– Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա քաղաքական իրավիճակը:
– Ճիշտն ասած, շարունակվում է նույն այն քաղաքականությունը, որը հիմնադրվել է: Եվ կարծես պետությունն արդեն կայացած է, եւ առանձնապես մեծ նշանակություն չունի, թե ովքեր են գալիս իշխանության: Ովքեր էլ գան, միեւնույն է, մեր` 1990թ. ընտրած ուղին են շարունակելու: Այլ բան է, որ իշխանավորների փոխվելուց զարգացումները կարող են մի քիչ արագ կամ դանդաղ ընթանալ: Ընդհանուր քաղաքականությունը պահպանվում է, որի համար ես ինձ լավ եմ զգում, քանի որ ինձ համարում եմ հիմնադիրներից մեկը: Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա պետք է ասեմ, որ միանշանակ առաջընթաց կա երկրում, եւ այն արդեն կարելի է տեսնել նույնիսկ անզեն աչքով: Բայց այլ հարց է, որ եթե մեկ ուրիշը, ասենք, լուսահոգի Վազգենն ու Կարեն Դեմիրճյանը լինեին, ինչ կլիներ: Քաղաքականությունը նույնն էր մնալու, կարող է, մի քիչ արագ տեղի ունենային զարգացումները: Սարսափելի ոչինչ չկա, ուրախանալու շատ բան կա:
– Սարսափելի չէ՞ գազի գնի բարձրացումը:
– Նախ` գազի գինը պետք է անպայման թանկանար: Եթե նավթի գինը միջազգային շուկայում անգամ «պատիկով» բարձրանում է, չէր կարող գազի գինը նույնը մնալ ու չբարձրանալ: Ռուսաստանը` որպես պետություն, բնական է, իր շահերն ունի եւ պետք է պաշտպանի այն: Եթե հնարավոր է այն թանկ վաճառել, ապա անպայման վաճառելու է: Բոլորովին ուրիշ խնդիր է, որ մեր ղեկավարությունը պետք է կարողանա Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի մեզ` որպես ռազմավարական գործընկերոջ, հնարավորինս էժան վաճառեն այն: Դրա համար տարբեր ճանապարհներ կան: Օրինակ, տարբերակ կարող է լինել նաեւ այն, որ մեր իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին ասեն` ինչ գնով Վրաստանին եք վաճառում, մեզ էլ նույն գնով վաճառեք: Կա նաեւ փոխհատուցման ճանապարհ: Մեկ-երկու թերթերում կարդացել եմ այդ մասին, սակայն ավելի հեշտ ճանապարհ կա դրան հասնելու համար: Մեր ղեկավարությունը պետք է մտածի այդ տարբերակի մասին:
– Իսկ ո՞րն է հեշտ ճանապարհը:
– Քանի որ իշխանությունները դեռ այդ մասին չեն խոսել, լավ կլինի` ես էլ չխոսեմ ու չբացահայտեմ այդ ուղիները: Գիտեմ, որ բանակցություններ են վարվում, եւ հնարավոր է, այն թանկանա: Եթե հիշում եք, Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ գազը թանկանա, իրենք կհատուցեն այն:
– Ի՞նչ միջոցներով, ի՞նչ է Հայաստանը տալու դրա դիմաց Ռուսաստանին:
– Ձեւեր կան:
– Բյուջեի հաշվի՞ն, թե՞ գործարանների:
– Միայն բյուջեի հաշվին չի լինի: Կան գրանտներ, կա նույն Ռուսաստանի եւ ԵՄ օգնությունը: Իրենք` իշխանությունները պետք է գտնեն դրա ձեւը: Իսկ ինչ վերաբերում է թանկ լինելուն, ապա, կարծում եմ, 110 դրամը թանկ չէ գազի համար: Ի վերջո, մենք այսօր էլ մեր բնակչին գազը վաճառում ենք 110 դրամով, դեռ ավելի թանկ: Այնպես որ` թանկանալը կազդի տնտեսության վրա, բայց մենք արդեն մի քիչ բարձր ենք այդ շեմից ու կկարողանանք դիմակայել դրան:
– Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ ձեզ հեռացրին կառավարությունից:
– Որ իմանաք` ինձ էլ ասեք: Չգիտեմ:
– Ձեզ որեւէ բացատրություն չե՞ն տվել: Չե՞ք խոսել որեւէ մեկի հետ այդ մասին:
– Խոսել եմ բոլորի հետ: Նրանց բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ ու հիմա էլ եմ անընդհատ զրուցում: Բայց այդ հարցը ես երբեք նրանց չեմ տալիս: Գտել են, որ պետք չէ ես աշխատեմ, չեմ աշխատում:
– Իսկ ինչո՞վ եք զբաղվում:
– Կարելի է ասել` ոչնչով: Ընկերս երկաթե կոնստրուկցիաների փոքր գործարան ունի, գնացել եմ այնտեղ, օգնում եմ, աշխատեցնում են, ինձ էլ մի փոքր աշխատավարձ են տալիս: Առայժմ այդպես եմ գլուխս պահում:
– Դրսից հրավերներ չե՞ն լինում:
– Շատ են եղել, նույնիսկ գայթակղիչ: Փորձեցի գնալ, բայց 10 օրից վերադարձա: Չեմ կարողանում մնալ ուրիշ տեղ, կարոտում եմ, չեմ կարողանում… չի ստացվում: Պարզվում է, ես ահավոր շատ եմ սիրում մեր երկիրը, մեր երկրի քարը, ջուրը, հողը, ժողովրդին: Հիմա, որ պաշտոն չունեմ, շատերը վախեցած են բարեւում կամ սովորական բարեւում-անցնում են: Բայց երբ հիշում եմ, թե առաջ ինչեր էին ասում, ինչպես էին բարեւում` զարմանում եմ: Չնայած դրան, միեւնույն է, ես նրանց բոլորին սիրում եմ: Բոլորը մտածում են, թե Զադոյանն այդքան տարիներ աշխատել է, իշխանության է եղել, հիմա եսիմ ինչեր կունենա: Ասում եմ` ոչինչ չունեմ, պարզապես գոյատեւում եմ:
– Փոքր բիզնես է՞լ չունեք:
– Հիմարի նման ոչինչ չեմ ստեղծել:
– Ափսոսում ե՞ք:
– Այո, հիմա շատ եմ ափսոսում, երբ հասկանում եմ, որ չեմ կարողանում ապրել:
– Իսկ այսօր չե՞ք վերանայել ձեր արածն ու չարածը:
– Իհարկե, վերանայում եմ: Գիրք եմ գրում, որը կհրատարակեմ առաջիկայում: Ես հիացած եմ մեր 1993թ. կառավարությունով, որտեղ ոչ ոք ուրիշ բանի մասին չէր մտածում եւ մտածում էր` ինչպես անել, որ այս ժողովրդին հաց ու ջուր հասցնենք, որպեսզի սովի չմատնվի: Ու հասցրեցինք: Բայց այսօր բոլորն այդ մասին մոռացել են: Վատ է, բայց ի՛նչ արած, սա է իրականությունը:
– Եթե այս իշխանությունները ձեզ նորից որեւէ պաշտոն առաջարկեն, կհամաձայնե՞ք աշխատել նրանց հետ:
– Նայած ինչ առաջարկ կանեն: Ինքս զգում եմ, որ դեռ տարիքս այն չէ, որ տանը նստեմ: Էներգիաս տեղն է, կարող եմ աշխատել: Եթե այնպիսի բան առաջարկեն, որտեղ ես կարող եմ օգտակար լինել` կաշխատեմ: Բայց չեն առաջարկի:
– Ինչո՞ւ:
– Դարձյալ չգիտեմ: