ԱՊՀ-ն ապօրինի նախագահների ակո՞ւմբ է

23/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Իսկ գազի գնի կտրուկ թանկացումով ՌԴ-ն հերթական ապտակը հասցրեց մեզ: Ու փոխանակ այս ամենից մեր բարձրաստիճան պաշտոնյաները որոշակի դասեր քաղեն եւ իրենց արտաքին քաղաքականության մեջ ճշգրտումներ մտցնեն, ընդհակառակը, ավելի ու ավելի են նվաստանում Ռուսաստանի առջեւ: Ի դեպ, վերջերս էլ ռուսական թերթերում մի ուշագրավ հրապարակում կար. հետխորհրդային երկրներից միայն Տաջիկստանն ու Հայաստանն են, որ ռուսական ռազմաբազաները պահելու համար փող չեն «գանձում» Ռուսաստանից: «Ռուսական բազաների հետ կապված ունենք պայմանագիր, որը երկարատեւ է, եւ այս պահին մտադրություն չկա այն փոխելու»,- օրերս այսպիսի հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Թերեւս, այսքանից հետո վիրավորվել ռուսական կողմի որակումներից, թե Հայաստանը ՌԴ-ի ֆորպոստն է Հարավային Կովկասում, ուղղակի անտրամաբանական է: Իսկ ինչպես են հայ-ռուսական դարավոր բարեկամության «հերթական նվաճումներին» վերաբերվում մեր քաղաքական կուսակցությունները:

«Գազի գինը թանկացնելով Ռուսաստանի Դաշնությունն իր համար ամենեւին էլ տնտեսական խնդիրներ չի լուծում,- երեկ մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը` ավելացնելով,- նա պատրաստ է ՀՀ-ին վարկ տրամադրել` շատ պարզ տրամաբանությամբ, որպեսզի հետո ՀՀ-ից ինքնիշխանության եւ գույքային զիջումներ կորզի»: Ընդհանրապես, Սուրեն Սուրենյանցի գնահատականներով, ԱՊՀ-ն, Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո, այսօր վերածվել է «ապօրինի նախագահների ակումբի»: «Ցանկացած մեկը, որ իր երկրում ունենում է լեգիտիմության պրոբլեմ, անմիջապես դառնում է ՌԴ սիրելին: Իր իշխանության վերջին շրջանում, երբ Վրաստանում կեղծվեցին խորհրդարանական ընտրությունները, արեւմտյան արժեքներին դավանող Շեւարդնաձեն դարձավ ռուսամետ, Ռուսաստանի սիրելին: ՌԴ-ն ու ԱՊՀ-ն հարմար տանիք են դարձել` ապօրինի իշխանություններին հովանավորելու համար»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը: Նրա խորին համոզմամբ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի արտաքին քաղաքականություն: Այդ արտաքին քաղաքականություն կոչվածն ընդամենը ծառայեցվում է ռեժիմի մասնավոր շահերին: Եվ այդ իսկ պատճառով Ռուսաստանը Հայաստանի հետ վարվում է ինչպես հարկն է: «Եվ դրա համար ցանկացած «շեղումների» պարագայում, որեւէ ինքնուրույն քայլ կատարելու դեպքում, Կրեմլը ՀՀ իշխանություններին հասկացնել է տալիս, թե ում շնորհիվ են նրանք շարունակում պաշտոնավարել»,- կարծում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը: Զրուցակցիս խոսքերով, ՌԴ-ն մեր տարածաշրջանում վարում է ապակայունացնող քաղաքականություն, որը, սակայն, վտանգում է մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Ուստի, նա կարծում է, որ «ընդդիմության պայքարի գաղափարաքաղաքական հիմքը հենց պետք է դառնա իրապես անկախ հանրապետության վերականգնումը։ Եվ այդ իմաստով ընդդիմության պայքարը ոչ թե սոսկ իշխանափոխության խնդիր ունի, այլեւ երկրի իրական անկախության վերականգնման նպատակ»: «Թե Վրաստանում, թե Ուկրաինայում դեմոկրատական հեղափոխությունների բաղկացուցիչներից մեկը հակակայսերական տրամադրություններն էին: Այդ հեղափոխություններն ինչ-որ իմաստով ուղղված էին ՌԴ-ի ապակառուցողական ազդեցության չեզոքացմանը»,- ասում է պարոն Սուրենյանցը: Եվ կայացած հեղափոխություններն ու դրան հաջորդած ընտրությունները նա որակում է որպես անկախության երկրորդ, յուրօրինակ մի հանրաքվե: «Հիմա էլ մենք պետք է որոշենք` հավատարի՞մ ենք մնալու Սեպտեմբերի 21-ի խորհրդին, թե՞ շարունակելու ենք այն կործանարար քաղաքականությունը, որի պատճառով վերածվել ենք Ռուսական գուբերնիայի»: Ի դեպ, Սուրեն Սուրենյանցն անհեթեթ է համարում նաեւ այն հանգամանքը, որ իշխանություններն իրենց երկրի անվտանգությունը կապում են երրորդ երկրի հետ ու թույլ են տալիս իրենց տարածքում ռազմական ներկայություն:

«Անհեթեթ է մտածելը, որ իրեն հարգող որեւէ երկիր կհամաձայնի օտար երկրի ռազմաբազայի հետ կապված ֆինանսական պարտավորություններն իր վրա վերցնել: Իմ անձնական կարծիքով, ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը բարձրաձայնի Ռուսական ռազմական բազաները ՀՀ-ի տարածքից դուրս տեսնելու քաղաքական մտադրության մասին»,- ասում է պարոն Սուրենյանցն ու ցույց տալիս սեփական երկրի անվտանգության երաշխիքները: Այն է` հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Ի դեպ, Ս. Սուրենյանցը նաեւ հավելեց, որ ինքը հակառուսական տրամադրություններ չունի: «Ուղղակի ռուսական քաղաքականությունը, որ վարվում է Կրեմլի կողմից, անընդունելի է: Որեւէ երկիր, որ իր քաղաքականությամբ կսահմանափակի ՀՀ ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ես այդ երկրի քաղաքականությունը դատապարտելու եմ: ՌԴ քաղաքականությունը ես այսօր դատապարտում եմ այդ համատեքստում»,- ասում է նա: