Կազմակերպված է ոչ միայն պետությունը, այլեւ «ՕԵԿ»-ը

26/12/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ իր ամփոփիչ ասուլիսում հրաժարվում էր պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում էին այս կամ այն քաղաքական գործչի հայտարարություններին, ասելով, թե ինքն իր համար որոշում է կայացրել` այսուհետ պատասխանել միայն այն գործիչների ասածներին, որոնց խոսքերն ինքն անձամբ կարդացել է ու ծանոթ է «շեշտադրումներին»:

Այսինքն` հնչերանգին: Իսկ Ա. Բաղդասարյանը ոչնչից տեղյակ չէր: Ոչ կարդացել էր, ոչ էլ` լսել: Նույնիսկ իր կուսակիցները չէին փոխանցել, թե ինչպես էր ՀՀԿ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ՀՀԿ համագումարում սպառնում ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին, որ սրանից հետո իրենք պետք է, որպես ԱԺ մեծամասնություն, ԱԺ-ում եղանակ ստեղծողն ու թելադրողը լինեն: «Ես որոշել եմ, մինչեւ ինքս չկարդամ, թե մարդը բառացի ինչ է ասել, որեւէ մեկնաբանություն չեմ անելու: Ես այդ ելույթի բառացի շեշտադրումների հետ ծանոթ չեմ: ՕԵԿ-ն ակտիվ է այսօր ԱԺ-ում, այդպես էլ շարունակելու է: Իսկ ով որոշել է լրացուցիչ ակտիվություն ցուցաբերել ու ավելի լավ աշխատել ԱԺ-ում, մենք կողջունենք»: Իսկ կոալիցիոն իր գործընկերների` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, հայտարարությունները, թե կոալիցիան լուրջ վերադասավորումների անհրաժեշտություն ունի, Ա. Բաղդասարյանը ծանր չի տանում եւ գտնում է, որ դրանով իր գործընկերներն ընդամենը վրեժ են լուծում: «Հայաստանում, ցավոք, շատ հաճախ ավելի շուտ են սկսում վրեժ լուծել, քան դու հասցրել ես ինչ-որ մեկին վիրավորել: Դրա համար ես Հայաստանի կոալիցիան համեմատել եմ մի ամուսնության հետ, որտեղ խանդը սիրուց ավելի ուժեղ է: Ասել, թե կոալիցիայում տարաձանություններ չկան, այդպես չէ: Բայց առայսօր կոալիցիան կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրները: Իսկ թե ինչ կլինի ապագայում, չեմ ուզում կանխագուշակել»,- ասաց նա ու կոալիցիոն իր գործընկերներին եւ նորաստեղծ քաղաքական կուսակցություններին, որոնք քաղաքական լուրջ հայտ են ներկայացրել, զգուշացրեց, որ այսօր ՀՀ քաղաքական դաշտում իր ղեկավարած «բազմահազարանոց» կուսակցությունը ամենակազմակերպված ուժերից մեկն է Հայաստանում, որին որեւէ մեկը չի կարող անտեսել 2006թ. մեկնարկող քարոզարշավի ժամանակ: «2006թ. շատ լուրջ քննարկում կլինի կոալիցիայի ներսում մեր հետագա խնդիրների, գործունեության շուրջ: Միասին զրուցելու անհրաժեշտություն կլինի, թե ինչպես ենք մենք աշխատելու հետագայում: Իսկ 2006թ. ենթադրում է այդ գործընթացի որոշակի դիրքորոշումների ճշգրտումներ»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Իսկ Աստվածաշնչյան «Աստված սուրբ երրորդություն է սիրում» պատվիրանը «կազմակերպված» ուժի ղեկավար Ա. Բաղդասարյանը քաղաքականացրել էր հետեւյալ բովանդակությամբ. «Ասում են` Աստված սուրբ երրորդություն է սիրում: 2006, 2007, 2008թթ.` տարիներ, որոնք մեր երկրի համար ունենալու են երկարաժամկետ տեսլականով բավականին վճռորոշ նշանակություն»: Այս տեսլականն Արթուր Բաղդասարյանն ընդունելու է որպես ի գիտություն եւ 2006թ. փետրվարին խորհրդարան վերադառնալուն պես սկսելու է իր ընտրապայքարը` չբացառելով այս կամ այն ուժի հետ համագործակցելու հավանականությունը: «Ինքս ոչ միայն չեմ բացառում, այլեւ անհրաժեշտ ու կարեւոր եմ համարում 2006թ. տարբեր տեսակի քաղաքական վերադասավորումները, համագործակցության սկիզբը իշխանության եւ ընդդիմության դաշտում: Իմ կարծիքով, նման վերադասավորումներ կլինեն 2006թ. վերջին: Չեմ կարծում, թե որեւիցե մեկը մեկուկես տարի առաջ նման որոշում կունենա: Կարծում եմ, ինչքան շատ տեղի ունենան այդ քաղաքական վերադասավորումները, ճշգրտումները, այնքան լավ կլինի»,- ասաց նա:

Անդրադարձ եղավ նաեւ Անդրանիկ Մարգարյանի հայտարարությանը, թե իր համար անհասկանալի է Ա. Բաղդասարյանի` հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած լցոնումների մասին առանձին հայտարարություն անելը, երբ կոալիցիան այդ ամենի գնահատականը տվել էր իր միասնական հայտարարության տեքստում: «Ես ճիշտ եմ արել, որ արտահայտել եմ իմ տեսակետը: Ես մնում եմ իմ համոզմունքին: Այո, արջի ծառայություններ մատուցողներ մեզ պետք չեն: Հանրաքվեից առաջ խոստացել էի, որ եթե կլինեն նման դրսեւորումներ, առաջինը կասեմ ես: Եվ առաջինն էլ ասել եմ, ու այդտեղ վատ բան չեմ տեսնում»,- հայտարարեց Ա. Բաղդասարյանը: Իսկ «Օրինաց երկիրը», որը, ինչպես Ա. Բաղդասարյանը նշեց, հարյուրավոր փաստեր է ուղարկել Դատախազություն, պատրաստվո՞ւմ է պատժել գոնե իր կուսակիցներին, ովքեր եղել են ընտրական հանձնաժողովի անդամներ կամ ականատես են եղել լցոնումներին, թե՞ ոչ` հարցին, «ՕԵԿ» նախագահը պատասխանեց. «Մենք որքան կարողացել ենք, փորձել ենք օրինականությունն ամրապնդել: Որտեղ եղել են խախտումներ, փաստեր, նյութեր ուղարկել ենք Դատախազություն: Հիմա ես ինչքան կարողացել եմ, պայքարել եմ: Մենք այսօր իրավապահ մարմիններ չենք, որպեսզի կարողանանք բռնել-պատժել: Լավ կլինի, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ իր գործով զբաղվի: Ինչքան շուտ ամեն մեկս իր գործով զբաղվի, այնքան լավ հանգրվանի կհասնենք մենք»: Իսկ ինչ վերաբերում է 2007թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելուն, ապա Ա. Բաղդասարյանն ասաց. «Պետք չէ առուն չթռած` հոպ ասել: Ամեն ինչ իր ժամանակին կլինի: 2006թ. լինելու է քաղաքական հստակեցումների տարի»: