Եվ այսպես, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանն ամենայն հավանականությամբ կստանա մոտ 236 միլիոն դոլար, ինչը մեր երկրի համար հսկայական գումար է, եւ, ի դեպ, ավելին է, քան ակնկալում էինք ստանալ։ Իհարկե, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նախագահը նաեւ բավականին կտրուկ նամակ է հղել նախագահ Քոչարյանին, որտեղ կոնկրետ նշվում է, թե ինչ քայլեր պիտի անի Հայաստանը` այդ գումարը ստանալու համար (եթե այդ քայլերը չարվեն, ծրագիրը կարող է նաեւ չեղյալ հայտարարվել)։ Պարզ ասած, մեզ հետ վարվել են այնպես, ինչպես ուսուցիչն է վարվում ծույլիկ աշակերտի հետ` կիսամյակը փակելուց առաջ պայմանական «երեք» նշանակելով եւ սպառնալով, որ եթե հետագայում լավ չսովորենք, «կմնանք նույն դասարանում` դասընթացը հիմնավորապես կրկնելու համար»։ Իրականում այդպիսի բան, իհարկե, հազիվ թե տեղի ունենա։ Միացյալ Նահանգներում լավ են հասկանում, որ Հայաստանի այսօրվա իշխանություններից «կոռուպցիայի դեմ պայքար» եւ «ավելի արդար կառավարում» չարժե ակնկալել, եւ եթե նման իրավիճակում մեզ այնուամենայնիվ հսկայական գումար են խոստանում, ուրեմն դրա համար շատ ավելի պրագմատիկ պատճառներ ունեն։
Պատահակա՞ն էր արդյոք, որ 236 միլիոն դոլարը մեզ խոստացվեց հենց այն պահին, երբ Ռուսաստանը վերջնականապես որոշեց Հայաստանին մատակարարվող գազի սակագները կտրուկ բարձրացնել։ Ընդ որում, Ռուսաստանը մեզ հասկացրեց, որ մենք, ճիշտ է, «ֆորպոստ» ենք, բայց այնուամենայնիվ Բելառուս չենք։ Եվ որպեսզի հանկարծ հանուն էժան գազի չորոշենք դառնալ Բելառուսից ավելի ռուսամետ, ճիշտ ժամանակին մեզ «փոխհատուցում» առաջարկվեց։ Այլ հարց է, թե արդյո՞ք հնարավոր կլինի այդ 236 միլիոնով խելքի բերել Հայաստանի տնտեսությունը (մանավանդ, որ այդ գումարներով տնտեսություն զարգացնելը, մեղմ ասած, չի խրախուսվում)։ Այլ կերպ ասած` համարժե՞ք են արդյոք անհատույց տրամադրվելիք 236 միլիոն դոլարն ու էժան գազը։ Ինչ-որ առումով թերեւս համարժեք են, որովհետեւ միեւնույն է` էժան գազով նույնպես մեզ չհաջողվեց տնտեսություն զարգացնել։ Եվ ընդհանրապես, Հայաստանում տնտեսության զարգացումը երկու հիմնական խոչընդոտ ունի` կոմունիկացիաների բացակայությունը եւ կոռուպցիայի բարձր մակարդակը։ Ո՛չ էժան գազը, ո՛չ «Հազարամյակի մարտահրավերների» շռայլ գումարներն այս երկու պրոբլեմներից որեւէ մեկը չեն լուծում։ Բայց արդյո՞ք իշխանությունները կկարողանան կատարել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ակնկալած քայլերի գոնե մի մասը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում, իհարկե, կոնկրետ քայլեր ակնկալելն անիմաստ է։ Հանրաքվեի ընթացքում կեղծիքներ իրականացնողները նույնպես չեն պատժվի։ Բայց ահա խոսքի ազատության եւ ընդդիմության հետ հրապարակային բանավեճերի ասպարեզում առաջընթաց կարող է արձանագրվել։ Ընդդիմությունը Հայաստանում երբեք այնքան թույլ չի եղել, որքան հիմա, եւ իշխանություններն առաջիկայում հեղափոխական գործընթացներից վախենալու պատճառ չունեն։ Այսինքն` կարող են իրենք իրենց մի քիչ ժողովրդավարություն թույլ տալ։
Ընդ որում, այս հնարավորությունը բավականին հետաքրքիր ձեւով հիմնավորեց Գագիկ Ծառուկյանը` կարծիք հայտնելով, թե 2007 թ. խորհրդարանական ընտրություններն անհամեմատ ավելի ազնիվ են լինելու։ Պարզ ասած, քանի որ ընդդիմությունը շատ թույլ է, եւ իշխանական դաշտն ընդդիմության դեմ համախմբվելու խնդիր չի ունենալու, նույն իշխանական դաշտի ուժերը պայքարելու են միմյանց դեմ եւ օգտագործելով ամեն մեկն իր լծակները` վերահսկելու են միմյանց։ Իսկապես, մի բան է, երբ որեւէ լծակի չտիրապետող ընդդիմությունն է փորձում վերահսկել ընտրությունները, եւ միանգամայն այլ բան, երբ լծակներ ունեցող ուժերն են փորձում վերահսկել միմյանց` լավ հասկանալով, որ յուրաքանչյուրը փորձելու է կեղծիքներ իրականացնել մյուսի հաշվին։
Մի խոսքով, 2007-ին Հայաստանում կարող է ստեղծվել շատ հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ։ Իշխանական տարբեր թեւերը ներկայացնող ուժերը կարող են (եւ արդեն սկսել են) իրար միջեւ բաժանել ոչ միայն ընդդիմության պասիվության արդյունքում «անտեր մնացած» ժողովրդին, այլեւ նույն ընդդիմության լիդերներին։ Հետաքրքիր է, եթե այդ «բաժանումն» արդար լինի, հնարավոր կլինի՞ համարել, որ Հայաստանում քաղաքական այլակարծությունը բարձր մակարդակի վրա է, եւ միջազգային հանրությունը կգոհացնի՞ արդյոք զուտ ձեւական առումով բավականին տանելի այդ «ժողովրդավարությունը»։