Երեք Արամ, մեկ Վազգեն.
մեկ Արշակ ու մեկ Արտաշ,
երկու Ստեփան, մի Վիկտոր
դարձան ազգի դիրեկտոր։
Ոչ տնօրեն, ոչ էլ պետ,
այլ ուղիներ ցուցանող.
դարձան այսպես դիրեկտոր
կես Շավարշ ու կես Ալբերտ։
Մեկը մեկին տվեց ուս,
ազգն էր, սակայն, շատ անուս,
չուներ թասիբ ու նամուս,
բայց պահում էր իրեն կույս։
Դուրս չէր գալիս, չէր ցցվում
փողոցներում, ուր կար հույս,
թե այս գարուն կամ աշուն
ծիլ կտա մի անհայտ բույս։
Չէր պատահում, ախ, ավաղ
պատահարն այդ դյութական,
որ եղել էր Թիֆլիսում,
եւ մայդանում կիեւյան։
Երեք Արամ-մեկ գարուն,
Արշակ, Արտաշ-մի ամառ,
Վազգեն, Վիկտոր-մի աշուն,
ցուրտ ձմեռը – զույգ Ստեփան։
Չէր գալիս այն հինգերորդ
եղանակը մոգական,
որ հողմերը հաղթական
թռցնեին Սերժ ու Ռոբ։
Վեցերորդն էլ չէր գալիս,
էլ չխոսենք մենք յոթից,
բայց տղերքը քաջարի
չեն կարմրում ամոթից։
Ժամկետներ են ծածանում
ասպարեզում ամայի
եւ ասում են, թե կգան,
երբ մոմենտը պատահի։
Ախ, մոմենտը դյութական
չի պատահում մեր ազգին,-
մերթ անձրեւն է անչափ թաց,
մեկ էլ տապն է սոսկալի,
մեկ կանգնելն է տաղտկալի,
մեկ լսելը անիմաստ,
չի հանդիպում զանգվածին
փոթորիկի ոգին հաստ։
Ախ մոմենտը դյութական
չի հանդիպում մեր ազգին,-
մերթ քվեն է հույժ կեղծված,
մերթ էլ լուրը «Հայլուրի»,
որ ասում է, թե ամա
փողոցներում քաղաքի
անտես մարդիկ կան հիմա
անլուր ձայնով «Այո»-ի։
Եվ ասում են էդ գիշեր
քեֆ են արել Սերժ ու Ռոբ,
«Այո» ասել ու զարկել
գավաթները՝ լի գինով։
Եվրոպայից այդ պահին
զեփյուռի պես շրշալով
մի նամակ է հասել տեղ
դիպլոմատիկ կնիքով։
Գրել են, թե ձեր «Այո»-ն
«Ոչ» է սակայն ոչ այնքան,
որ չհաշվենք այն «Այո»
մշուշի մեջ այս աշնան։
Եվ ասում են էդ գիշեր
քուն են մտել Սերժ ու Ռոբ
ու խոր քնում նկատել
Մեղրու դուռը – արդեն խուփ։
Ծանր երազ… Չլինի՞
մոմենտն է սա դյութական.
չորս շարասյուն ուս ուսի
պողոտայում Բաղրամյան։
Ձայն են տալիս ու կանչում
շարասյունին հինգերորդ,
որ քնած չէ պալատում
ու դարպասներն է բացում։
-Զարթիր քնից մահաբեր,-
ձայնում է Ռոբը Սերժին,-
շտապ ասա, որ այստեղ
փշալարի ծառ բուսնի։
-Բեր քառասուն բետեէռ
եւ մի այդքան տանկ արի.
ջուր ցանենք, որ մեր երկրին
կայունություն պարգեւի։
Եվ մինչ այսպես պալատում
խուճապ էր մի դիվական
տղերքին էր միանում
Րաֆֆին – բեղով պատվական
ու ժպիտով, որ կա, երբ
ինքն էլ չկա իսկական։
Րաֆֆին թեժում էր այնտեղ
եղանակները տարվա,
քսանմեկ հարցմունք ուղղելով,
քսանմեկ սլաք – Հայկաբար։
-Ասա հիմա, գոռոզ Բել,
քանի՞ մարդ ես սպանել,
քանի՞ տուն ես ավերել,
որքա՞ն ոսկի ես դիզել։
Աղեղալարը պրկվեց
քսանմեկ անգամ, քսանմեկ զարկ,
բայց դիտապաստ չփռվեց
նախագահը Քոչարյան։
Սուրհանդակները ծեգին
լուր բերեցին Մոսկովից,
թե Պուտինը զայրացած
գազն է փակում Կովկասի։
Ասում է՝ խարջը բերեք,
խարջը իմ մեծ տերության,
թե չէ նորից ես կառնեմ
գույքը ամբողջ հայության։
Ծեգին էս լուրն առնելով
կազմեցին նոր մի ֆորմատ-
տասնութին պլյուս ութ
մինուս մոմենտ ու զանգված։
Մեկը ասաց՝ դե դավայ,
ժամն է արդեն գործելու,
մյուսը ասաց՝ քիչ սպասենք,
Նոր տարին է մոտենում։
Մեզնից մեկը անպայման
Ձմեռ պապ է լինելու,
բայց ո՞վ, դժվար է ասել,
քանզի շատ ենք դաշինքում։
Երեք Արամ, մեկ Վազգեն.
մեկ Արշակ ու մեկ Արտաշ,
երկու Ստեփան, մի Վիկտոր,
կես Ալբերտ ու կես Շավարշ։
Հիմա իրենց մտքերում
տոնածառն են զարդարում
զանգվածով ու մոմենտով,
ժամկետներով շողշողուն։
Իսկ խեղճ ազգը մեր անուս
առավոտից մինչեւ մութ
աշխատում է քրտնաջան,
որ տուն տանի խոզի բուդ։