Զիդանն ու Ռոնալդոն՝ ընդդեմ աղքատության

26/12/2005

Մադրիդի «Ռեալի» խաղընկերներ Զինեդին Զիդանն ու Ռոնալդոն, որոնք նաեւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ են, ձգտում են ֆուտբոլի միջոցով նպաստել աղքատության դեմ պայքարին։ Նրանց նախաձեռնությամբ` հինգշաբթի օրը գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կայացավ բարեգործական ֆուտբոլային խաղ։ Մրցում էին 2 թիմեր՝ «Զիդան եւ ընկերներ» ու «Ռոնալդո եւ ընկերներ» թիմերը։ Իսկ այդ ընկերները ֆուտբոլի ներկա ու նախկին 20 հանրահայտ աստղեր էին, որոնք չէին մերժել «Ռեալի» խաղացողների խնդրանքը եւ մասնակցում էին խաղին։

Նշենք նաեւ, որ հանդիպումը վարում էր իտալացի Պիերլուիջի Կոլինան, որը թեեւ արդեն թոշակի է անցել, բայց դեռեւս համարվում է աշխարհի ամենահայտնի մրցավարը։

Մասնակիցներն ու կազմակերպիչներն այս խաղով նպատակ ունեին միավորել աշխարհի բնակչությանն` աղքատության դեմ պայքարում, եւ բոլորի ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին։ Հիշեցնենք, 191 երկրների կողմից սեպտեմբերին ընդունված փաստաթուղթը վերաբերում է 2015թ. դրությամբ համաշխարհային աղքատության նվազեցման (մոտ 2 անգամ), սովի, հիվանդությունների, անգրագիտության, շրջակա միջավայրի աղտոտման, գենդերային անհավասարության խնդիրների լուծմանը։

Վերջին շրջանում «Ռեալի» անհաջողությունները, մասնավորապես, սեփական հարկի տակ «Ռասինգից» կրած պարտությունը, ինչպես երեւում էր, չէին ազդել Ռոնալդոյի ու Զիդանի տրամադրության վրա։ Սա իրոք այն դեպքն էր, երբ մասնակցությունն ավելի կարեւոր էր, քան հաղթանակը։ Այդ իսկ պատճառով Ռոնալդոն ու նրա թիմի տղաները առանձնապես շատ չվշտացան 4-2 հաշվով կրած պարտության համար։ Հանդիպման ընթացքում Զիդանի թիմից երկու գոլի հեղինակ է դարձել «Դեպորտիվոյի» հարձակվող Դիեգո Տրիստանը։ Առաջին խաղակեսի վերջում Ֆիլիպ Կոկուն կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն նրա թիմին պարտությունից խույս տալ չի հաջողվել։

Նշենք, որ նախկինում եւս երկու անգամ այսպիսի խաղ է անցկացվել, որից ստացված հասույթը փոխանցվել է Բրազիլիայում, Գվինեայում, Հայիթիում, Մարոկկոյում, Նամիբիայում, Շրի Լանկայում եւ Վիետնամում իրականացվող աղքատության դեմ պայքարի ծրագրերին։ Այս անգամ եւս գումարները ծախսվելու են բարեգործական նպատակներով։ Տոմսերի վաճառքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ընտրված նախագծերի իրականացմանը՝ Ասիայի, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի երկրներում։