Տեղամասային բժիշկը հրաժարվել է հացադուլավոր Գոհար Մխիթարյանին որեւէ փաստաթուղթ տալ` առ այն, որ նա հացադուլի մեջ է գտնվում՝ պատճառաբանելով, որ դա իր իրավասությունների շրջանակներում չէ: Խորհուրդ է տվել դիմել Կարմիր խաչ, որտեղից եւս նույն պատասխանն է ստացվել: «Փաստորեն ես ոչ մի կերպ չեմ կարող ապացուցել, որ ես հացադուլի մեջ եմ»,- շվարել է Գ. Մխիթարյանը: ԴԱՀԿ աշխատակիցները Բուզանդի 15 հասցեի բնակիչներին տարածքն ազատելու վերջնաժամկետ են ներկայացրել դեկտեմբերի 27-ը: Բուզանդի 15 հասցեի սեփականատերն Ավետիք Երանոսյանն է, որի կինը՝ հացադուլավոր Սուսաննա Պողոսյանը երեկ հեռագիր է ուղարկել Հանրապետության Առաջին տիկին Բելլա Քոչարյանին՝ խնդրելով 3-5 րոպե ժամանակ տրամադրել իրեն: Դժվար է ասել՝ Առաջին տիկինը նախատոնական այս օրերին կունենա՞ այդքան ժամանակ, որպեսզի ականջալուր լինի իր նման՝ երեք զավակների մայր հասարակ կնոջը: Հիշեցնենք, որ Բուզանդի 15 հասցեի ոչ բոլոր բնակիչների վերաբերյալ է, որ դատարանը վտարման վճիռ է ընդունել: Այս հասցեում գրանցված Սիրանույշ Պողոսյանի վերաբերյալ դատական որեւէ ակտ առհասարակ չկա: ԴԱՀԿ-ն այժմ վտարման վերաբերյալ բանավոր հայտարարություններից զատ որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, որով կարելի է հիմնավորված համարել տարածքն ազատելու նրանց պահանջները: Տարածքն իրացնող «Վիզկոն» ՍՊԸ-ն էլ շարունակում է «գործ» հավաքել բնակիչների վրա: «Վիզկոնի» տնօրենի պաշտոնակատար Պավել Անդերսոնը մեզ խորհուրդ է տալիս «Վիզկոնը» ԴԱՀԿ-ից տարբերել: «Բնակիչներին մենք չենք վտարում, եթե ԴԱՀԿ-ն ապօրինի է մարդկանց վտարում, դիմեք իրենց»,- ասում է Պ. Անդերսոնը: Պրն Անդերսոնի տրամաբանությամբ եթե դատելու լինենք, ապա անհասկանալի է դառնում առհասարակ «գործ» հավաքելու նրանց տրամաբանությունը: Մասնավորապես հասկանալի չէ՝ ինչու է պրն Անդերսոնն անընդհատ շահարկում, որ Բուզանդի 15 հասցեում 1993 թվականից բնօգտագործող հանդիսացող եւ միայն այս տարվա նոյեմբերից գրանցված Սիրանույշ Պողոսյանի գրանցումն ապօրինի, երբ գրանցման օրինականությունը փաստում է Երեւանի Ոստիկանությունը: Փաստորեն «Վիզկոնը» կասկածում է, թե ՀՀ Ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում, այսինքն կասկածում է, որ կե՞ղծ է Երեւանի Կենտրոնի բաժնի պետ Հովհաննես Թամամյանի 23.12.2005-ին տված տեղեկանքը, որով հաստատվում է Սուսաննա եւ Սիրանույշ Պողոսյանների գրանցման օրինականությունը: Իսկ «Վիզկոնի» տնտեսական անվտանգության խնդիրներով զբաղվող Ալեքսանդր Ամարյանը շրջանառության մեջ է դրել մի փաստաթուղթ, որով պնդում է, որ Ավետիք Երանոսյանի ընտանիքը դեռեւս 1988թ. Դավթաշենում բնակարան է ստացել: Դա քաղվածք է ՀԽՍՀ Երեւանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 28.04.1988թ. նիստից, որով Երքաղսովետի գործադիր կոմիտեն որոշել է Ա. Երանոսյանին եւ նրա խնամակալության տակ գտնվող երեք երեխաներին հատկացնել Դավիթաշենի 2-րդ թաղամասի 28 շենքի երեքսենյականոց թիվ 29 բնակարանը: Պրն Ամարյանը, որ այս փաստաթուղթը պեղել եւ գտել է Հայաստանի Ազգային արխիվից, պնդում է, որ Ա. Երանոսյանն այդ բնակարանը ստացել է, որովհետեւ արխիվներում հակառակը հաստատող փաստաթուղթ ինքը չի գտել: Իսկ Ա.Երանոսյանը պնդում է, որ դեռեւս 1988-ին ինքը գրավոր հրաժարվել է եւ որեւէ բնակարան չի ստացել: «Ուրեմն թող բերի այդ փաստաթուղթն ու ապացուցի»,- ասում է Ամարյանը: Չի բացառվում, որ արխիվներում Երանոսյանի գրավոր հրաժարականը պահպանված չլինի, ինչը չի նշանակում, որ ապացուցված է Երանոսյանի բնակարան ստացած լինելու փաստը: Անշուշտ դժվար չէր ճշտել՝ Դավթաշենում Երանոսյաններին առաջարկված այդ բնակարանն ի՞նչ ճակատագիր է ունեցել, ո՞ւմ է պատկանել եւ ե՞րբ ու ովքե՞ր են բնակվել այնտեղ: «Դրա համար պետք է գնացվի, տեղում ստուգվի, քարտերը հանվի՝ նորից նայվի»,- ասում է պրն Ամարյանը: Ամարյանի հավաստմամբ` ինքը Երանոսյանների փոխարեն իր գրպանից 25.000 դրամ պետտուրք է վճարել, իր մարդասիրական քայլը որեւէ կերպ չմեկնաբանելով՝ պրն Ամարյանը խորհուրդ տվեց Բուզանդին վերաբերող խնդիրներով այլեւս դիմել միայն «Վիզկոնին»: Սակայն պրն Ամարյանի «մարդասիրական» այդ քայլը հասկանալի կլինի, եթե նկատի ունենանք այն փաստը, որ հարկադիր կատարողը կատարողական թերթի հիման վրա՝ պետբյուջեի օգտին որոշված 25.000 դրամ չվճարված պետտուրքի գումարները բռնագանձելու նպատակով կարող էր արգելանք դնել Երանոսյաններին պատկանող գույքի վրա, իսկ քանի որ «Վիզկոնն» էլ շահագրգռված էր վերջիններիս սեփականության իրավունքների հնարավորինս շուտ դադարեցման մեջ, ինչն արգելանքի դեպքում ուղղակի կբացառվեր, ապա բնականաբար շահագրգռված պետք է լիներ Երանոսյանների պարտքը փակելու մեջ, որպեսզի տվյալ հասցեի նկատմամբ արգելանքի կիրառումը բացառվեր:
Այնուամենայնիվ, պրն Ամարյանի խորհրդին հետեւելով՝ Բուզանդին վերաբերող բոլոր հարցերն ուղղեցինք «Վիզկոնի» տնօրենի պաշտոնակատար Պ. Անդերսոնին, ով մեր յուրաքանչյուր հարցման հետ կապված՝ նախ ժամանակ էր խնդրում Ամարյանից եւ «Վիզկոնի» այլ աշխատակիցներից` ճշտելու փաստերը, որովհետեւ «ինքը բազմազբաղ է եւ բոլոր խնդիրներին չի հասցնում ծանոթանալ, եւ պարտադիր էլ չի, որ ամեն ինչից տեղյակ լինի»: Ստացվում է՝ «Վիզկոնին» իսկապես միայն տարածքները շուտափույթ ազատելու խնդիրն է միայն հուզում: Դա է ապացուցում նաեւ մեր հեռախոսային հարցմանն ի պատասխան՝ «Վիզկոնի» իրավաբան Գեւորգ Աթոյանի հայտարարությունը. «Մենք 21.12.2005թ գրավոր առաջարկությամբ դիմել ենք Ա. Երանոսյանին՝ իր 60քմ-ի դիմաց առաջարկելով 80քմ բնակարան Բուզանդի 15/21 հասցեում կառուցվելիք շենքում, եւ մինչ շենքի կառուցման ավարտը պարտավորվում ենք բնակարանի վարձակալության համար եւս վճարել՝ 30 ամիսների հաշվով: Խնդրել ենք 5-օրյա ժամկետում մեզ պատասխանել, հակառակ դեպքում ստիպված կլինենք հարկադրաբար ի կատար ածել դատարանի վճիռը»,- ասում է Գ. Աթոյանը՝ կրկին անտեսելով այն փաստերը, որ տարածքում բնակվող Սիրանույշ Պողոսյանի վերաբերյալ դատական վճիռ դեռ չկա, եւ Ոստիկանությունն էլ օրինական է համարել վերջինիս գրանցումը տվյալ հասցեում: Փաստորեն, ի տարբերություն «Վիզկոնի» տնօրենի պաշտոնակատարի, «Վիզկոնի» իրավաբանը իրենց հիմնարկին հարկադիր կատարողի առաքելությունն է նաեւ վերապահում, հակառակ դեպքում չէր ընդգծի, որ «ստիպված կլինեն ի կատար ածել դատարանի վճիռը»: Ի դեպ, վերոհիշյալ այս գրավոր առաջարկից դեռ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 14-ին, «Վիզկոնը» մեկ այլ գրություն էր ուղարկել Բուզանդի բնակիչներին, որով տեղեկացնում էր, որ «մինչ օրս «Վիզկոն» ՍՊԸ-ի կողմից արված գրավոր եւ բանավոր գնային բոլոր առաջարկությունները ուժը կորցնում են, եւ պետության կարիքների համար իրացվող ձեր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի փոխհատուցման հարցը կլուծվի միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն»: Վերջին դատական ակտը՝ այսինքն վտարման վերաբերյալ որոշումը Ա.Երանոսյանի ընտանիքի վերաբերյալ եղել է 10.11.2005թ., որից փաստորեն 4 օր անց՝ նոյեմբերի 14-ին «Վիզկոնը» հրաժարվել է իր բոլոր առաջարկներից: Նման պարագայում այլեւս երաշխիք չի մնում, որ դեկտեմբերի 27-ին եթե ԴԱՀԿ-ն Երանոսյանների ընտանիքը փողոց նետի, ապա տարեմուտին «Վիզկոնը» նոր անակնկալ չի մատուցի նրանց՝ մի այլ գրությամբ ուժը կորցրած ճանաչելով նաեւ այս վերջին առաջարկը:
Հ.Գ. Նյութը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ Երեւանի «Դավթաշեն 2-27» Համատիրությունից, ի պատասխան մեր հարցման, ստացանք տեղեկանք այն մասին, որ «Ավետիք Երանոսյանը երբեւէ չի բնակվել եւ չի բնակվում Դավթաշենի 2-րդ թաղամասի 28 շենքի 29 բնակարանում, քանի որ տվյալ բնակարանը 1989-ից պատկանում է սեփականատեր Անդրանիկ Արմենակի Աբգարյանին»: