Կեղծիքների պատվեր

26/12/2005

2005թ. դեկտեմբերի 14-ին՝ Ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահների այցելության օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, այդ երկրի Գիտությունների ակադեմիայի 60-ամյակի առթիվ հիշատակության արժանի մտքեր է արտահայտել իր ելույթում։ Նա իր երկրի գիտնականներին ու համապատասխան գիտական հաստատություններին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել մի ծրագրի մեջ, որի նպատակն է միջազգային հանրության առաջ հիմնավորել արցախահայերի՝ իրենց պապական հողում բնակվելու իրավունքի հիմքերի բացակայությունը։ Ալիեւը ֆինանսավորում է խոստացել այն գիտնականներին, ովքեր ջանքեր կգործադրեն՝ ապացուցելու, որ «…հայերը հյուր են հանդիսանում Ղարաբաղի տարածքում, Ղարաբաղ են եկել 19-րդ դարի 70-ական թթ. եւ պատմական իրավունքներ չունեն այդ տարածքի նկատմամբ»։ Այս ելույթի կապակցությամբ իր կարծիքն է արտահայտել ՀՀ ՊՆ խորհրդական Հայկ Քոթանջյանը։ Նա նշել է, որ Ալիեւի ելույթը, ըստ էության, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային եւ այլ համապատասխան մարմիններին ուղղված պատվեր էր։ «Այսպիսով, նախագահ Ալիեւը հակահայկական հիստերիան դասեց ֆունդամենտալ գիտությունների շարքը»,- նշել է պրն Քոթանջյանը։ Այն հարցին, թե Ալիեւի ելույթը որքանով է համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, խորհրդականը պատասխանել է. «Ադրբեջանի նախագահի ելույթը հակասում է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ զերծ մնալ հակամարտող կողմերի վստահության վրա ազդող հայտարարություններից, այլեւ աշխարհում ընդունված ակադեմիական ստանդարտներին։ Այն նաեւ հակասում է վերջին ժամանակներս հնչող հուսադրող հայտարարությունների ոգուն, որոնք վերաբերում են հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններին»։