Ուտելուց առաջ նայեք պիտակին

26/12/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Հանրապետության տարբեր մարզերում ամեն օր շարունակում են ոտնահարվել սպառողների շահերը: Մասնավորապես, Գյումրիի շատ խանութներ չարաշահում են թաղերում իրենց մոնոպոլիստական դիրքերը եւ պարբերաբար իրացնում ժամկետանց, փչացած եւ ապրանքի վերաբերյալ բավարար տեղեկություններ չպարունակող պիտակներով սննդամթերք: Հիմնախնդիրն ավելի է սրվում նախատոնական առեւտրի եռուզեռի օրերին:

Սակայն, ամբողջ «ցավն» այն է, որ հայ սպառողին այս ամենն այնքան էլ չի հուզում: Այս առնչությամբ դիմեցինք «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանին: Վերջինս խոստովանեց, որ սպառողների շահերի պաշտպանվածության վիճակը մարզերում առավել լուրջ է: «Պատճառները մի քանիսն են: Նախ, մեր ձեռքերը քիչ են հասնում մարզեր, իսկ հետո այնտեղ ձեռնարկություններն ավելի հեռու են պետական մարմինների ուշադրությունից»,- մեկնաբանում է Ա. Պողոսյանը: Նա բերեց ակնառու մի օրինակ, երբ Երեւանում հայտնաբերվել էր կարագ, որի փաթեթավորման վրա գրված է եղել միայն «Կարագ» եւ ուրիշ ոչինչ: Այս մասին «Սպառողների միությունը» բազմիցս հայտարարել է ԶԼՄ-ների միջոցով: «Կարճ ժամանակում այդ կարագն անհայտացավ Երեւանից եւ տեղափոխվեց մարզերի շուկաներ, «աչքից հեռու». չէ՞ որ այդ խմբաքանակը պետք էր իրացնել, իսկ «արտադրողները» քաջ գիտակցում էին, որ մայրաքաղաքում նրանք խիստ հսկողության տակ են»,- ասում է Ա. Պողոսյանը:

Իսկ ինչպե՞ս են «Սպառողների միության» «ձեռքերը» հասնում մարզեր: Միությունն ունի ընդամենը 3 բաժանմունքներ` Գյումրիում, Վանաձորում եւ Սիսիանում, ինչն Ա. Պողոսյանը գնահատում է անբավարար: «Ձեռքերի» նման սակավությունը պայմանավորված է ֆինանսների պակասով: «Սակայն մենք երբեմն մարզերում կազմակերպում ենք սպառողական գիտելիքների ուսուցում` բնակիչների մոտ արժանապատվություն եւ պահանջկոտություն առաջացնելու նպատակով»,- ասում է Ա. Պողոսյանը: Վերջերս Կրթության եւ գիտության նախարարության հաստատած ծրագրով մի կիսամյակ նման դասընթացներ իրականացվել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի դպրոցում:

«Սպառողների միության» իրականացրած սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ բնակչության ընդամենը 13%-ն է «խիստ» սպառող եւ տիրապետում է այն առաջնային գիտելիքներին, թե ինչ պետք է անի ժամկետանց կամ ոչ պիտանի սննդամթերք հայտնաբերելու դեպքում:

«Նվազագույնը, որ պետք է իմանանք, ապրանքի արտադրության եւ պիտանելիության ժամկետներին նայելն է: Սա ոչ թե ցանկություն կամ նորմատիվ է, այլ՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջը: Սպառողը պետք է հասկանա, որ դրանց բացակայության դեպքում կարող է վտանգել իր երեխայի առողջությունը»,- ասում է Ա. Պողոսյանը: Երկրորդ, քաղաքացին պետք է «պատժի» խանութին՝ այլեւս այդ հաստատությունից գնումներ չկատարելով: Սակայն առավել պահանջկոտ սպառողներին հետաքրքրում են նաեւ պատժամիջոցների ավելի խիստ ձեւերը: Ո՞ւմ դիմել: Ինչպես պարզեցինք Ա. Պողոսյանից, ոչ պիտանի սննդամթերք հայտնաբերելու դեպքում սպառողը պետք է դիմի հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ «Սպառողների միությանը», պետական մարմիններին, որոնք ի պաշտոնե պարտավոր են այդ խնդիրներով զբաղվել, այն է՝ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն, ՀՀ Որակի պետական տեսչություն: «Եվ վերջապես, պետք է զգուշացնել համապատասխան առեւտրի կետի ղեկավարին: Եթե մի քանիսը նրանց դիմեն, ապա հասկանալի կդառնա, որ վիճակն անպատժելի ու անվերահսկելի չէ»,- խորհուրդ է տալիս Ա. Պողոսյանը: Նա համոզված է, որ եթե հաճախորդներից 10-ից մեկն այսպես վարվի, հիմնախնդիրը նման սրությամբ չի դրսեւորվի: Եվ վերջապես, խանութների ղեկավարները չպետք է մոռանան այն վարչական պատժամիջոցների մասին, որ կարող են կիրառվել իրենց նկատմամբ: Մասնավորապես, առաջին անգամ տուգանքի չափը մոտ 100 հազար դրամ է, սակայն հետագայում այն զգալիորեն աճում է, ընդ որում, հաստատությունը նույնիսկ կարող է զրկվել լիցենզիայից: