Մինչ նոյեմբերյան հանրաքվեն ընդդիմադիրները խոստանում էին, թե «նոյեմբերի 27-ը լինելու է այս իշխանությունների վերջին օրը», հետո պարզվեց, որ այդ օրն ընդամենը սկսվում է իշխանությունների «վերջի սկիզբը»: Այնուհետեւ ընդդիմության ներսում սկսեցին տեսակետներ հնչել, թե ընդդիմության ներսում սինթեզի գործընթացներ պետք է սկսվեն ու դրա ավարտից հետո արդեն տեղի կունենա բազմիցս խոստացված, սակայն համառորեն այդպես էլ տեղի չունեցած իշխանափոխությունը:
Վերջին 20-25 օրերի ընթացքում ընդդիմադիր «18+8+1» ֆորմատից հեռացվեց Մարքսիստական կուսակցությունը, վերջերս էլ մի առվով չեն հոսում Շավարշ Քոչարյանի ու ընդդիմության ջրերը: Նշանակո՞ւմ է սա, որ ընդդիմության սինթեզը սկսվել է ու գնալով թափ է հավաքում: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Պետրոս Մակեյանի խոսքերով՝ սինթեզը կամ ֆիլտրացիան սկսվեց նոյեմբերի 27-ից առաջ, երբ քաղաքական գործիչների մի մասը հայտարարում էր «ոչ» կամ «բոյկոտ», իսկ մյուս մասին իշխանությունների կողմից պարտադրվում էր «այո» քարոզչություն անել: «Եվ դա ֆիլտրացիայի առաջին հիմքերն էր: Եվ հստակ գիծ դրվեց. մի կողմից «ոչ» ասողների եւ բոյկոտ անողների, մյուս կողմից` պարտադրված «այո» ասողների միջեւ»,- կարծում է նա: Պրն Մակեյանը նշում է նաեւ ընդդիմության սինթեզի` մինչեւ հանրաքվեն տեղի ունեցած մի դրսեւորում: Ըստ մեր զրուցակցի, օրինակ, մինչեւ հանրաքվեն Պարույր Հայրիկյանը համարվում էր հստակ ընդդիմադիր, սակայն «այդ պահին ֆիքսեց, որ ինքն «այո»-ի կողմնակից է»: «Եվ շատերը կային ընդդիմության մեջ: Մենք էլ գիտեինք, որ այդ բոյկոտողների մեջ կային որոշակի, դեռեւս չաշխատած ականներ»,- վստահեցնում է ԺՀԿ ղեկավարն ու հավելում, թե աստիճանաբար այդ ականները սկսում են աշխատել կամ դուրս մղվել, վնասազերծվել ընդդիմության կողմից: «Ֆիլտրացիան դա է, եւ մեծ բան այլեւս չի ջոկվելու: Այդ պրոցեսը հիմնականում ավարտվել է նոյեմբերի 27-ին»,- բացատրում է Պ. Մակեյանը: Այսինքն` հիմա ընդդիմությունը վստահ է, որ իր ներսում ականներ չկա՞ն: Պարզվում է` այնքան էլ վստահ չէ: «Կարծում եմ, որ ընդդիմությունը դրան առանձնապես ուշադրություն չի էլ դարձնում: Հիմնական գործող ուժերը, որոնք տեսնում են երկրի վրա առկախ լուրջ վտանգը, նրանք հիմնական ծրագրերը, որ մշակում են, եւ երբ հոսանքը, ալիքը գնում է, այդ փոքր ականները չեն կարող գործընթացին խոչընդոտել: Դրա համար ֆիլտրացիան արդեն ավարտուն տեսքի է եկել»,- ընդդիմության ներսում հնարավոր ականների դերի մասին նման կարծիքի է ԺՀԿ ղեկավարը: Վերջինիս կարծիքով` ընդդիմության մի մասն, այսպես ասած, սպասող ընդդիմությունն է, այսինքն` նրանք, ովքեր էվոլյուցիոն ճանապարհի կողմնակից են ու առաջարկում են սպասել, իսկ մյուս մասը` ընդդիմադիրների երկրորդ խումբը, գտնում է, որ երկիրը վտանգված է, եւ օր առաջ պետք է ազատվել «այս հանցագործ խմբավորումից»: Պ. Մակեյանի վստահեցմամբ` ընդդիմադիրների այդ երկրորդ խումբն այսօր համախմբվում է, իսկ ով որ դուրս է մնում, դա էլ արդեն ֆիլտրացիայի մեկ այլ դրսեւորում է: Անդրադառնալով Շ. Քոչարյանի այն պնդմանը, թե ընդդիմությունն իր գործողություններով թաղեց հեղափոխությունը, պարոն Մակեյանը վստահեցնում է, որ հեղափոխությունը թաղված չէ, հեղափոխությունը նոր է սկսվում: «Կռիվը նոր է սկսվելու: Դեռեւս կռիվը սկսված չէ, եւ նրանք, ովքեր գտնում են, թե թաղված է, կամ թաղման արարողությունն են շփոթել, թե ում թաղմանը պետք է մասնակցեն, կամ իրենց հուշել են, որ այդպես են ասում: Պրոցեսը նոր է գնալու»,- համոզված է ԺՀԿ առաջնորդը, ով նաեւ այն կարծիքին է, որ Շ. Քոչարյանն այս ամենից հետո պետք է գոնե լռեր, ու անհասկանալի է համարում նրա վերջին ակտիվությունը: Պ. Մակեյանը կարծում է, որ ժողովուրդը մասնակցել է իրադարձությունների միայն առաջին էտապին` բոյկոտին: Ու հիմա սկսվում է երկրորդ էտապը, որին, մեր զրուցակցի վստահեցմամբ` ժողովուրդը կմասնակցի: «Եթե ժողովուրդը մասնակցեց ու պարտվեց, այդ ժամանակ հեղափոխությունը թաղված կլինի»,- նշում է նա: ԺՀԿ ղեկավարի վստահեցմամբ` այս ընթացքում ընդդիմությունը բավականին հասունացավ, եւ այն կառույցը, որը պետք է ձեւավորվի` կոմիտեն, պետք է հասունացած լինի, հասարակությունը պետք է զգա դրա անհրաժեշտությունը: «Մենք այսօր զգում ենք, որ կոմիտեի անհրաժեշտությունը կա: Բայց երեխան ծնվում է ինն ամսական հասակում: Երբ որ նա ծնվում է վեց կամ ութ ամսական, նա չի ապրում»,- ասում է նա ու հավելում, թե նախ` պետք է ապահովել քաղաքացիների ներկայացուցչական ժողովը: Ամբողջ հանրապետությունից պետք է քաղաքացիական ներկայացուցիչներ լինեն Երեւանում, որոնք պետք է ստեղծեն այդ մարմինը` Հայաստանի քաղաքացիների խորհուրդը, իսկ խորհուրդն էլ պետք է ձեւավորի կոմիտեն, որի ֆունկցիաներն այսօր կատարում է «17+1»-ի համակարգող խորհուրդը: Պ. Մակեյանի փոխանցմամբ` ընդդիմությունն այսօր հանրապետությունում համատարած ձեւավորում է ներկայացուցչական ժողովներ: «Կոմիտեն լուրջ կառույց է լինելու: Դա պետք է լինի այլընտրանքային իշխանությունը»,- նշում է մեր զրուցակիցը: Իսկ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցի մոտալուտ կարգավորման մասին խոսակցությունների մասով էլ Պ. Մակեյանը նախ կարծիք է հայտնում, թե ԼՂ հարցն այս իշխանությունների համար պատրվակ է` իշխանությունը երկարաձգելու համար, որ իշխանություններն այդ հարցը տարել են փակուղի, որ Արեւմուտքն աշխարհաքաղաքական շահերից դրդված` աչքերը փակեց նոյեմբերի 27-ի «ոճրագործության» վրա: Իսկ ԼՂ հարցն, ըստ նրա, կարող է իշխանափոխության շարժառիթ դառնալ, ինչն իրենք` ընդդիմադիրները, թույլ չեն տալու: «Մենք կանխելու ենք. հերթական պալատական հեղաշրջումը Հայաստանում»,- վստահեցնում է նա: Վերջինս վստահեցնում է նաեւ, որ ներկայիս ընդդիմությունը ԼՂ հարցում հստակ դիրքորոշում ունի, եւ դա հետեւյալն է. «Պետք է Ղարաբաղի հայությունն անվտանգ, ազատ, միջազգային բոլոր նորմերի, իրավունքների սահմաններում կարողանա ապրել, աշխատել, գործել: Ընդդիմությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հայ մարդը կարողանա ապրել, իսկ թե դա ինչպիսի պրոցես կլինի, դա իշխանության երբ որ գաս, այդ խնդիրները կտեսնես»: Ահա այսպես. պարզ ու հստակ: