Քոչարյանը պառակտեց ընդդիմության շարքերը

23/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը կամաց-կամաց պառակտվում է: Դեկտեմբերի 20-ից դաշինքի աշխատանքներին այլեւս չմասնակցելու որոշում է կայացրել Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նախօրեին տեղի ունեցած ԱԺԿ վարչության նիստում որոշում է կայացվել այլեւս չմասնակցել ոչ «Արդարություն» դաշինքի, ոչ էլ ԱԺ «Արդարություն» խմբակցության աշխատանքներին: Երեկվա մամուլի ասուլիսում Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն առայժմ դուրս չի գալու դաշինքի կազմից: Այն, որ Շ. Քոչարյանը, վաղ թե ուշ, լքելու էր «Արդարություն» դաշինքը, թերեւս ոչ մեկի համար անակնկալ չէր: Արդեն տեւական ժամանակ է՝ դաշինքի եւ Շ. Քոչարյանի միջեւ բավական լարված հարաբերություններ էին տիրում: Պատճառը՝ սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի ներկայացրած նախագծի վերաբերյալ «Արդարության» եւ Շ. Քոչարյանի տրամագծորեն տարբեր գնահատականներն էին: Հակամարտությունը իր գագաթնակետին հասավ, երբ որոշում կայացվեց ԱԺ ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում Շ. Քոչարյանի փոխարեն ներկայացնել Ստեփան Դեմիրճյանին: Եվ հիմա Շ. Քոչարյանը կարծես թե խռովել է դաշինքի իր գործընկերներից ու որոշել է նրանց հետ «այլեւս չխաղալ»: «Այս պահից մենք չենք մասնակցում ոչ դաշինքի, ոչ խմբակցության աշխատանքներին, բայց մենք չենք բացառում մասնակցությունն այն պարագայում, երբ որ «Արդարություն» դաշինքը վերագնահատի իր ամբողջ արածն ու չարածը եւ, ընդունելով իր սխալները՝ գա համապատասխան եզրակացությունների: Այսկերպ մենք «Արդարություն» դաշինքին տալիս ենք հնարավորություն, որպեսզի իրենք ցուցաբերեն այն մոտեցումը, որը մեզ կարող է հնարավորություն տալ մասնակցելու աշխատանքներին»,- իր ընդդիմադիր գործընկերներին այսպիսի ուլտիմատում ներկայացրեց նա: Իսկ եթե «Արդարությունը», հակառակ Քոչարյանի ուլտիմատումներին, չվերանայի իր դիրքորոշումը, ապա վերջինս երեկ սպառնաց, որ ինքը դուրս կգա դաշինքից: Պատգամավորը նաեւ հավելեց, որ «Արդարություն» խմբակցությունից ԱԺԿ-ի դուրս գալ-չգալը կախված է բացառապես իրենից, քանի որ վերջիններս չեն կարող հեռացնել: «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ցույց տվեց, որ «Արդարություն» դաշինքում ընդգրկված կուսակցությունների մեծամասնության համար իշխանափոխությունն ինքնանպատակ է: Այդ իսկ պատճառով էլ ընտրվեց սահմանադրական հանրաքվեն որպես իշխանափոխության առիթ օգտագործելու քաղաքականությունը: Նման քաղաքականության ձախողումն ի սկզբանե կանխատեսելի էր»,- երեկվա ասուլիսում ընդդիմությունից իր խոր հիասթափությունն այսպես արտահայտեց պարոն Քոչարյանը: Վերջինս համամիտ չէ լրագրողների այն դիտարկումների հետ, թե «Արդարության» հասցեին արված այս ուլտիմատումները ԵԽ ԽՎ պատվիրակության կազմից «հեռացնելու» հետեւանք են: «Այն, ինչ կատարվեց՝ կապված իմ փոխարինումով, ընդամենը հետեւանքն է ավելի խոր պատճառների, որոնք բերեցին այսպիսի որոշմանը»,- ասում է Շ. Քոչարյանը: Մեկ նկատառում. Շ. Քոչարյանի ու ԱԺԿ-ի հայտարարության ողջ մաղձն ուղղված էր «Արդարություն» դաշինքի դեմ: Բայց հետաքրքիր է, որ ԱԺԿ նախագահի ձեւակերպմամբ, «սահմանադրական հանրաքվեն որպես հեղափոխության առիթ օգտագործողը» ոչ թե ողջ դաշինքն էր, այլ միայն դրա մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը: Եվ տվյալ դեպքում, որքանո՞վ է արդարացի ողջ մեղքը միայն դաշինքի վրա բարդելը: «Հեղափոխության հիմնական սուրն ճոճողն «Արդարություն» դաշինքի ներսում «Հանրապետություն» կուսակցությունն էր: Բայց դա չի նշանակում, որ չկային այլ անդամներ, որոնք եւս փորձում էին այդ սուրը ճոճել»,- հակադարձեց պատգամավորը: Շ. Քոչարյանը երեկ վստահեցրեց, որ իրենք, այնուամենայնիվ, մենակ չեն մնալու: Եվ առաջիկայում ԱԺԿ-ն պատրաստվում է նաեւ այլ կուսակցությունների հետ համագործակցել: Բայց թե որոնք են այդ կուսակցությունները, Շավարշ Քոչարյանը երեկ համառորեն թաքցնում էր լրագրողներից: «Ես հիմա կոնկրետ այս կամ այն քաղաքական ուժի անվանումը չեմ տա: Մենք համագործակցելու ենք ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքական եւ հասարակական ուժերի ու անձերի հետ,- այսպես բազմանշանակ հայտարարություն արեց Քոչարյանն ու ավելացրեց,- գնալով՝ մենք պետք է համոզվենք մի բանում, որ միայն ժողովրդավարական համակարգի կրողները կարող են ընդդիմադիրի դերն ավելի արդյունավետ կատարել, ավելին, հավակնել, որ երկրում իրավիճակ փոխեն: Մի բան է` լինել այդ արժեքային համակարգի կրող, այլ բան է` չլինելով այդ համակարգի կրողը, հայտնվել ընդդիմադիր դաշտում եւ երազել միայն իշխանության գալու մասին»:

Իսկ Շավարշ Քոչարյանի քայլերն ինչպե՞ս են մեկնաբանում իր գործընկերները: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի խոսքերով, Շ. Քոչարյանի մոտեցումներն արժանի չեն պատասխանի: «Ես նման քաղաքական գործիչ չեմ ճանաչում: Այդ քաղաքական գործիչն արդեն քաղաքական գործիք է դարձել: Իսկ գործիքների հետ կռվելը ճիշտ չեմ համարում,- ասաց «Հանրապետության» նախագահը` ավելացնելով,- ովքեր այսօր պայքարում են իշխանական բուրգում պաշտոն ունենալու համար, իմ կարծիքով, ընդդիմությանը գնահատականներ տալու իրավունք չունեն: Նա միանշանակ երազում է Լարիսա Ալավերդյանի տեղը գրավել: Այդ մարդն ուղղակի կրկնում է բոլոր այն բաները, որոնք Ռոբերտ Քոչարյանն է ասում: Այստեղ նմանությունը մենակ ազգանունների մեջ չի: Այս առումով ինքը հստակ իշխանական ճամբարում է, եւ նրա որեւէ ասած չի տարբերվում իշխանական ճամբարի ասածներից»:

«Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանն էլ զարմանալի է համարում այն, որ հանկարծ Շ. Քոչարյանը սկսել է իրենց հետ ուլտիմատումներով խոսել, այն էլ` իր գործընկերների հետ հաղորդակցվում է մամուլի միջոցով: Ռ. Խաչատրյանը կոռեկտ չի համարում այս պահվածքը: Իսկ ընդհանրապես, Ռ. Խաչատրյանի ասելով, Շավարշ Քոչարյանը միշտ էլ մասնակցել է դաշինքի նիստերին: «Այն մեղադրանքները, որ հնչեցվել են դաշինքի հասցեին, տեղին չեն: Դաշինքը բոլոր որոշումները կայացրել է քննարկումների արդյունքում, եւ Շ. Քոչարյանն ակտիվորեն մասնակցել է այդ քննարկումներին ու դեմ չի եղել: Այս տարիների ընթացքում դաշինքի որդեգրած ուղին ու ծրագրերը հավանություն են ստացել նաեւ Շ. Քոչարյանի ու իր ղեկավարած կուսակցության կողմից: Այդ թվում` նաեւ հանրաքվեի բոյկոտի վերաբերյալ «Արդարության» որոշումը»,- մեզ հետ զրույցում ասաց «Արդարության» լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը: Մնում է միայն հասկանալ, թե իրոք, ինչո՞ւ հենց այս պահին է Շ. Քոչարյանը նմանատիպ հայտարարություններ անում: