«Կիկոսի մահը» մի սարքեք

23/12/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հարցերին պատասխանում էին ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու նույն հանձնաժողովի անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Խոսակցությունը, բնականաբար, վերաբերում էր ՀՀ տնտեսությանը, 2005թ. գնահատականներին եւ գալիք տարվա սպասելիքներին։ Երկու պատգամավորներն էլ անցնող տարին գնահատեցին նորմալ։ Երկուսն էլ կարծում են, որ տարվա ընթացքում ունեցել ենք նորմալ տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի կշարունակվի նույն տեմպերով։

Այնուամենայնիվ, պրն Սուքիասյանը նշեց տնտեսության զարգացման մի շատ կարեւոր խոչընդոտի՝ բյուրոկրատիայի մասին։ «Երբ ֆիզիկական անձը գործ է բռնում մեկ այլ ֆիզիկական անձի հետ, կամ իրավաբանական անձը՝ մեկ այլ իրավաբանական անձի հետ, ամեն ինչ ընթանում է շատ նորմալ։ Պայմանավորվածությունները գործում են, պատվերները կատարվում են ժամանակին, մի խոսքով, շատ փայլուն շուկայական հարաբերություններ են ձեւավորվում։ Հենց որ քաղաքացին կամ իրավաբանական անձը հարաբերվում են պետական որեւիցե մարմնի հետ, այդտեղ արդեն անհասկանալի է։ Մարդը չի գնահատվում, մարդուն կարող են դեն շպրտել, կարող են չսպասարկել, եւ մարդիկ դժգոհ հեռանում են»,- ասաց պրն Սուքիասյանը։

Իսկ պրն Մինասյանը տնտեսության զարգացման ամենամեծ գործոնը համարում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը. «Որքան կատարյալ լինի մրցակցությունը, տնտեսական հարաբերություններն այնքան առողջ կլինեն։ Տնտեսական մրցակցությունից ավելի կարեւոր բան չկա եւ չի կարող լինել»,- ասաց պրն Մինասյանը։

Պատգամավորներին հարց ուղղվեց նաեւ դրսից եկող տրանսֆերտների մասին, որոնք, ըստ ՀՀ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի գնահատման, կազմում են մոտ 1 մլրդ դոլար։ Հարցը մասնավորապես այն մասին էր, թե այդ գումարները որքանո՞վ են նպաստում վճարունակ պահանջարկի, հետեւաբար` եւ առաջարկի ստեղծմանը։ Ավելի պարզ ասած՝ որքանո՞վ են ազդում տնտեսական աճի վրա։

Ըստ էության, մամուլում այս 1 մլրդ դոլարի մասին նշվում է այն ենթատեքստով, որ մենք գոյատեւում ենք դրսից (մասնավորապես` Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից) եկող գումարների հաշվին։ Պատգամավորները նշեցին, որ 1 մլրդ դոլարն այդքան էլ մեծ թիվ չէ, եթե համեմատում ենք ՀՆԱ-ի հետ։ Պրն Սուքիասյանը նշեց, որ տրանսֆերտներ ստանում են գրեթե բոլոր երկրները, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է մոտ 600 մլն դոլար։ Ի դեպ, որքան շատ ստանում ենք, այնքան շատ էլ դուրս ենք տալիս, քանի որ արտահանման եւ ներմուծման բացասական սալդոն շարունակում է մեծ մնալ։ Գ. Մինասյանը նշում է, որ այստեղ մենք եւս ունենք դրական դինամիկա. «Ճիշտ է, բացասական հաշվեկշիռը մեծ է, սակայն երբ համեմատում ենք ՀՆԱ-ի հետ, ապա տեսնում ենք, որ այն նվազելու միտում ունի։ Եթե 2001թ. արտաքին առեւտրի բացասական սալդոն կազմում էր ՀՆԱ-ի 25%-ը, ապա 2005թ. համար այն կրկնակի նվազել է՝ 12%»։

Ինչպես եւ սպասվում էր, ուշադրությունից դուրս չմնաց նաեւ գազի հարցը։ Գազի սակագնի բարձրացման արդյունքում առաջացող համընդհանուր ինֆլյացիան բացասաբաց կարող է ազդել մեր արտադրանքի մրցունակության, հետեւաբար նաեւ` արտահանման աճի վրա։ Խ. Սուքիասյանը գտնում է, որ այդ ազդեցությունը կզգան բոլորը, իսկ արտահանողները՝ մի փոքր շատ, սակայն, ընդհանուր առմամբ, դրա բացասական հետեւանքներն այնքան էլ մեծ չեն լինի։ Խ. Սուքիասյանը նաեւ դրական բաներ է տեսնում գազի թանկացման մեջ. «Եթե գազի գինն արհեստականորեն ցածր էր, ապա դրա բարձրացումը մինչեւ նորմալ շուկայական գինը կարելի է դիտարկել որպես դրական երեւույթ, քանի որ այժմ շատ կազմակերպություններ կմտածեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու եւ այնտեղ ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Իսկ ներկա արհեստական ցածր գնի պայմաններում այդ ներդրումները գայթակղիչ չեն։ Կարծում եմ, 2008-ից մենք այս ուղղությամբ զգալի արդյունքներ կունենանք»։

Գ. Մինասյանը լիովին համաձայն էր իր գործընկերոջ հետ. «Դա նպաստում է առողջ մրցակցային դաշտի ձեւավորմանը»։ Ամբողջ հարցը հենց այն է, թե արդյո՞ք այդ գները շուկայական են ու մրցակցային։ Ասենք, 110 դոլարով գազ ստացող Հայաստանի ապրանք արտադրողները նախկին ԽՍՀՄ տարածքի շուկայում կարո՞ղ են մրցակցել 48 դոլարով գազ գնող բելառուսների հետ։ Պրն Մինասյանը նշեց, որ գազի թանկացումն իրենցից (այսինքն՝ կառավարությունից) կախված չէ։ «Սակայն մենք ունենք 3 կարեւոր ռեսուրս դրան դիմակայելու համար. Իրանից եկող գազամուղը, որով մատակարվելիք գազի դիմաց մենք վճարելու ենք էլեկտրաէներգիայով, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը, որը տեխնիկապես վերազինվելու է եւ էլեկտրաէներգիա է արտադրելու զգալիորեն ցածր ինքնարժեքով, եւ Երեւանի ՋԷԿ-ը, որ Ճապոնիայի օգնությամբ համալրվելու է գերժամանակակից տեխնոլոգիաներով»,- նշեց պրն Մինասյանը։ Նա նաեւ կարեւորեց հողմակայանների եւ փոքր ՀԷԿ-երի կառուցումը։

Տնտեսական հանձնաժողովի նախագահը չմոռացավ խոսել նաեւ լրագրողների մասին. «Որոշ թերթերում չարագուշակ կարծիքներ են հնչում գազի գների թանկացման հետ կապված։ Նշված գները դեռեւս վերջնական չեն։ Հանձաժողովը գների բարձրացման մասին պետք է տեղյակ պահվի 100 օր առաջ։ Այնպես որ, ժամանակից առաջ մի ընկեք ու «Կիկոսի մահը» մի սարքեք։ Ժողովրդին վախեցնել պետք չի։ Թող ամեն մարդ զբաղվի իր գործով։ Ավելի լավ է խոսեք դրան դիմակայելու ուղիների մասին, ասենք, օրինակ, 5-րդ բլոկի շահագործման մասին։ Չորրորդ իշխանությունը պետք է ուղղորդի հասարակությանը»,- հորդորեց պրն Մինասյանը։

Այստեղ հարկ է անդրադառնալ մի քանի հարցերի։ Նախ, եթե գազի գնի բարձրացումն էականորեն չի ազդելու տնտեսության վրա, ինչո՞ւ էին իշխանությունները 1 ամիս առաջ համառորեն հերքում թանկացման մասին լուրերը։ Երկրորդ, եթե գների հարցում դեռեւս ոչինչ որոշված չի, ինչպե՞ս են ՌԴ բարձրաստիճան այրերն ու «Գազպրոմի» ղեկավարները հայտարարում, որ Անդրկովկասի բոլոր երկրների համար հաստատված է միատեսակ գին՝ 110 դոլար։

Ինչ վերաբերում է «Կիկոսի մահին» եւ ժողովրդին վախեցնելուն, ապա բազմանշանակ ու ոչինչ չասող պատասխանները ժողովրդին ավելի շատ են վախեցնում, քան մեր ենթադրությունները։ Իսկ միայն լավ բաների մասին խոսելը հատուկ է միայն իշխանություններին, հակառակ դեպքում թերթերը կնմանվեն կառավարության գովազդային վահանակի։

Ի դեպ, այս հարցում իր գործընկերոջ հետ չհամաձայնեց նաեւ պրն Սուքիասյանը՝ նշելով, որ տարբերակներ մշակելն ու իրականացնելն իշխանությունների, այլ ոչ թե լրագրողների գործն է։

Պրն Մինասյանի նշած ռեսուրսներով թանկացման դեմ կարելի է պայքարել գալիք տարիների ընթացքում, սակայն արդեն գալիք տարի սպասվելիք թանկացման հետ կապված ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել կառավարությունը, բացի ՌԴ կողմից տրամադրվող վարկի տարբերակից։ Այս հարցին ի պատասխան` պրն Մինասյանը նորից խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել եւ նշեց. «Պարտադիր չի, որ վարկ վերցնենք ՌԴ-ից, մեզ կարող են վարկ տրամադրել նաեւ այլ միջազգային կառույցները, ասենք` Համաշխարհային բանկը»։