Երեւանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) այսօր կարելի է համարել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հաստատություններից մեկը: Բացի այն, որ ողջ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացումը կախված է համալսարանի տված մասնագետների որակից, ԵՊԲՀ-ն երկրի տնտեսության զարգացմանն իր ուղղակի մասնակցությունն ունի:
Միջազգային պայմանագրերի համաձայն` այսօր բուհում սովորում են մոտ 1800 արտասահմանցի ուսանողներ: ԵՊԲՀ-ի դիպլոմը կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Համալսարանն ունի նաեւ առանձնահատուկ կրթական համակարգ: Այս եւ այլ հարցերի շուրջ ցանկանում էինք զրուցել համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի հետ, սակայն վերջինս հրատապ գործերի պատճառով չկարողացավ պատասխանել մեր հարցերին: Այդ պատճառով զրուցեցինք ԵՊԲՀ ուսումնական բաժնի պետ Գեորգի Ադամյանի հետ:
Արտասահմանցի ուսանողների փողերը
Համալսարանն այսօր միջազգային պայմանագրեր ունի կնքած Հնդկաստանի, Իրանի, Սիրիայի հետ: Այդ երկրներից սովորելու եկած ուսանողները ԵՊԲՀ-ում մեծ թիվ են կազմում: Սակայն առանձին երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի, Հունաստանի, Նեպալի, Մալազիայի, Ռուսաստանի, Վրաստանի քաղաքացիներ նույնպես սովորում են բուհում: Մասնավորապես, Չինաստանի ու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանում բժշկական ուսուցում են ստանում նաեւ չինացիներ: Բնականաբար, արտասահմանցի ուսանողների ուսման վարձերի չափը տարբերվում է տեղացիներից: Գ. Ադամյանը մեզ ներկայացրեց համալսարանի ռեկտորատի 2005թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ 2005-2006թթ. ուս. տարում արտասահմանցիների համար սահմանված վարձավճարների մեծությունը: Առաջին կուրս ընդունված հայերեն եւ ռուսերեն լեզուներով սովորող հայազգի օտարերկրյա ուսանողների համար բուժական, ստոմատոլոգիական ֆակուլտետներում վարձավճարը 800 հազար դրամ է, դեղագիտական ֆակուլտետում՝ 580 հազար դրամ, ինչը հավասար է տեղացի ուսանողների ուսման վճարին: Անգլերեն եւ ռուսերեն լեզուներով սովորող օտարազգի եւ անգլերենով սովորող հայազգի ուսանողների համար ընդհանուր բժշկության ֆակուլտետում 1 մլն 250 հազար դրամ է, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 1 մլն 400 հազար դրամ, դեղագիտական ֆակուլտետում՝ 1 մլն դրամ: Ընդ որում, ոչ ռեզիդենտ ուսանողների ուսման վարձաչափը սահմանվում է համաձայն նրանց հետ կնքված պայմանագրերի: Սակայն 2-րդ եւ բարձր կուրսերի արտասահմանցի ուսանողների ուսման վարձաչափը փոփոխման չի ենթարկվել, որովհետեւ դրանք գնանշված են եղել դոլարով: Իսկ քանի որ «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն, որն ուժի մեջ է մտել հունիսից, բուհերի ուսումնական վարձերը նույնպես գնանշվելու եւ գանձվելու են միայն ՀՀ դրամով, ապա դոլարով արտահայտված վարձերը հաշվվել են դրամով եւ մնացել անփոփոխ:
Ներկայացնելով մոտ 1800 օտարերկրացի ուսանողների վարձավճարների մասին այս պատկերը, հասկանալի է դառնում, թե ինչ հսկայական գումարներ են այս ճանապարհով ամեն տարի մտնում Հայաստան: Տեսականորեն ֆինանսների նման ներհոսքը նպաստում է երկրի Համախառն ներքին արդյունքի ստեղծմանը, այն է՝ տնտեսական աճին: Իսկ կոնկրետ ինչի՞ վրա են ծախսվում այս գումարները: «Քանի որ Բժշկական համալսարանը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, ապա արտասահմանցի ուսանողների մուծած ուսման վարձերը պետության թույլտվությամբ կարող են ծախսվել համալսարանի կարիքները հոգալու համար՝ աշխատավարձեր, կրթաթոշակներ, սարքավորումներ, վերանորոգման եւ հանրակացարանների պահպանման աշխատանքներ եւ այլն: Բացի այդ, ԵՊԲՀ-ն համարվում է խոշոր հարկատու, պետական բյուջե է մուծում մոտ 300 հազար դոլար»,-ասում է Գ. Ադամյանը:
Յուրօրինակ կրթական համակարգ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ԵՊԲՀ-ը ներդրել է վարկանիշային համակարգ: Վերջինիս էությունը հետեւյալն է: Ուսանողը դասախոսություններին եւ գործնական պարապմունքներին մասնակցելիս որոշակի վարկանիշ է ձեռք բերում, որի հիման վրա վաստակում է որոշակի միավորներ: Բացի այդ, առանձին առարկաներից նա ժամանակ առ ժամանակ հանձնում է որոշակի բաժիններ, բալային տեսքով ստանում է գնահատականներ, որը վեր է ածվում վարկանիշի: «Փորձը ցույց է տվել, որ ուսանողների 40-50%-ը, երբեմն նույնիսկ 80%-ն ընդհանուր վարկանիշի հիման վրա ազատվում են քննություններից»,- ընդգծում է Գ. Ադամյանը: ԵՊԲՀ-ն պատրաստվում է ներդնել նաեւ ուսուցման կրեդիտային համակարգ: Այն ենթադրում է գործընթացում ներգրավված բոլոր պետություններում միանման կրթական համակարգ ստեղծել: Համակարգում գնահատականներ չեն արտացոլվում, այլ տվյալ առարկայի ժամաքանակի հետ կապված՝ որոշակի կրեդիտներ են հատկացվում: Իսկ քանի որ դրանք համընդհանուր են շատ երկրներում, հետեւաբար ուսանողը կարող է ազատ տեղաշարժվել, օրինակ, 3-րդ կուրսից ուսումը շարունակել Ֆրանսիայի բուհերից մեկում: Եթե ուսանողի կրեդիտը չի համապատասխանում, նա կարող է չընդունվել այլ բուհ: Գ. Ադամյանի հավաստմամբ՝ այս գործընթացը դեռ նոր է արմատավորվում հանրապետությունում: «Կրթության եւ գիտության նախարարությունը նույնպես շահագրգռված է, որ Հայաստանի բոլոր բուհերում ներդնի այս համակարգը»,- ասում է նա:
Ռազմական բժիշկներ
Արդեն 6 տարի է, ինչ ԵՊԲՀ-ում գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը, որն ունի միայն «բուժական գործ» մասնագիտություն: Ֆակուլտետն ազգային բանակի համար պատրաստում է բարձր որակավորման բժիշկ-սպաներ: 6 տարի սովորելուց հետո շրջանավարտները փորձում են ձեռք բերել մասնագիտացում: Ուսման ժամկետը տարբեր մասնագիտացումների գծով տարբեր է՝ 1-4 տարի: Օրինակ, նեյրովիրաբույժները սովորում են եւս 4 տարի: ՀՀ Պաշտպանության ու Կրթության եւ գիտության նախարարությունները համատեղ ամեն տարի 30-40 անվճար տեղեր են սահմանում այս ֆակուլտետի համար: Գ. Ադամյանի խոսքերով, դիմորդները հանձնում են ընդհանուր ընդունելության քննությունները, սակայն կան նաեւ հատուկ հանձնաժողովներ, օրինակ՝ հոգեբանական, որտեղ դիմորդներն առանձին քննություններ են տալիս:
Թերի որոշում
Կառավարության որոշմամբ՝ բոլոր բուհերի խորհուրդների ձեւավորման կարգը ենթարկվել է փոփոխության: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր բուհական խորհրդի կազմում պետք է լինի 24-32 անդամ, ընդ որում, նրանց 25%-ը պետք է բաղկացած լինի տվյալ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, 25%-ը՝ ուսանողության, 25%-ը՝ Կրթության եւ գիտության նախարարության եւ 25%-ը՝ կառավարության ներկայացուցիչներից: Այս խորհրդի իրավասության մեջ է մտնում նաեւ բուհի ռեկտորի ընտրությունը, որի տարիքը չպետք է գերազանցի 65 տարեկանը: Այսօր ՀՀ մի շարք բուհերի, այդ թվում՝ ԵՊԲՀ ռեկտորների, տարիքը գերազանցում է այս շեմը, ուստի նոր ռեկտորի ընտրություն է սպասվում նաեւ Բժշկական համալսարանին: «Ես գտնում եմ, որ այս որոշումը լի է մի շարք թերություններով: Մասնավորապես, նախկին կանոնակարգով խորհրդի կազմը ձեւավորվում էր տվյալ բուհի աշխատողների 10%-ով: Մենք ունեինք 2000 աշխատողներ, որոնց 10%-ը կազմում էր մինչեւ 200 հոգի: Իսկ 200 մարդու կողմից ռեկտորն ընտրվում է ավելի դեմոկրատական սկզբունքներով, քան 30-ի կողմից»,- ասում է Գ. Ադամյանը: Նա մեծ թերություն է համարում նաեւ ռեկտորի տարիքային սահմանափակումը: «Կարեւորը ոչ թե տարիքն է, այլ աշխատանքը, հատկապես, երբ 70-75 տարեկան ռեկտորի օրոք բուհը ծաղկում է եւ շարունակում է հեղինակություն ձեռք բերել»,- գտնում է Գ. Ադամյանը:
Կաշառակերություն
Գաղտնիք չէ, որ ԵՊԲՀ-ի, ինչպես հանրապետության մյուս բուհերի շատ դասախոսներ անմասն չեն քննությունների ընթացքում կաշառակերության գործընթացից: Մեզ հետաքրքրում էր, թե ինչ քայլեր է ձեռնարկում բուհը հիմնախնդիրը մեղմացնելու նպատակով: Այս ուղղությամբ բուհի ամենամեծ ձեռքբերումը Գ. Ադամյանը համարում է վարկանիշային համակարգի ներդրումը: Նրա խոսքերով՝ բոլոր քննություններն անցկացվում են հսկողության ներքո եւ ուսանողների ահազանգերը հասցվում են ընդհուպ մինչեւ ռեկտորատին: Բացի այդ, համալսարանում 3 եւ ավելի տարիներ աշխատած պաշտոնատեղի հավակնորդի համար ներկայացվում են նաեւ ուսանողների կողմից նրա մանկավարժական գործունեության գնահատման սոցիոլոգիական հարցման արդյունքները: Եթե դրանք անբավարար են, ապա օրինակ, ամբիոնի վարիչը չի կարող վերընտրվել: «Եվ ավելին, մեր դասախոսները վճարովի ուսուցման ֆոնդից լավ վարձատրվում են, ուստի գտնում եմ, որ այս հանգամանքն էլ նպաստում է կոռուպցիայի մեղմացմանը»,- ասում է Գ. Ադամյանը: