Երեւանի Մամուլի ակումբի (Հայաստան), «Ենի նեսիլ»-ի (Ադրբեջան) եւ «Black Sea Press» ընկերակցության (Վրաստան) լրագրողների միավորման եւ «Եվրասիա» հիմնադրամի կողմից ուսումնասիրություն է իրականացվել «Հասարակությունը եւ Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ները. տարածաշրջանային հիմնախնդիրների փոխընդունելի լուծումների փնտրում» նախագծի շրջանակներում:
Նախագծի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում համագործակցության, կոնֆլիկտային հարցերի լուծումների համար վստահելի մթնոլորտի եւ բարենպաստ ինֆորմացիոն դաշտի ձեւավորումն է: Ուսումնասիրությունների համար ընտրվել են հետեւյալ թերթերը` «Ազգ», «Առավոտ», «Գոլոս Արմենիի» (Հայաստան), «Զերկալո», «Էխո», «525-րդ» (Ադրբեջան), «Ախալի Թաոբա», «24 սաաթի», «Ազատ Վրաստան» (Վրաստան): Մասնավորապես, ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտել յուրաքանչյուր երկրի մամուլի կողմից հարեւան 2 երկրներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման նույնականության աստիճանը, պարզել փաստերի ոչ ճշմարտացի արտահայտման դեպքեր, ինչպես նաեւ պատահաբար կամ դիտավորյալ օգտագործված կարծրատիպեր, որոնք նպաստել են թշնամու կերպարի ձեւավորմանը եւ բացասական արձագանք են առաջացրել հարեւան երկրում:
Փորձագետների կարծիքով` ուսումնասիրությունը ցույց է տվել մեկ ընդհանուր թերություն. լուսաբանումը ճիշտ ժամանակին եւ միանման ձեւով չի արտահայտում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական մամուլն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Վրաստանի եւ Հայաստանի նկատմամբ, քան վերջիններս` իրենց հարեւանի: Փորձագետները գրանցել են նաեւ փաստերի կեղծ արտահայտման դեպքեր: Բացասական մթնոլորտ առաջացնող ամենացայտուն արտահայտությունները գրանցվել են ադրբեջանական մամուլում: Մասնավորապես, «հայկական անջատողականներ», «ղարաբաղյան անջատողականներ», «անջատողական ռեժիմ» արտահայտությունները ադրբեջանական թերթերում ուսումնասիրվող ժամանակահատվածում հրապարակվել են 227 անգամ: Իրենց հաճախականությամբ երկրորդ տեղում «զավթված հողեր», «Ղարաբաղի զավթում» բառակապակցություններն են, իսկ երրորդ տեղում` չակերտների մեջ օգտագործված «հայկական ցեղասպանություն» արտահայտությունը: Հայկական մամուլում Ադրբեջանի նկատմամբ ամենահաճախակի հրապարակված «պիտակները» «ադրբեջանական վանդալիստներ», «ադրբեջանական բարբարոսներ» արտահայտություններն են, որոնք ամենաշատն օգտագործվել են «Գոլոս Արմենիի»-ում: Ուսումնասիրության ընթացքում ադրբեջանցի մեկնաբանը վրացական մամուլում ադրբեջանցիների համար անընդունելի արտահայտություններ չի հայտնաբերել: Իսկ հայ մեկնաբանի կարծիքով, վրացական թերթերն օգտագործել են հայերի համար հետեւյալ անընդունելի բառակապակցությունները` «Ղարաբաղի զավթում», «բռնազավթված տարածքներ», «հայ անջատողականներ», «Ջավախեթիի անջատողականներ»:
Ուսումնասիրության ժամանակահատվածում ադրբեջանական թերթերում հայերի կողմից գրանցվել են հետեւյալ անընդունելի կարծրատիպերը` «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անվիճելի տարածքն է», «Հայաստանը միակողմանիորեն խախտում է միջազգային նորմերը», «Զինադադարի ռեժիմի խախտման հնարավորությունը եւ ռազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանի կողմից արդարացված է», «հայերը թշնամիներ են» եւ այլն: Ադրբեջանցի մեկնաբանները հայկական մամուլում նշել են հետեւյալ հաճախ հանդիպող անընդունելի կարծրատիպերը` «Ադրբեջանում հայերի ցեղասպանություն», «Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի թշնամիներն են», «Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է», եւ «Ադրբեջանը բռնազավթում է հայերով բնակեցված տարածքները»:
Վրացիներն ադրբեջանական մամուլում նշում են հետեւյալ անընդունելի կարծրատիպերը` «Վրաստանի իշխանությունները վարում են ազգային փոքրամասնություններին ճնշելու քաղաքականություն»: Վրացական կողմի համար անընդունելի է հայկական մամուլում հանդիպող հետեւյալ կարծրատիպը` «Վրաստանում անբարյացակամորեն են վերաբերվում հայերին (հայկական մշակույթին), հայոց եկեղեցուն»:
Ադրբեջանցի եւ հայ մեկնաբանները վրացական մամուլում չեն նկատել շատ թե քիչ հաճախ հանդիպող կարծրատիպեր, որ անընդունելի են իրենց համար:
9 ամիսների ընթացքում տարված ուսումնասիրությունների արդյունքներն ի մի բերելով` ամենից առաջ պետք է նկատել, որ հարեւան երկրների հետ կապված բացասական դրսեւորումները հիմնականում տեղ են գտել հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Երկուսն էլ միմյանց նկատմամբ ագրեսիվություն եւ անբարյացակամություն են ցուցաբերում: Այս իմաստով նրանց վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ ավելի կոռեկտ է: Իր հերթին վրացական մամուլը «պատասխան» կոռեկտություն է ցուցաբերում իր երկու հարեւանների նկատմամբ, թեեւ, մյուս կողմից, առանձնապես մեծ հետաքրքրություն էլ չի դրսեւորում:
Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադարձություններն ավելի լայնորեն են լուսաբանվում ադրբեջանական մամուլում: Բայց հենց նրանց մոտ է գրանցվել խեղաթյուրված փաստերի, անընդունելի կարծրատիպերի եւ նյութերի ամենամեծ թիվը: