Կողմերը համաձայն չեն

26/12/2005

Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստանը դեմ չէ դուրս բերել զորքերը գրավյալ մի քանի տարածքներից՝ նախքան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հաստատումը: «Այդ հարցի շուրջ իմ դիրքորոշումը ձեւավորվել է Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաեւ` հասարակական կարծիքի վերլուծության հիման վրա»,- «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում նշել է Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, «Պրահայի գործընթացի մեկնարկից հետո կողմերը երկար ճանապարհ են անցել եւ այժմ հեռու չեն խնդրի կարգավորումից, սակայն փոխզիջման հասնելու համար ստիպված են մի քանի կարեւոր եւ դժվարին քայլեր անել»: Հայկական կողմն, ըստ նրա, առայժմ համաձայնության չի գալիս Լաչինն ու Քելբաջարը վերադարձնելու հարցում, իսկ Ադրբեջանը մերժում է Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեի միջոցով որոշելու հնարավորությունը: «Պետք է նախ որոշել, թե ե՞րբ են գրավյալ տարածքները ազատագրվելու, որոշել՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներ են ստանալու կողմերը, եւ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Կողմերը պետք է համաձայնության գան նաեւ Լաչինի հարցի շուրջ»,- համոզված է ՄՃԽ-ի կովկասյան բաժնի ղեկավարը: «Սակայն դժվար է ասել՝ արդյո՞ք այդ համաձայնությունը ձեռք կբերվի փետրվարին նախանշվող հանդիպման ընթացքում»,- ասել է Ս. Ֆրեյզերը: