Արդեն տեւական ժամանակ է՝ Երեւանի տաքսիների վարորդները մի թեմա են քննարկում: Այն է` ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ընկերությունն օրերս ավելի քան 300 «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա է ներկրելու Հայաստան։ Ըստ վարորդների, մեքենաներից 150-ն արդեն բերվել է, սպասվում է եւս 150-ը: Նույն վարորդների շրջանում խոսվում է նաեւ այն մասին, թե Գ. Ծառուկյանի թիկնազորի պետն ունի սեփական տաքսի ծառայություն, որի անունն է «Նեպտուն» եւ որը ներկա դրությամբ ունի մոտ 20 մեքենա, եւ թե սպասվող 300 ավտոմեքենաները գործելու են «Նեպտուն»-ի մեջ։ Փոքր տաքսի ծառայությունները լրջորեն մտահոգված են այս փաստով, քանի որ դա լուրջ վնաս կարող է հասցնել նրանց գործունեությանը։ Վարորդներից մի քանիսը, սակայն, մեզ հետ զրույցի ընթացքում ասում էին, թե իրենց համար միեւնույն է՝ ով կներկրի մեքենաները կամ որ ընկերության հետ կաշխատեն: Սա վերաբերում է հատկապես այն վարորդներին, ովքեր սեփական մեքենաներ չունեն եւ վարում են տվյալ ընկերության մեքենաները։ Իսկ սեփական մեքենա ունեցողները, ովքեր ավելի քիչ տոկոս են վճարում պատվերներ ապահովող ծառայությանը, բավականին մտահոգված են։ Նրանց առաջարկվելու է աշխատել կա՛մ ավելի ցածր տոկոսով, կա՛ էլ պարզապես ամսական աշխատավարձով։
Ըստ այս ոլորտի աշխատողների, ներկրված «Վոլգաներն» Ամանորի առիթով կարող են արդեն «մտցվել գիծ», եւ սպասվում է, որ դրանց թիվն ապագայում էլ ավելի կմեծանա։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ուղեւորի համար սա ավելի լավ է. որքան շատ մեքենա՝ այնքան մեծ մրցակցություն, բարձրորակ սպասարկում եւ ցածր գին։ Սակայն մեկ շատ հզոր տաքսի ծառայության ստեղծումը կարող է շուկայից դուրս մղել մյուս բոլոր ընկերություններին։ Եթե հաշվի առնենք, որ առանց այն էլ գործող շատ տաքսի ծառայությունների մեքենաները լիցքավորվում են Գ. Ծառուկյանին պատկանող գազալցման կայանից, ապա արդյոք այս ոլորտում մենաշնորհ չի՞ ձեւավորվի։ Եվ արդյոք ապագայում տաքսիից օգտվելու հաճույքը զգալիորեն չի՞ թանկանա, մանավանդ, եթե հաշվի առնենք գազի գների սպասվող թանկացումը։ Սպասվող «Վոլգաների» մասին հարցով դիմեցինք «Մուլտի Գրուպ» ընկերության լրատվական ծառայությանը, որտեղից հերքեցին Գ. Ծառուկյանի ղեկավարած ընկերության կողմից տաքսի ծառայության համար թվով 300 ավտոմեքենաների ներկրման մասին լուրերը: Հերքեցին նաեւ շշուկները, թե Գ. Ծառուկյանի թիկնազորի պետն ունի որեւէ տաքսի ծառայություն: Սակայն հաստատեցին, որ «Նեպտուն»-ը «Մուլտի Գրուպ» ընկերության կառույցի մեջ է մտնում:
Սեփ.լր.