Զուռնան, կաթսան ու սաքսոֆոնը ներկայացնում են Հայաստանը

26/12/2005

Փետրվարին Մոսկվայի էստրադայի թատրոնում ելույթ կունենա Արտո Թունչ-Բոյաջյանի ստեղծած «Armenian Navy band» նվագախմբի համերգը: «Այն երաժշտությունը, որը նվագում է «Armenian Navy band»-ը, շատ մոդայիկ է, Եվրոպայում այն կոչում են «սարերի հոսանք, որը խեղդեց ամերիկյան դիքսիլենդը»,- գրել են ռուսական թերթերը: «Հայկական նավատորմն» առաջին անգամ է ելույթ ունենալու Ռուսաստանում: Ընդ որում, ձեռք բերելով նոր գերմանացի իմպրեսարիո, խումբը սկսել է շատ ակտիվորեն շրջագայել եւ արդեն մի քանի ամսվա հյուրախաղային խիտ ծրագրեր ունի: Նրանց սպասում են Մադրիդում, Բարսելոնայում, Լոնդոնում: Հայ երաժիշտների ներկայացրած երաժշտությունը տարբեր ուղղությունների եւ գործիքների խառնուրդ է:

Ավանգարդ-ֆոլկ երաժշտությունը ծնվում է ավանդական հայկական դուդուկից, զուռնայից, դհոլից, քանոնից ու դասական «մաքուր» ջազային երաժշտական գործիքներից` սաքսոֆոնից, տրոմբոնից, հարվածայիններից, որոնց ժամանակ առ ժամանակ միանում են շշերի ու կաթսաների հնչյունները: Մեղեդային ֆոլկ-բալլադները, ջազային կոմպոզիցիաներն ավանգարդ հնչողություն են ստանում եւ հաճախ նմանվում են գործիքների մենամարտերի եւ ուրախ երաժշտական ֆոկուսների: Այդ երաժշտությունը միաժամանակ ուրախ, հուզիչ ու խոհական է, քանի որ այնտեղ հումորի, վարպետության ու ճաշակի ճիշտ չափաբաժին կա: «Armenian Navy band»-ը եւ Արտո Թունչ-Բոյաջյանն իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք հայկական երաժշտության առաջնորդներ են: