Հրաշքների չե՞ն հավատում

31/12/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ամանորյա գիշերը բոլորը սպասում, երազում ու հին ավանդույթներին են հետեւում: Սառնարանները լցնում են ուտելիքներով ու պատրաստվում հեռուստածրագրեր դիտել, շփվել ընկերների հետ: Նոր տարվա սեղանն անպայման պետք է հարուստ լինի, որպեսզի գալիք տարին ուրախ ու կուշտ լինի:

Նոր տարվա գալուստը սովորաբար դիմավորում են նոր հագուստով, իսկ հին ու մաշված շորերը դեն են նետում, որպեսզի հնի հետ տնից անհետանան ցավն ու անախորժությունները: Սնահավատ մարդիկ լավ գիտեն, որ հունվարի 1-ին չի կարելի հատակն ավլել, աղբը տնից դուրս հանել եւ շատ աշխատել, քանի որ տարին կորուստներով ու ապարդյուն ջանքերով լի կլինի: Պետք է հասցնել՝ որքան կարելի է շատ մարդու շնորհավորել, նվերներ բաժանել եւ երջանկություն մաղթել: Այդ դեպքում տարին առավել հաջող եւ ուրախ կլինի, իսկ անցնող տարին հետագայում միայն ջերմ հուշեր կարթնացնի: Ավարտին մոտեցող 2006 թվականն արվեստով զբաղվող շատ մարդկանց գնահատմամբ` հաջող էր: Նրանցից շատերի կարծիքով՝ կյանքը շարունակում է հոսել իր սովորական հունով, եւ եթե նույնիսկ այդ հունը տեղ-տեղ անանցանելի կամ դժվար անցանելի է, ապա դա ապրելուն ու ստեղծագործելուն չի խանգարում: Գրեթե բոլորը նշում են, որ իրենք քաղաքականությունից հեռու են եւ քաղաքական խնդիրների մեջ չսուզվելն իրենց թույլ է տալիս հանգիստ ապրել եւ կատարված հաջողություններն ու անհաջողությունները վերագրել միայն սեփական ջանքերին ու աշխատասիրությանը:

Արթուր Գրիգորյան (Երգի Պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր). «Լավ է, որ ամեն ինչ խաղաղ էր: Տարվա ընթացքում աշխատել եմ, հաջող նախագծեր են եղել, սակայն ինձ համար դա չէ կարեւորը, այլ այն, որ Հայաստանում ոչ աղետ, ոչ էլ պատերազմ չի եղել: Իրականում ես խաղաղությունը շատ եմ գնահատում եւ ամեն տարին վախով եմ դիմավորում: Հիշո՞ւմ եք անցյալ տարվա սարսափելի ցունամին… Մեծ իմաստով, եթե տարին խաղաղ էր, ուրեմն` լավն էր: Հեքիաթների չեմ հավատում, այսպես էլ շարունակվի՝ լավ է»:

Հրաչ Քեշիշյան («Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր). Ամբողջ տարվա ընթացքում ես զբաղված եմ եղել, ընտանիքս էլ՝ առողջ: 2005-ը նորմալ տարի էր: Ես սովոր եմ շատ վաղ արթնանալ` առավոտյան ժամը 7-ին, եւ երբ տնից դուրս եմ գալիս, դատարկ եւ ամայի փողոցներ եմ տեսնում: Շատ կուզենայի, որ հենց առավոտից քաղաքում եռուզեռ սկսվի ու փողոցներն աշխատանքի շտապող մարդկանցով լի լինեն: Կցանկանայի, որ հաջորդ տարի կյանքի տեմպը արագանար եւ մարդիկ էլ աշխատանք ունենային: Դա հաջողության արտաքին ցուցանիշներից մեկն է»:

Արմեն Մազմանյան (բեմադրիչ). «Երկրի համար տարին լավն էր՝ երկրաշարժեր ու պատերազմներ չեղան: Ընդդիմության համար, տարին, երեւի, այդքան էլ հաջող չէր: Եթե համեմատենք 90-ականների յուրաքանչյուր տարվա հետ, մի քիչ ավելի լավ էր, բայց դա շատ քիչ է: Կորել է դրական էներգիան: Իսկ արվեստի մարդու համար բարի էներգիան շատ կարեւոր է: Ինչ արած, բոլորը մանրացել են: Առանձնահատուկ բաներ ու սպասելիքներ չունեմ»:

Ռուբեն Մաթեւոսյան (երգիչ). «Տարին լավն էր: Կցանկանայի, որ հաջորդ տարին էլ նույնքան բարի լիներ: Քաղաքականությունն իմ աշխատանքի մեջ չի մտնում: Իմ գործը երգելն է, ես երգում եմ ու կշարունակեմ երգել: Նոր սպասելիքների մասին չեմ ուզում խոսել, քանի որ դրանք խիստ գաղտնի են: Կստացվի՞, թե՞ չի ստացվի՝ ժամանակը ցույց կտա»: