2006 թվականը՝ փոխատեղումների տարի

31/12/2005 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այս տարվա նախատոնական օրերը, քաղաքական առումով, սկզբունքորեն տարբերվում են նախորդներից, քանի որ՝ ա) նախընտրական տարի է, բ) արեւմտյան տարբեր ուժերի բնութագրմամբ՝ «հարմար» տարի է ԼՂՀ հիմնախնդիրը լուծելու համար, գ) hունվարի 1-ից թանկանում է գազի գինը, ինչը միանգամից կարող է սրել հանրապետության համեմատաբար կայունացող սոցիալական վիճակը:

Անցնող տարվա վերջին հոդվածը կարելի է համարել խաղի միաժամանակյա սեանս, որտեղ աշխարհաքաղաքական ուժերը՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Իրանը միաժամանակ ավելի քան 20 խաղատախտակների առջեւ մրցելու են

Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի հետ:

Եվ այսպես.

1-ին խաղատախտակ – ՀՀԿ

Դեկտեմբերի 17-ի համագումարում, ՀՀԿ-ն բոլորին հասկացրեց, որ սկսում է իր նախընտրական պայքարը: Ընդ որում, ՀՀԿ-ն պատրաստվում է գնալ ընտրությունների միայնակ եւ հավաքել նախորդ ընտրություններից ոչ պակաս ձայն: Ենթադրվում է, որ այս անգամ էլ կկայանա Սերժ Սարգսյան – ՀՀԿ դաշինքը: Սակայն այստեղ կա մեկ բայց… Այս անգամ, ի տարբերություն 2002-ի, խաղի մեջ են մտնում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Սամվել Բաբայանի «Դաշինքը», Կարեն Կարապետյանի «Ժողպատգամավորը»: Եվ եթե մինչ օրս ՀՀԿ-ն պայքարել է հիմնականում համամասնական տեղերի համար, քանզի մեծամասնական ընտրատարածքներում գրեթե որեւէ խնդիր չի ունեցել, ապա 2007թ. նրանք ստիպված կլինեն պայքարել արդեն երկու ֆրոնտով՝ եւ համամասնական, եւ մեծամասնական:

Ուժեղ կողմերը՝ Սերժ Սարգսյանի ֆիգուրը, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական հոտառությունը եւ պրագմատիզմը, ադմինիստրատիվ ռեսուրսը, քաղաքական պայքարի մեծ փորձը։

Թույլ կողմերը՝ իշխանական կուսակցություն, ներկուսակցական խնդիրներ, թույլ PR աշխատանքներ, հնարավոր «առնետավազք», սեփական լրատվամիջոցների բացակայություն։

2-րդ խաղատախտակ – «Օրինաց երկիր» կուսակցություն

Կոալիցիոն կուսակցություններից «Օրինաց երկիրն» առաջինը սկսեց նախընտրական պայքարը, ընդ որում, հիմնականում հենց իր կոալիցիոն գործընկերների դեմ: Հաշվի առնելով հանրաքվեից հետո ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի կատարած քայլերը, կարելի է եզրակացնել, որ հետագայում հնարավոր է ՕԵԿ-ի սերտ համագործակցությունը ինչպես ընդդիմադիր, այնպես էլ նորաստեղծ որոշ կուսակցությունների հետ (ելնելով վերջերս կայացած Արթուր Բաղդասարյան-Սամվել Բաբայան հանդիպման փաստից): Սակայն, եթե 2002թ. ՕԵԿ-ը կարողացավ ԱԺ ընտրություններում «պոկել» մեծամասնական մի քանի տեղեր, ապա այս անգամ, թերեւս, դա նրանց չհաջողվի:

Ուժեղ կողմերը՝ աշխարհաքաղաքական որոշ ուժերի աջակցություն, գրագետ պոպուլիզմ, ճիշտ PR աշխատանք, համեմատաբար կազմակերպված կառույցներ։

Թույլ կողմերը՝ իշխանական կուսակցություն, կուսակցականների շինծու համալրում, ցանկացած ժամանակ՝ հնարավոր մեծաքանակ «առնետավազք», կադրային թույլ ռեսուրս, վճռականության պակաս, կոմպրոմատի առկայություն, սեփական լրատվամիջոցների բացակայություն։

3-րդ խաղատախտակ – ՀՅԴ

Տեսնելով, որ առաջիկա նախընտրական պայքարում հետ է ընկնելու իր գործընկերներից, կուսակցության առաջնորդներից մեկը՝ Հրանտ Մարգարյանը երկրում տիրող անարդարությունների մասին պատմող «բաց նամակ» ուղղեց Ռոբերտ Քոչարյանին: Փորձը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն ընտրություններում կարողանում է հավաքել 8-10% ձայն: Գիտակցելով, որ մեծամասնական ընտրապայքարում իրենք չեն կարողանում ձայներ հավաքել, ամեն ինչ արեցին, որպեսզի այս ԱԺ-ն ընդունի նոր Ընտրական օրենսգիրք՝ ավելացնելով համամասնական տեղերը: ՀՅԴ-ն, ինչպես ՕԵԿ-ը, կփորձի համագործակցել նորաստեղծ եւ ընդդիմադիր որոշ ուժերի հետ:

Ուժեղ կողմերը՝ աշխարհաքաղաքական որոշ ուժերի աջակցություն, որոշակի կայուն ընտրազանգված, գաղափարական որոշակի հենք, քաղաքական պայքարի մեծ փորձ, գաղափարական ֆանատիզմ:

Թույլ կողմերը՝ իշխանական կուսակցություն, կարծրացած գաղափարախոսություն, չկատարված խոստումներ, կոմպրոմատի առկայություն:

4-րդ խաղատախտակ – ՀԺԿ

Ակնհայտ է, որ ՀԺԿ-ն այս անգամ ընտրությունների է գնալու մենակ: Անշուշտ, այս պարագայում Ստեփան Դեմիրճյանն այլեւս չի ունենա այնքան ձայն, որքան ուներ «Արդարություն» դաշինքը 2002թ., քանզի ընդդիմադիր քաղաքական դաշտում եւս ձայները կկիսվեն: Սակայն բոլորն էլ հասկանում են, որ հանուն «ժողովրդավարության», միեւնույն է, ընդդիմությանը նոր ԱԺ-ում որոշ տեղեր, այսպես թե այնպես, պետք է հատկացնել:

Ուժեղ կողմերը՝ Կարեն Դեմիրճյանից մնացած ՀԺԿ-ի վարկանիշը, ընդդիմադիր կուսակցություն լինելը, որոշակի կայուն ընտրազանգված ունենալը։

Թույլ կողմերը՝ գաղափարախոսության եւ փորձի իսպառ բացակայություն, քաղաքական առումով ստատիկ առաջնորդ։

5-րդ խաղատախտակ – «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցություն

«ԱՄ»-ն փորձելու է առաջնորդվել 2002թ. խաղի իր կանոններով: Այսինքն՝ որոշակի տոկոս հավաքել եւ այդքանով բավարարվել: Համենայնդեպս, այն պասիվությունը, որ Արտաշես Գեղամյանը ցուցաբերում է 2004թ. ապրիլ ամսից հետո, գալիս է հաստատելու վերոնշյալ միտքը:

Ուժեղ կողմերը՝ գրագետ պոպուլիզմ, ընդդիմադիր կուսակցություն լինելը, որոշակի կայուն ընտրազանգված, քաղաքական պայքարի մեծ փորձ, խարիզմատիկ առաջնորդ ունենալը:

Թույլ կողմերը՝ պասիվություն (թվացյալ ակտիվություն), առաջնորդի տարիքը, մի ճամբարից մյուս ճամբար հաճախակի անցումները, կուսակցության եւ առաջնորդի գերագնահատված ամբիցիաները։

6-րդ խաղատախտակ – ՀՀՇ

Երկար տարիների լռությունից եւ պասիվությունից հետո (հատկապես` վերջին միտինգներում), ՀՀՇ-ն բավական ակտիվացավ: Եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների գործունեության «շնորհիվ» հայկական մենթալիտետին բնորոշ նոստալգիկ տրամադրությունները, ապա ՀՀՇ-ի առջեւ ինչ-որ հորիզոններ կարող են բացվել:

Ուժեղ կողմերը՝ ընդդիմադիր կուսակցություն, ինտելեկտուալ պոտենցիալ, որոշակի կայուն ընտրազանգված, քաղաքական պայքարի փորձ, խարիզմատիկ առաջնորդ, աշխարհաքաղաքական որոշ ուժերի աջակցություն։

Թույլ կողմերը՝ պասիվություն, հիշողություններ մութ եւ ցուրտ տարիների մասին, ներկուսակցական պառակտումներ:

7-րդ խաղատախտակ – «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցից պարզ է դառնում, որ իշխանական թեւը պատրաստվում է ստեղծել երկրորդ հզոր բուրգը: Այս կուսակցությունը կփորձի ԱԺ-ում մեծամասնական մի քանի տեղեր վերցնել այդ դաշտի հիմնական խաղացողներից:

Ուժեղ կողմերը՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ, Կոտայքի մարզում հաջողված փորձի մոդել, առաջնորդի՝ բարեգործի իմիջը:

Թույլ կողմերը՝ նվազ քաղաքական փորձ, իշխանամետ պահվածք:

8-րդ խաղատախտակ – «Հայաստան» կոմիտե

Նոր ձեւավորվող ընդդիմադիր բեւեռ, որտեղ կան եւ բացահայտ ռուսամետ, եւ արեւմտամետ ուժեր: Առայժմ, բացի հեղափոխական կոչերից, այլ բանով աչքի չեն ընկել, չնայած այս կոմիտեի կազմում ընդգրկված են բավականին փորձառու քաղաքական գործիչներ։

Ուժեղ կողմերը՝ միավորվելու կարողություն, արմատական ընտրազանգված, քաղաքական պայքարի մեծ փորձ:

Թույլ կողմերը՝ չկատարված խոստումներ, ֆինանսական թույլ ռեսուրսներ, PR-ի բացակայություն, թույլ կառույցներ:

9-րդ խաղատախտակ – ՄԱԿ

Բավականին սրընթաց մտնելով քաղաքական դաշտ՝ կարող է կորցնել իր տեղերը ինչպես սեփական գործողությունների, այնպես էլ նոր ուժերի առաջ գալու հետեւանքով:

Ուժեղ կողմերը՝ ինտելեկտուալ պոտենցիալ, ֆինանսական ռեսուրսներ, PR աշխատանք:

Թույլ կողմերը՝ կադրային ռեսուրսի պակաս, կուսակցության միանձնյա կառավարում, քաղաքական չկողմնորոշված ուղղվածություն:

10-րդ խաղատախտակ – «Դաշինք» կուսակցություն

Այս կուսակցությունն առաջին իսկ օրից չի թաքցնում իր նպատակները եւ ուղղվածությունը: Սակայն մամուլում եղած տեղեկություններից պարզ է դառնում, որ եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր դաշտերում այս կուսակցությունը կունենա եւ հակառակորդներ, եւ դաշնակիցներ:

Ուժեղ կողմերը՝ ֆինանսական ռեսուրսներ, ուժ խորհրդանշող առաջնորդ կուսակցության երիտասարդ վերնախավ։

Թույլ կողմերը՝ ղարաբաղյան ծագում ունեցող առաջնորդ, կուսակցական-քաղաքական փորձի բացակայություն, ժամանակի բերումով ստեղծված կուսակցություն:

11-րդ խաղատախտակ – «Ժողպատգամավոր» կուսակցություն

Իր ֆորմատով նման է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

12-րդ խաղատախտակ – Ժողովրդական կուսակցություն

Ամենաանկանխատեսելի կուսակցությունն է, որն ունի գերճանաչված առաջնորդ եւ հզոր հեռուստատեսություն: Սակայն քաղաքական պայքարի մնացած պարագաները իսպառ բացակայում են: Կարող է դառնալ հաջորդ ընտրությունների «կինդեր-սյուրպրիզը»:

13-րդ խաղատախտակ – «ՀՌԱԿ», «ՀԺԱՄ», «Հզոր Հայրենիք», «Արժանապատիվ ապագա» եւ այլք

Փորձը ցույց է տալիս, որ եթե այս կուսակցությունները մինչեւ հաջորդ ընտրություններ չմիանան որեւէ այլ հզոր կուսակցության հետ, ապա ԱԺ մտնելու նրանց շանսը ձգտում է զրոյի: