Քրեական գործ կհարուցվի՞

26/12/2005

Դեկտեմբերի 22-ին Ռազմիկ Սարգսյանի փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Ոսկանյանը «Հանցագործության մասին հաղորդագրություն» վերնագրով բաց նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում մասնավորապես նշվում է, որ գրեթե 4 ամիս հացադուլի մեջ գտնվող Ռ. Սարգսյանի առողջական վիճակը սուր անբավարար է: Դեկտեմբերի 19-ին Ռ. Սարգսյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանին, որով միջնորդել են Ռ. Սարգսյանի առողջության վերաբերյալ վերջնական ախտորոշում տալու եւ տարբեր բժիշկների կողմից տրված բժշկական եզրակացությունները ճշտելու համար կազմակերպել եւ անցկացնել հետազոտություններ: Սակայն Ս. Հովհաննիսյանի եւ «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկի գլխավոր բժիշկ Գոռ Խաչատրյանի կողմից մերժվել է համալիր հետազոտությունների անցկացումը: Դեռ ավելին, Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ Ռազմիկ Սարգսյանը առողջ է եւ բուժման կարիք չունի, իսկ դեկտեմբերի 21-ին «Երկիր մեդիա» հեռուստատեսությամբ Ս.Հովհաննիսյանը, զրպարտելով Ռ. Սարգսյանին, հրապարակել է, որ նա սնվում է ամեն օր իրեն այցելող պաշտպանների տված սնունդով: «Ռազմիկ Սարգսյանի առողջության վատթարացման եւ նրա կյանքին սպառնացող վտանգի մեղավորներն են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը` գլխավոր բժիշկ Գոռ Խաչատրյանի գլխավորությամբ»,- նշվում է նամակում: Պաշտպանները միջնորդում են քրեական գործ հարուցել Ս. Հովհաննիսյանի եւ Գ. Խաչատրյանի կողմից կատարված հանցագործությունների փաստի առթիվ: