Օրերս այցելել էինք ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ իրենց պատիժն են կրում անչափահասներն ու կանայք: Մեկուսարանում գտնվող 15-ամյա Արմեն Սարգսյանին պատժել են այն բանի համար, որ տղան փորձել է ծնողներին եւ փոքր եղբայրներին սովից փրկել:
Արմենը մարդ չի ծեծել, մեքենա չի գողացել, ոչ էլ ինչ-որ մեկին սպանել է: Ալյումին է գողացել… Տղան թշվառ ու հիվանդ ծնողներին կերակրելու համար որոշել է հարեւանի օղեթուրման կաթսան գողանալ ու 2000 դրամի դիմաց հանձնել ալյումինե ջարդոնների ընդունման կետ: 15-ամյա Արմենի հետ կատարվածը մի պատմություն է, երբ դատավորի մարդկային խղճի գործոնը կարող էր թշվառ մի ընտանիքի փրկությունը լինել: Նա գիտակցում է իր սխալը, սակայն ասում է, որ այլընտրանք չի ունեցել: Տղան դատապարտվել է 2 տարի եւ 6 ամսվա ազատազրկման:
Դեպքը կատարվել է 2004թ., երբ նա սովորում էր 8-րդ դասարանում: Մեկուսարանում՝ մեր այցելության ժամանակ Արմենը վախենում էր խոսել, շատ ամաչկոտ էր եւ կասկած ուներ, թե մենք իրականում քննիչներ ենք եւ փորձում ենք ինչ-որ բան «սարքել» իր գլխին: Նա խոսում էր անվստահ, վախվորած եւ շատ կասկածամտորեն: Նույնիսկ երկար համոզելուց հետո էլ չէր հավատում, որ լրագրողներ ենք: Արմենը վախեցած է իրավապահ մարմիններից: «Պատահում էր, որ բանվորի գործ էր լինում, շաբաթը 1-2 անգամ առավոտը գնում էի, ապրանք էի թափում, 1000 դրամ տալիս էին, հետո գնում էի դասի: Ախպերներս փոքր են, դպրոց են գնում, մաման, պապան անկողնային հիվանդներ են: Բժշկի չենք կարա տանենք, փող չունենք: Երկուսն էլ պառկած են, մամայիս կողքերն ա ցավում, պապայիս՝ մեջքը: Մենակ ես կարամ մեկ-մեկ բանվորություն անելով իրանց պահեմ»: Քանի որ Արմենի հայրը նախկինում քաղաքապետարանում բանվոր էր աշխատում, նրանց թույլ էին տվել ապրել Բերդի խարխլված հյուրանոցում: 4 պատ է եղել, որի մեջ նրանք մի որոշ ժամանակ ապրել են, սակայն ավելի ուշ նրանց վռնդել են, որովհետեւ հյուրանոցում սրճարան են կառուցել: Արմենի ընտանիքը հիմա Բերդ քաղաքի Մաշտոց փողոցում փայտե տնակում է ապրում: Փայտե տնակի բնակիչ Արմենը չի դիմացել սովին դատապարտված ընտանիքի ցավին: Որոշել է ծնողներին եւ եղբայրներին կերակրելու համար ինչ-որ բան ձեռնարկել: Նման պարագայում Բերդ քաղաքում գումար աշխատելու ամենագայթակղիչ տարբերակը ալյումինե ջարդոնների ընդունման կետերն են: Արմենը որոշել է հարեւանի բակից օղեթուրման կաթսան գողանալ ու տանել-հանձնել, որի համար նրան տվել են 2000 դրամ: Այդ գումարով նա 1 օր կերակրել է հիվանդ ծնողներին եւ եղբայրներին: Արմենենց հարեւան Մեխակ Այդինյանը գլխի է ընկել ու դիմել է Ոստիկանություն: Արմենն ասում է, որ սխալը գիտակցելով` օղեթուրման կաթսան ետ է վերցրել ու վերադարձրել է Մեխակին, սակայն դա եղանակ չի փոխել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքիյանը 2 տարի պայմանական ազատազրկման եւ 20.000 դրամ տուգանք վճարելու դատավճիռ է կայացրել: Մեխակին պիտի վճարեր 20.000 դրամ, սակայն փող աշխատելու ձեւը չէր գտնում, բանվորի գործ էլ չկար: Արմենը դժվարությամբ հիշեց դատավճռի արձանագրությունը. «Գրած էր` 15 օրվա ընթացքում վճարել 20.000 դրամը, մեկ էլ 2 տարի պայմանական: 6 ամիս էր մնում, որ պայմանականը լրանար, դեպքը 2004-ին էր եղել: Մենք փող չունեինք, որ տայինք: Դատարանից կանչում, ասում էին` խի՞ չես տալիս, ասում էի` հնարավորություն չունենք, ասում էին, եթե չտաս՝ կնստացնենք»,- պատմում է նա: Արմենն այդ ժամանակ ընդունվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի Արհեստների ուսումնարան: «Մտածում էի` տրակտորիստ կդառնամ ու կաշխատեմ, որ ընտանիքիս պահեմ: Ուզում էի մասնագիտություն ունենամ, որ աշխատանք ճարեմ»,- ասում է նա:
Արմենն ասում է, որ դատավոր Զոյա Զաքիյանն իրեն պարբերաբար կանչել, սպառնացել է, որ, եթե այդ 20.000 դրամը չբերի՝ կնստացնեն: Արմենն այնքան է վախեցել նստելու սպառնալիքից, որ որոշել է ինչ գնով էլ լինի` հայթայթել 20.000 դրամն ու հանգիստ խղճով սովորել: Ոչ մի հավանական տարբերակ չի գտել եւ նորից ռիսկի է դիմել` միայն թե գաղութում չհայտնվի: Կրկին ալյումին է գողացել, օղեթուրման կաթսա՝ մտածելով, որ 20.000 դրամը կվճարի, ու իրեն այլեւս չեն անհանգստացնի: Կաթսան հանձնել է նույն ալյումինի ջարդոնի ընդունման կետում: Կաթսայատերը գնալով ընդունման կետ` համոզվել է, որ իր ապրանքը գողացողը բերել-հանձնել է: Ընդունման կետի աշխատակիցն էլ մատնել է Արմենին: Արմենը դատապարտվել է 2 տարի, 6 ամիս ազատազրկման: «Երեք օր պահեցին քաղմասում, տանեցիներից լուր չունեի, դե մաման, պապան ծանր հիվանդներ են, ախպերներս էլ փոքր են: 450 դրամի ուտելիք էին տալիս, ես էլ քաղցրեղեն եմ սիրում, վաֆլի էի ուզում,- պատմում է Արմենը: -Հետո բերեցին Աբովյան, արդեն 6 օր ա, ստեղ եմ»: 6 օր մեկուսարանում գտնվող Արմենի ընտանիքը նրա մասին որեւէ տեղեկություն չունի: Ծնողները չգիտեն որդու գտնվելու վայրի եւ որպիսության մասին: Արմենի ուշքն ու միտքը ծնողներն ու եղբայրներն են: Իր բացակայությունը կարող է ողբերգական հետեւանք թողնել: Ծնողներն անկողնուն գամված են, եղբայրները փոքր են, իսկ ինքը… Արմենին հարցնում եմ՝ «Քեզ կերակրո՞ւմ են այստեղ»։ Ասում է՝ «Հա, օրը երեք անգամ հաց են տալիս, ճաշ-մաշ են տալիս, ստեղ ուտում եմ, տանը ուտելու բան չկար: Ստեղ սնունդ են տալիս»:
Մեզանում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ չինովնիկների տղաները հանցագործություններ են կատարում, դաժանորեն մարդ են ծեծում, սակայն ոչ ոք չի իմանում, թե ինչպես է քրեական գործ հարուցվում, ապա փակվում: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Սարգսյանը ոչ միայն մեծահարուստի տղա չէ, այլեւ սոցիալական ծանր պայմաններում ապրող իր ընտանիքի միակ աշխատուժն է: