Այս տարվա սկզբից ԿԲ-ն նախաձեռնել է ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների ու տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Նպատակը` նախորդ ժամանակաշրջանի համեմատ ներկա վիճակի փոփոխությունը գնահատելն ու հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները պարզելն է: Հետազոտվում են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների կազմակերպություններ: Հարցումներն իրականացվում են ինտերնետի, հեռախոսակապի եւ անմիջական այցելությունների միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվում են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները: 2005թ. չորրորդ եռամսյակին երրորդի նկատմամբ բաղադրյալ ինդեքսները հետեւյալն են` գործարար միջավայրի ինդեքս` 103.5, տնտեսական ակտիվության ինդեքս` 75.5, սպառողների վստահության ինդեքս` 101.2: Տնտեսական ակտիվությունը, ըստ հարցումների, նվազել է, ինչը ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը բացատրում է գյուղատնտեսության եւ շինարարության սեզոնային բնույթով: Առավել նպատակահարմար է նշված ինդեքսները հաշվել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, ինչը ԿԲ-ն կիրականացնի 2006թ. երկրորդ եռամսյակից: Փոքր ճշտում: «168 Ժամ»-ի նախորդ համարի «Դոլարային գրոհը շարունակվում է» հոդվածում հրապարակված վիճակագրական թվերը պաշտոնապես ներկայացրել էր ԿԲ Վիճակագրության վարչությունը: