Ով` ով է

23/12/2005

Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի եւ Խաչատուր Սուքիասյանի՝ լրագրողների հետ հանդիպման վերջում տնտեսական թեմաներից սահուն անցում կատարվեց քաղաքականությանը։ Մասնավորապես, հարց հնչեց, թե բանախոսներն ինչպես են վերաբերվում որոշ գործարարների՝ կուսակցություններ ստեղծելու պրոցեսին։ Պրն Սուքիասյանը նշեց, որ դա նորմալ է ընդունում՝ եւ մի փուլ է, որը պետք է անցնենք։ Սակայն, ընդհանուր առմամբ, նրա համար անընդունելի է այսքան կուսակցությունների գոյությունը. «2 մլն 700 հազար ազգ ենք, 120-ից ավելի կուսակցություն ունենք։ Դրանցից միայն մի քանիսը լուրջ դերակատարում ունեն, մյուսները ոչինչ չեն անում»,- նշեց պրն Սուքիասյանը։

«Հայաստանում կան երկու լուրջ կուսակցություններ, որոնք ունեն հստակ գաղափարախոսություն՝ ՀՀՇ-ն եւ Դաշնակցությունը։ Իմ կարծիքով, ամենաինտելեկտուալ կուսակցությունը եղել եւ մնում է ՀՀՇ-ն։ 1998-ից հետո այն ինքնամաքրվեց, շատերն այն լքեցին, իսկ այն մարդիկ, ովքեր իրոք հավատարիմ էին կուսակցությանը, մնացին կուսակցության շարքերում։ Այդ իսկ պատճառով ներկայումս այն ամենակայացած կուսակցությունն է»,- ասաց պրն Սուքիասյանը։

Հարց հնչեց՝ իսկ հանրապետականնե՞րը։ Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Անկեղծ լինեմ, որոշ ժամանակ առաջ ես անցնում էի այն փողոցով, որտեղ տեղի էր ունենում հանրապետականների համագումարը։ Գրեթե բոլոր մեքենաները «ԳԱԶ 31» մակնիշի էին եւ բոլորը պետական համարանիշերով։ Դա նշանակում է, որ պահին որ խնդիր առաջանա, նրանք բոլորը դուրս կգան այդ կուսակցությունից, եւ կմնան միայն այն մարդիկ, որոնցից մեկի հետ ես այսօր նստած եմ,- ասաց պրն Սուքիասյանը՝ նկատի ունենալով հանրապետական Գ. Մինասյանին, եւ վերջում սփոփեց իր գործընկերոջը,- ես կարծում եմ, մի այսպիսի փուլ էլ Հանրապետականը կանցնի, եւ որոշ ժամանակ հետո նա էլ կկայանա»։