Նոր օպերա` հայ երգիչների կատարմամբ

26/12/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երգչախումբը պատրաստել են Ջուզեպպե Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայի համերգային տարբերակը: Դեկտեմբերի 25-ին եւ 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ օպերային աստղեր Բարսեղ Թումանյանը, Մկրտիչ Բաբաջանյանը, Արա Ավանյանը, Իրինա Զաքյանը եւ այլք հանդիսատեսին կներկայացնեն Վերդիի սակավ հայտնի օպերաներից մեկը:

14-րդ դարում իտալական Ջենովա քաղաքում կատարվող իրադարձությունները քաղաքական հնչեղություն ունեն: «Այս օպերայում արիստոկրատների ու ռամիկների կոնֆլիկտ կա»,- ասաց հանրահայտ բաս երգիչ Բարսեղ Թումանյանը: Իշխանությունը, սերը, դավաճանությունը օպերայի գլխավոր առանցքն են: «Սիմոն Բոկանեգրան» Երեւանում ոչ թե ներկայացման տեսքով կլինի, այլ` համերգային կատարման, քանի որ օպերան ոչ բեմադրիչ ունի, ոչ էլ դեկորացիաներ: Դատարկ բեմում հնչելու է լավ երաժշտություն` արտասահմանյան օպերային թատրոններում իրենց տեղը գտած հիանալի հայ օպերային երգիչների կատարմամբ: «Դասական երաժշտությունը Հայաստանում չեմ լսում: Դա ինձ համար մեծ դրամա է»,- ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով ցավում է, որ Արամ Խաչատրյանի անվան դահլիճը լեցուն է լինում միայն փոփ-երգիչների համերգների ժամանակ: Նա հույս ունի, որ «Սիմոն Բոկանեգրան» լիարժեք բեմադրություն կդառնա, քանի որ այն բեմադրելու հրավեր է արվել մոսկվաբնակ բեմադրիչ Բորիս Հայրապետյանին: «Արվեստը ներդրում է պահանջում,- ասաց Է. Թոփչյանը: -Իմ էնտուզիազմն արդեն վերջացել է, ու եթե չլիներ Հայկական Բարեգործական ընդհանուր միության աջակցությունը, Ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղուց արդեն գոյություն չէր ունենա»: Հետաքրքրությունն օպերային ժանրի հանդեպ նվազում է ողջ աշխարհում, եւ այս նախաձեռնությամբ փորձ է արվում հիշեցնել, թե որքան մեծ օպերային ներուժ կա մեր երկրում: