Վերջապես ամբողջությամբ հրապարակվել է Վլադիմիր Մայակովսկու ինքնասպանության փաստի առթիվ հարուցված գործը: Այն նոր լույս է սփռում շատ հարցերի վրա: Մայակովսկու սիրած կինը՝ Լիլյա Բրիկը, բանաստեղծի ինքնասպանության օրն ամուսնու հետ գտնվում էր արտասահմանում, սակայն Լիլյայի մտերիմ ընկերը՝ գաղտնի բաժնի պետ Յակով Ագրանովը, կնքում է բանաստեղծի արխիվը մինչեւ նրա վերադարձը: Լիլյան առաջին հերթին ոչնչացնում է բանաստեղծի վերջին սիրած կանանց՝ Տատյանա Յակովլեւային եւ Վերոնիկա Պոլոնսկայային ուղղված նամակները: Նա այրում է նաեւ իրեն ուղղված այն նամակները, որ կարող էին այս կամ այն կերպ ստվեր գցել իր եւ Մայակովսկու հարաբերությունների վրա: Այսպես ծնվում է իդեալական սիրո մասին միֆը: Կարծիք կա, որ Լիլյան «խմբագրել» է նաեւ բանաստեղծի վերջին՝ մահից առաջ գրված նամակը՝ ստորակետ դնելով «Լիլյա» եւ «Բրիկ» բառերի միջեւ (փակագծում հիշեցնենք, որ Բրիկը Լիլյայի ամուսնու՝ Օսիպի ազգանունն է):