Ե՛տ տվեք մեր հողերը

23/12/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների ջանքերով բազմաթիվ ուսանողներ եկել էին (ինչպես հետո պարզվեց, բերման էին ենթարկվել) ԳԱԱ` կոնֆերանսին ներկա գտնվելու: Կոնֆերասը սկսվեց ԳԱԱ փոքր դահլիճում, սակայն դահլիճը լեփ-լեցուն էր, շատերը ոտքի վրա էին, եւ առաջին զեկուցող, Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց իր զեկույցը լսելուց հետո կոնֆերանսը շարունակել ԳԱԱ մեծ դահլիճում: Դահլիճում տիրող մթնոլո՞րտն էր պատճառը, թե՞ երեք ճակատով շրջապատված լինելու գիտակցումը, դժվար է ասել, սակայն ներկա ուսանողներից մեկի սիրտը սկսեց խառնել` իր բոլոր դրսեւորումներով: Եվ մինչ ներկաներից ոմանք փորձում էին օգնել նրան, իսկ կոնֆերանսի մասնակիցները շարժվում էին դեպի ԳԱԱ մեծ դահլիճ, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ղեկավարն իր մոտ կանգնած մի երիտասարդի հանձնարարեց. «Նայեք, որ էրեխեքը չթռնեն»: Ինչեւէ, Վ. Հովհաննիսյանի զեկույցը նվիրված էր «հասարակության եւ ազգային խնդիրների մեջ հայրենակցական միությունների դերին»: Ինչո՞ւ է 85 տարի անց նորից հիշվում Սեւրի պայմանագիրը: Իր առաջադրած այս հարցին պրն Հովհաննիսյանն ինքն էլ պատասխանեց. «Բանն այն է, որ օրակարգից, որպես խնդիրների լուծման մեթոդ, միգուցե մոռացված եւ հանված է Սեւրի պայմանագիրը, սակայն այն խնդիրները, որոնք Սեւրի պայմանագիրը կոչված էր լուծելու Հարավային Կովկասում եւ մերձակա ռեգիոններում, այդպես էլ իրենց լուծումը չեն գտել», իսկ դրա պատճառն, ըստ նրա` այն է, որ «Սեւրն այն ամենաճիշտ մեթոդն էր, որը ժամանակին գտնվել էր»: Հետո ԱԺ փոխխոսնակը սկսեց բացատրել, թե «ի՞նչ տեխնիկական պատճառներ խոչընդոտեցին Սեւրի պայմանագրի` ամբողջական ուժի մեջ մտնելուն»: Իսկ այդ տեխնիկական պատճառն այն է, որ 1920-ին Թուրքիայում կար երկու կառավարություն. սուլթանինը` Ստամբուլում, եւ ապստամբ քեմալականների կառավարությունը` Անկարայում: «Սուլթանը ստորագրեց Սեւրի պայմանագիրը, Անկարան հրաժարվեց դա անել: Դրանով իսկ Սեւրի պայմանագիրը հարցականի տակ մնաց»,- տեղեկացրեց զեկուցողն ու առաջարկեց տեսնել, թե ինչո՞վ փոխարինեցին Սեւրի պայմանագիրը, եւ դա որքա՞ն իրավական հիմքեր ունի: «Սեւրը փոխարինեցին Մոսկվայի պայմանագրով, որը կնքվեց 1921-ի մարտի 16-ին: Բայց մարտի 16-ին Հայաստանում բոլշեւիկյան իշխանություն չկար: Դրա մասին շատերը մոռանում են»,- կարծում է Վ. Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքերով` 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությամբ բոլշեւիկները դուրս էին շպրտվել Հայաստանից, եւ այդ ապստամբությամբ Հայաստանի ժողովուրդը վերադարձրեց օրինական կառավարությունը: «Իսկ այդ օրինական իշխանությունը ոչ մի բան էլ չի ստորագրել` ո՛չ Մոսկվայի պայմանագիրը, ո՛չ էլ` Կարսի: Այս առումով, եթե Սեւրը կասկածի տակ է, որովհետեւ Թուրքիայում կար երկու իշխանություն, նույն ձեւով էլ կասկածի տակ է Մոսկվան եւ Մոսկվայի պայմանագրի հիման վրա հետո ստեղծված Կարսը»,- բացատրում է նա: Ասվածը, սակայն, բոլորովին չի նշանակում, որ Հայաստանն այսօր պետք է ձեռնարկի միջոցներ, դենոնսացիաներ անի եւ դժվարացնի քաղաքական իրավիճակը, բայց ըստ Վ. Հովհաննիսյանի, առնվազն պետք է իմանալ, որ մենք դրա համար որոշակի հիմքեր ունենք: Անդրադառնալով հայրենակցական միություններին` ԱԺ փոխնախագահը տեսակետ հայտնեց, որ հայրենակցական միությունը հասարակական միությունների մի տեսակ է, որը փորձում է վերականգնել կորսված հայրենիքի նկատմամբ «սուբստիտուտը»: Ըստ նրա, Հայստանում կան երկու տեսակի հայրենակցական միություններ. դասական` «Իգդիր», «Վասպուրական», «Ադանա» եւ այլ հայրենակցական միություններ, այսինքն` «այն տարածքների վերապրած հայերի մնացորդները, որոնք կորցրած հայրենիքի խնդիր ունեն»: Նրա խոսքերով` այսօր Հայաստանում կան նաեւ այլ հայրենակցական միություններ, որոնց նպատակը բոլորովին ուրիշ բնույթի է, եւ նրանց տարածքները կորսված չեն: Դրանց շարքում նա նշեց գորիսցիների, ղարաբաղցիների, ապարանցիների, հյուսիսային ջավախեցիների հայրենակցական միությունները: «Ո՞րը ի վերջո կարող է դառնալ այդ բոլորին միավորող կետը: Մենք այսօր գտնում ենք, որ դա Սեւրի պայմանագրի նորից օրակարգ բերելն է»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանն ու ավելացրեց, թե դա չի նշանակում, որ այն անմիջապես պետք է մտնի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի մեջ: «Դրա համար դեռ վաղ է»,- ասում է նա ու առաջարկում ռեալիստ լինել: Հակառակ այս կոչին, ռեալիզմի պակաս էր զգացվում հաջորդ զեկույցում, որը ներկայացրեց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը: Վերջինիս զեկույցը կրում էր «Սեւրի պայմանագրի չիրագործման հետեւանքները Մերձավոր Արեւելքի եւ միջազգային քաղաքականության համար» խոսուն վերնագիրը: Պրն Այվազյանը ներկաներին տեղեկացրեց, թե ինչպիսի անգրագիտություն ու անհեռատեսություն դրսեւորեցին խոշոր պետությունները` «վիժեցնելով Սեւրի պայմանագիրը»: Սեւրի պայմանագիրն, ըստ Ա. Այվազյանի, լուծում էր երեք հարց, որոնց թվում` եւ հայկական ու քրդական հարցերը: Քաղաքագիտության դոկտորի կարծիքով` Սեւրի պայմանագրի վիժեցման արդյունքում քրդերի հարցը մնում է չլուծված, պայմանագրի չիրագործումը նպաստեց ֆաշիզմի առաջացմանը, եւ Եվրոպայում ստեղծվեց առաջին ֆաշիստական պետությունը` Թուրքիան: Հետո պրն Այվազյանը սկսեց բացատրել, թե ինչ նկատի ունենք «հայկական հարց» ասելով: «Հայկական հարցի բուն էությունը հայոց պետականության վերականգնում է պատմական Հայաստանում, առնվազն նրա տարածքային այնպիսի ընդարձակություն ունեցող մի հատվածում, որտեղ հնարավոր է հայկական քաղաքակրթության երկարատեւ, անվտանգ գոյությունն ու զարգացումը»,- մանրամասնում է նա ու հավելում, թե հայկական հարցը հայության անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. հայկական լիարժեք ու ամուր պետականության ստեղծում եւ այդ պետականության անվտանգությունն ամրագրող հողային երաշխիք: Ա. Այվազյանը կարծում է, որ այսօր անտեսվում է Հայաստանի ոչնչացման հավանականությունը, որը կարող է վրա հասնել Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ուղղակի կամ այլ մասնակցությամբ ծրագրվող ու հետեւողականորեն նախապատրաստվող ներխուժման հնարավոր հաջողության դեպքում: «Հայկական հարցն իրավական որեւէ լուծում չի ստացել: Հայկական հարցի փոխակերպումներն ամենափայլուն կերպով կարողանում են արտահայտվել նախ` Արցախի հիմնահարցով, վերջերս էլ` Ջավախքի առումով»,- շարունակում է նա: Ա. Այվազյանի խոսքերով` անվտանգության միջազգային երաշխիքները պատրանք են, եւ մենք մեր անվտանգությունը պետք է կառուցենք հողի վրա: Զեկույցների շարքն այսքանով չավարտվեց, սակայն արդեն երրորդ զեկույցի ժամանակ ներկաներից ոմանք բառի բուն իմաստով քնել էին, եւ դժվար է գուշակել, թե ինչ էին տեսնում երազում: