանց: Բոլորն ուրախ էին` թե մեծ, թե փոքր: Անցյալ տարի Ամանորը դիմավորեցինք այստեղ. զարդարեցինք եղեւնին, ստացա այն նվերները, որոնց մասին գրել էի Ձմեռ պապիկին ուղղված նամակում, բայց, միեւնույն է, չկար այն հետաքրքրությունը, ինչ Սանկտ Պետերբուրգում էր, որովհետեւ դպրոցում չկազմակերպվեց որեւէ միջոցառում, նույնիսկ մեր նվերներ ստանալու պահին: Այդ ամենից ես հիասթափվեցի եւ նորից ցանկություն ունեցա գոնե մեկ օրով հայտնվել Սանկտ Պետերբուրգում: Իսկ թե ինչպես կլինի այս տարի՝ դեռ չգիտեմ: Երեւի ամեն ինչ կախված կլինի մեր ավագ սերնդից, ովքեր պետք է անեն հնարավորը` Նոր տարին հետաքրքիր դարձնելու համար»: