Նամակ Բաքվին

26/12/2005

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը մտահոգություն են հայտնել դեկտեմբերի 15-ին Նախիջեւանի հայկական գերեզմանոցում խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: «Նման գործողություններ եղել են նաեւ 2002-ին, երբ 10.000 խաչքարերից կանգուն մնացին միայն 2000-ը»,- ասված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւին հղած ուղերձում, որում նշվում են նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ եւ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: «Որպես միջազգային հանրության անդամ, Բաքուն պարտավոր է պաշտպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը: Անտեսելով այդ պարտավորությունները` Ադրբեջանի կառավարությունն ի չիք է դարձնում ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության՝ Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը»,- նշել են կոնգրեսականները: Համանախագահները կոչ են արել Ադրբեջանին՝ վերջ տալ Ջուղայի հինավուրց գերեզմանոցում կատարվող վանդալիզմին եւ պատրաստել զեկույց հասցված վնասի մասին՝ հետագայում իրավիճակի կարգավորման համար: