Դեկտեմբերի 26-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում ցուցադրվեց Համաշխարհային բանկի պատվերով «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Մի սեփականաշնորհման պատմություն» տեսաֆիլմը։ Այն ներկայացնում է անկախությունից ի վեր Հայաստանի էներգետիկայի բնագավառում կատարված բարեփոխումները, որոնք զերծ չեն եղել ցնցումներից, հին ու նոր մտածողության բախումներից, ինչպես նաեւ` կարծրացած համակարգի դիմադրությունից։
«Հայաստանն էներգետիկ ռեֆորմների մի փուլ ապրեց, եւ այժմ այս նոր փուլի սկզբին արժեր վերլուծել անցյալի դասերը»,- Համաշխարհային բանկի ենթակառուցվածքների գլխավոր մասնագետ Գեւորգ Սարգսյանի բնորոշմամբ` ֆիլմը օգտակար դաս կարող է լինել այն երկրների համար, որոնք անցնում են կամ դեռ նոր պետք է անցնեն այն ճանապարհը, որը մենք հաղթահարել ենք ոչ հեռավոր անցյալում:
«Մի սեփականաշնորհման պատմությունն» արխիվային հարուստ ինֆորմացիա է պարունակում, որ կօգնի սերունդներին ճշգրիտ կերպով պատկերացնելու նորանկախ Հայաստանի առաջին տարիների իրավիճակը: «Սա մեր ժողովրդի հավատի եւ ուժի մասին է, առանց որի ոչ մի կառավարություն ի զորու չէր լինի հաղթահարել այն ճգնաժամը, որում հայտնվել էինք»,- գնահատեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Իսկ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցանկացավ, որ ամեն տարվա վերջին կարողանանք նման գոնե մեկ արժեքավոր գործով ներկայանալ, որից օրինակ կքաղեն նրանք, ովքեր դեռ ճգնաժամ են ապրում կամ դրա հաղթահարման փուլում են:
«Մի սեփականաշնորհման պատմություն» տեսաֆիլմը, որն առաջիկայում կցուցադրվի «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում, պատրաստել են սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը, ռեժիսոր Արա Շիրինյանը, օպերատորներ Սուրեն Տեր-Գրիգորյանն ու Մկրտիչ Մալխասյանը:
Տեսաֆիլմն արդեն ցուցադրվել է Համաշխարհային բանկի Վաշինգտոնի կենտրոնակայանում, իսկ գալիք տարվա մայիսին կցուցադրվի նաեւ Վաշինգտոնում կայանալիք Էներգետիկայի միջազգային ֆորումի մասնակիցների համար: