Կինոռեժիսորների համար բացվում են սահմանները

26/12/2005

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները` ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոգետներ Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը ցանկանում են, բացի բուն փառատոնից, կինոյի զարգացման համար պիտանի տարբեր ծրագրեր իրականացնել:

Լինելով Եվրոպայի Մշակույթի խորհրդարանի անդամ՝ Սուսաննա Հարությունյանը մասնակցել է խորհրդարանի վերջին սեմինարին, որը տեղի է ունեցել Լիսաբոնում: Նրա համոզմամբ` Եվրոպան սկսել է մեծ ուշադրություն դարձնել մշակույթին, քանի որ համարում է, որ նոր գաղափարներն ու եվրոպացիներին միավորող իդեալները կարող են լույս աշխարհ գալ արվեստի ու արվեստագետների շփման արդյունքում: «Մշակույթը կանխատեսում ու բացահայտում է, որը միջմշակութային երկխոսության հնարավորություն է տալիս»,- գրված է Խորհրդարանի հռչակագրում: Կինոն չի ճանաչում ոչ ազգություն, ոչ կրոն, ոչ էլ սահման: Սեմինարի արդյունքում որոշվել է, որ Հայաստանում անցկացվելու է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի Կովկասի հարեւան պետությունների համար ընդհանուր կինոտարածություն ստեղծել: Ազգային ու միաժամանակ համաշխարհային արվեստի գործեր ստեղծելը կարող է յուրահատուկ երկխոսություն լինել` ներկայացնելով հարեւանությամբ ապրող երիտասարդ պետությունների ապրելակերպը, դժվարությունները, սպասելիքները, նաեւ` կենցաղային սովորույթները: Այդ նպատակով «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն անկախ կինոգործիչների ֆորում է ստեղծելու եւ աջակցելու է ռեգիոնի կինոարտադրությանը: «Վերջնական արտադրանքը լինելու են համատեղ ֆիլմերը»,- ասաց Ս. Հարությունյանը: Տարբեր ազգության կինոգործիչների ստեղծած եւ բազմաբնույթ հայացքներ կրող ֆիլմերը հետագայում տարածվելու են ողջ աշխարհում` փառատոների, քննարկումների, սեմինարների ու ցուցադրությունների միջոցով: Նախատեսվում է, որ նորաստեղծ ֆիլմերը վավերագրական կլինեն, քանի որ վավերագրական ճշտությունն ավելի հասկանալի ու ճանաչելի է, քան խաղարկային ֆիլմերի մոտեցումը: Բացի այդ, վավերագրական ֆիլմերը բարդ թարգմանության կարիք չեն ունենա, որը պահանջում է խաղարկային կինոն: Թերեւս այդ պատճառով էլ կարեւորվում է ռեժիսորի դերը, որը վավերագրական կինոյի միակ հեղինակն է: «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի անդամ դառնալու համար հրավերներ են ուղարկվել, իսկ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները հաջորդ տարվա փառատոնի ժամանակ պատրաստ կլինեն ներկայացնել մասնակիցներին եւ քննարկել յուրաքանչյուր առաջարկ ու մեկնաբանություն: Ծրագիրն ունենալու է նաեւ իր հիմնադրամը, Եվրոպական Մշակութային խորհրդարանը սատարում է ծրագրին, բայց այդ աջակցությունը ֆինանսական չէ: Իսկ քանի դեռ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը նոր է սկսվում, «Ոսկե ծիրանի» կազկոմիտեն երկխոսության մեկ ձեւ է գտել. հունվարի 10-ին Իրանում հայկական արտադրության վավերագրական ֆիլմերի ցուցադրում է իրականացնում: Այդ ցուցադրումը ապագայում կշարունակվի Թուրքիայում, Վրաստանում եւ Հյուսային Կովկասի մի քանի այլ երկրներում: «Հայուստանում մշակութային քաղաքականության ոչ մի նշույլ գոյություն չունի: Ռեժիսորներ, կինոպրոդյուսերներ, մենք այժմ ձեզանից լավ արվեստի գործեր ենք սպասում»,- ասաց Հ. Խաչատրյանը: Սահմանները ճեղքելու փորձ անել ցանկացող կինոգործիչները կարող են հետեւել այս կոչին եւ օգտագործել այս հնարավորությունը` կինո նկարահանելու համար: