Խորհրդավոր մուշտակի տակ

31/12/2005

Ձմեռային հեքիաթի մասնակիցը դառնալը դարձել է Ամանորի գլխավոր պայմաններից մեկը: Բոլորը ջանասիրաբար ձեւացնում են, որ հավատում են Ձմեռ պապի գոյությանն ու հրաշքների սպասում: Գրեթե յուրաքանչյուր ձեռնարկություն Ձմեռ պապի մասնակցությամբ որեւէ ակցիա է իրականացնում եւ հեքիաթին հաղորդակից դառնալու հրավիրում: Ողջ աշխարհում մարդիկ (ոչ միայն երեխաները) Ձմեռ պապին նամակներ են գրում ու տիեզերք ուղարկում: Նոր տարվա խորհրդանիշը դարձած սպիտակամորուս Պապը հրաշքների աշխարհի դեսպանն է դարձել, որն ի զորու է մարդկության երազանքները կռահել: Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը բացարձակ դրական պերսոնաժ է, որի ուժը հենց հողեղեն խնդիրներից կտրված լինելու մեջ է: Նրա անմնացորդ բարությունը վաղուց արդեն լայնորեն շահագործվում է: Քաղաքական գործիչները Ձմեռ պապի անունից մարդկանց նվերներ են բաժանում եւ անվերապահորեն հավատացնում, որ իրենք հեքիաթային ծերուկի կարողություններն ունեն: Ձմեռ պապի կարմիր մուշտակը կարող են հագնել բոլորը` հավատացնելու համար, որ բարի գործեր են անում, քանի որ կրում են ամենաբարի մարդու դիմակը: Տարբեր քաղաքներում Ձմեռ պապի զգեստ են կրում ավտոբուսների վարորդները, նաեւ` Պետավտոտեսչության աշխատակիցները: Եվ բոլորը անում են դա սեփական իմիջը բարձրացնելու համար: Նույնիսկ Հռոմի պապն է լուսանկարվում Սանտա Կլաուսի գլխարկով: Ձմեռ պապերը կանգնում են խանութներում, ռեստորաններում, նրանք պատրաստ են հյուր գալ յուրաքանչյուրի տուն: Ողջ մոլորակն է մասնակցում այդ մեծ հեքիաթին: Եվրոպայում հակագլոբալիստների մի խումբ հանդես է գալիս Սանտա Կլաուսին «աշխատանքից հեռացնելու» գաղափարով: Նրանք պնդում են, որ «բարի հրաշագործը» վաղուց արդեն կոմերցիոն կերպար է դարձել եւ օգտագործվում է միայն ամանորյա առեւտուրն աշխուժացնելու նպատակով: Գուցե հենց Սանտա Կլաուսի իմիջը բարձացնելու պահն է հասունացել: Մարդիկ երբ ամեն քայլափոխին չէին տեսնում այդ բարի ծերուկին, ավելի մեծ սիրով ու հավատով էին վերաբերվում նրան ու գնահատում նրա նվերները:

Ն.Հ.