Արդեն մի քանի օր առաջ բոլորի համար պարզ էր, որ Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվելու ամենահավանական եւ արժանի թեկնածուն գրոսմայստեր Լեւոն Արոնյանն է։ Հայաստանյան 37 մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում նա ճանաչվել է լավագույնը։ Երկրորդ տեղում ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանն է, իսկ երրորդը՝ Մովսես Կարապետյանը, որը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնն է։
Լեւոն Արոնյանը ողջ տարվա ընթացքում փայլուն հանդես եկավ եւ դեռ մինչեւ Իսրայելում անցկացված Աշխարհի թիմային առաջնությունը ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում զբաղեցնում էր պատվավոր 10-րդ տեղը։
Նշենք, որ ըստ որոշ գնահատականների` Լեւոնի անհատական գործակիցը, որն այժմ 2724 է, կբարձրանա 18 կետով։ Ըստ ճանաչված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի, Լեւոն Արոնյանը կարող է հայտնվել 4-րդ կամ 5-րդ հորիզոնականում։ Լպուտյանը վստահ է, որ Լեւոն Արոնյանը կարող է փայլուն հանդես գալ հաջորդ տարի կայանալիք աշխարհի բացարձակ չեմպիոնի համար մղվող պայքարում։ Ավելին, Լպուտյանը նրան համարում է չեմպիոնի ամենառեալ հավակնորդներից մեկը։
Նշենք, որ արտասահմանցի գրեթե բոլոր լրատվամիջոցները հիացմունքով են խոսում Լեւոն Արոնյանի մասին, ոչ միայն նրա խաղի, այլ նաեւ` համեստ պահվածքի տեսակետից։ Նրա կերպարի մասին կարելի էր կարծիք կազմել Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից, որտեղ, երբ հարց տրվեց ՖԻԴԵ-ի գծով աշխարհի չեմպիոնի գավաթը Վ. Թոփալովից խլելու մասին, նա պատասխանեց. «Դեռ շուտ է այդ մասին խոսել եւ մտածել Թոփալովի նման շախմատիստի հետ ոտք գցելու մասին»։ Մինչդեռ իր անցկացրած խաղերում նա պարտության է մատնել ոչ պակաս տաղանդավոր շախմատիստների, օրինակ, Վասիլի Իվանչուկին, Էթյեն Բաքրոյին, ՖԻԴԵ-ի գծով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին եւ այլոց։ Չնայած Արոնյանի անունն այնքան հաճախ չի շրջանառվում շախմատային աշխարհին առնչվող լուրերում, որքան մյուսներինը, սակայն նրա փայլուն խաղը Խանտի-Մանսիյսկում ոչ մեկի համար անակնկալ չէր։ «Արոնյանը մասնակիցների մեջ իր վարկանիշով զիջում էր միայն Իվանչուկին եւ Բաքրոյին։ Նա ի սկզբանե համարվում էր հաղթողի գլխավոր ֆավորիտ եւ նրա հաջողությունը ոչ ոքի համար անակնկալ չէր։ Արոնյանը չի մասնակցել սուպեր-մրցաշարերի, եւ իր վարկանիշն ավելացրել է բաց առաջնություններում հանդես գալով»,- գրում է ռուսական ճանաչված պարբերականներից մեկը։
Բացի պատվավոր գավաթից, Արոնյանը նաեւ պարգեւատրվեց 100 հազար ԱՄՆ դոլարով եւ նպատակահարմար է գտնում, որ դա տնօրինի ոչ թե ինքը, այլ իր ընտանիքը. «Մեծ ընտանիք ենք, ընտանիքով կորոշենք ինչի վրա ծախսենք։ Համենայն դեպս, ինձ ինչ պետք է` ես հիմա ունեմ»,- ասում է նա։
Հետաքրքրիր մի փաստ եւս. Արգենտինայի լավագույն մարզիկ է ճանաչվել ծագումով հայ թենիսիստ 23-ամյա Դավիթ Նալբանդյանը։ Շանհայում անցկացված տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող ճանաչվելը մեծ դեր է խաղացել այս հարցում։ Հավաքած ձայների քանակով Նալբանդյանն առաջ է անցել «Սան-Անտոնիո» թիմի բասկետբոլիստ Մանու Ջինոբիլիից եւ «Բարսելոնի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից։
«168 ժամ»-ի անձնակազմը, որը ողջ առաջնության ընթացքում անհամբերությամբ հետեւում էր Լեւոն Արոնյանի խաղին, շնորհավորում է նրան եւ մաղթում նորանոր բարձունքներ։ Շնորհավորում ենք նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր, շախմատի տղամարդկանց հավաքականի մյուս անդամներին՝ Հայաստանի տարվա լավագույն թիմ ճանաչվելու կապակցությամբ։