Թռչնագրիպը մեզ չի սպառնում

31/12/2005 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ողջ աշխարհում գրիպից մահացությունը կազմում է 2-3%։ Հայաստանում, մասնավորապես Երեւանում, գրիպի համաճարակ արձանագրված չէ, սակայն Երեւանի Հակահամաճարակային տեսչության գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների մոնիտորինգի համաձայն, հիվանդության նախորդ շաբաթվա ցուցանիշներն` անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, աճի միտում ունեն։ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վիրուսային հիվանդությունների (ՍՇՎՀ) թիվը հասնում է մոտ 6000-ի։

Տարածաշրջանում այսօր «շրջանառության» մեջ է A տիպի գրիպի վիրուսը, որի դեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր տարի մշակում է համապատասխան վակցինա։ Օդակաթիլային ճանապարհով արագ փոխանցվող վիրուսի դեմ պայքարի միջոցառումների նպատակով Առողջապահության նախարարությունն արդեն ձեռք է բերել 200 մլն դրամի պատվաստանյութ։ Եռավալենտ ինֆլյուվակ կոչվող պատվաստանյութը հանրապետություն է ներկրել «Նատալի» դեղագործական ընկերությունը։ Ընկերության մենեջերի խոսքերով, «Սոլվեյ» ֆիրմայի բարձրորակ պատվաստանյութը ներկրվել է պետական կարիքների համար՝ 48.000, իսկ ազատ վաճառքի համար` 5000 դոզաչափով, որն անցյալ տարվա համեմատ մոտ 10 անգամ ավելի է, ինչը պայմանավորված է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում բնակչության հակագրիպային միջոցառումների ակտիվությամբ։

Ինֆլյուվակ պատվաստանյութը (նիդեռլանդական արտադրության) այս շաբաթվա ընթացքում Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության «Փորձագիտական կենտրոն» կազմակերպության միջոցով կբաշխվի տարածքային բուժկանխարգելիչ հիմնարկություններին, որոնք էլ պետպատվերի շրջանակներում ռիսկային խմբերում կիրականացնեն կանխարգելիչ միջոցառումներ։ Ռիսկային խմբի մեջ մտնում են հատուկ կրթական կազմակերպություններ հաճախող երեխաները, մանկատան սաները, 7 տարեկան երեխաները, ծերանոցի բնակիչները, թռչնաբուծարանի աշխատակիցները եւ միայն Երեւան քաղաքի տրանսպորտի ոլորտի աշխատակիցները։ Ահազանգող եւ վերջին շրջանում առավել շրջանառվող խոսակցության թեմա հանդիսացող թռչնագրիպի դեմ դեռեւս պատվաստանյութ գոյություն չունի։ Այն ստեղծելու փորձարկումները կատարում են Լոնդոնի եւ ՌԴ-ի Տարասեւիչի կենտրոնի գիտնականները։ Սակայն թռչնագրիպի դեմ մինչ օրս ամենաարդյունավետ դեղամիջոցի՝ տամիֆլյուի քանակություն (մոտ 20) Առողջապահության նախարարությունը (ԱՆ) նույնպես պահեստավորել է։ ԱՆ հիվանդությունների հսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն, Իմունիզացիայի ծրագրի ղեկավար Շիրակ Սուքիասյանի հավաստմամբ, թեպետ թռչնագրիպը մեզ չի սպառնում, սակայն շատ լուրջ վերահսկողության աշխատանքներ են տարվում ինչպես ներկրվող թռչնամսի, այնպես էլ ներհանրապետական թռչնաբուծարանների արտադրանքի առումով։