Շիրակի մարզի ոստիկանապետի արկածները

23/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Շիրակի մարզի ոստիկանության պետերի գլխին սեւ ամպ է կախվել դեռ աշնանից: Հիշեցնենք, որ հոկտեմբերին զբաղեցրած պաշտոնից ազատվեց Ոստիկանության Գյումրիի քաղաքային բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը: Այժմ նա Գյումրիի պատգամավոր Մարտին Սուքիասյանի ալրաղացում ջրաղացպան է աշխատում:

Մեր ունեցած տեղեկություններով` հիշյալ սեւ ամպն իր գործն անելով՝ այժմ տեղափոխվել է Ոստիկանության Շիրակի Մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանի գլխավերեւը: Գնդապետ Ասատրյանն այդ ուղղությամբ աշխատել է: Ավելի ճիշտ, նա հովանավորել է ինչ-որ մարդկանց՝ գյումրեցիների ասելով` հանցավոր արարքները, եւ դրա համար դիմում-բողոքներ են գնացել Ոստիկանության ծառայություն: Ծառայությունում էլ հավանաբար որոշել են գնալ բողոքների հետեւից ու պարզել, թե իրենց Մարզային վարչության պետն ինչ նկարագիր ունի: Մինչ Ոստիկանությունը կորոշի` զոհել կամ պահպանել իր ծառայողին, մենք հրապարակենք մեզ հասած տեղեկությունները:

Պարոն Ասատրյանը Գյումրիում ունի Սաքո անունով մի փեսա, որն աներոջ անվան տակ բավականին մեծ ինքնագործունեություն է ծավալում: Գյումրեցիների պատմելով` նրա ստեղծած խումբը քաղաքի երկաթուղու ռելսերն ապօրինի կերպով քանդել եւ վաճառել է: Մեր տեղեկություններով` այս դեպքի համար Գլխավոր դատախազությունում քրեական գործ կա հարուցված: Գործի հետ կապված Գլխավոր դատախազությունից մեզ ոչինչ չասացին: Հասարակական կապերի բաժնի պատասխանատու Գուրգեն Ամբարյանն ասաց, որ գործը դեռ նախաքննության փուլում է:

«Գործը հիմա գտնվում է մեր քննչական բաժնի վարույթում,- պատասխանեց պարոն Ամբարյանը եւ ավելացրեց,- Կավարտվի՝ նոր տեղեկություններ կհրապարակենք: Բայց եթե Գլխավոր դատախազությունում է գտնվում, ուրեմն լուրջ գործ է, մանավանդ, որ այնտեղ մեկ ուրիշին են մեղադրել, հետո պարզվել է, որ ինքը չէ գողացողը»:

Մեր տեղեկություններով` նույն խումբը գողացել է նաեւ գյումրեցիների ազատած տասնյակ տնակները, որոնք տեղափոխվել են Սեւանա լճի ափ, տեղադրվել են Խ. Ասատրյանին պատկանող տարածքում եւ ամռանն օգտագործվում են որպես հյուրանոցային համարներ: Հիշեցնենք, որ Խ. Ասատրյանին է պատկանում «Նուրբ օրգանական քիմիայի» ինստիտուտի (Ազատության 26) բակում, բավականին անձեռնմխելի տարածքում կառուցված առանձնատունը: «168 Ժամը» դրան անդրադարձել էր, իսկ պարոն Ասատրյանը մասամբ հրաժարվել էր՝ ասելով, թե առանձնատունը ոչ թե իրեն, այլ իր սանիկին է պատկանում:

Շիրակի մարզի ոստիկանապետի շուրջ ծավալված ավելի թարմ իրադարձություններ էլ են հայտնի: Նոյեմբերի 23-ին Գյումրիի «Տբռնոց» կոչվող օբյեկտում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ նախկինում դատված Ո. Համլետը հրազենով կրակել է Հ.Գարիկի վրա եւ վնասել է ոտքը: Փաստորեն, այս քաղաքում հրազենով «հաշիվ մաքրելը» շատ սովորական երեւույթ է: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում վեճի ժամանակ հրազեն էր օգտագործել նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Տբռնոցի» դեպքի հետ կապված էլ քրեական գործ կա հարուցված Շիրակի Մարզային դատախազությունում, որի մասին դատախազը հրաժարվեց մանրամասներ հրապարակել:

«Մենք ձեզ ոչինչ չենք կարող պատասխանել»,- այսպիսի պատասխան տվեց Շիրակի մարզային դատախազ Դավիթ Սարգսյանը:

Ցանկացած գյումրեցի գիտի, որ «Տբռնոցը» պատկանում է տեղի Ոստիկանության աշխատակից եղբայրներ Լյովա եւ Արթուր Ղազարյաններին: Հարակից շենքերի բնակիչները վկայում են, որ այդտեղ այդպիսի «փոքրիկ» միջադեպեր հաճախ են տեղի ունենում, մանավանդ, որ օբյեկտը հայտնի է որպես թաքնված հասարակաց տուն: Գյումրեցիները պատմում են, որ «Տբռնոցում» արարքները հիմնականում անհետեւանք են անցնում, որովհետեւ Ղազարյան եղբայրներին հովանավորում եւ շահույթը կիսում է մարզային ոստիկանապետ Խ. Ասատրյանը:

Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել նաեւ անմիջապես պարոն Ասատրյանից, սակայն նա ռելսերի գողության մեջ իր եւ իր փեսայի մասնակցությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, եւ հարցը լսելուց հետո բարկացավ. «Եթե այդքան գիտեք, էլ ինչո՞ւ եք հարցնում»,- պատասխանեց նա եւ անջատեց հեռախոսը, ու մյուս հարցերը չցանկացավ լսել:

Բայց մեր մեկ այլ թղթակցի փոխանցել էր, թե այդ գողությունների հետ իր փեսան այնքանով է կապված, որ ընդամենը գնել է գողացած ռելսերը: Այդ գողության մեջ մեղադրվում է մեկ ուրիշը: Իսկ նույնիսկ շարքային գյումրեցին գիտի, որ ուղղակի ինչ-որ մեկին ստիպել են «գողությունն իր վրա վերցնել»: Ընդհանրապես Գյումրիում Խ. Ասատրյանն ու իր փեսան հայտնի են որպես անպատժելի հեղինակություններ:

«Ուժն էլ իրենց ձեռն է, օրենքն էլ,- ասաց մեր հերոսներին ճանաչող մի տարեց գյումրեցի:- Թիկունքները պինդ է, դրա համար էլ ինչ ուզում` անում են էս ժողովրդի գլխին: Ո՞ւմ բողոքես, էլի հետ իրենց պետի բողոքես, չէ՞: Ես համոզված եմ, որ գողացել են, բայց դե ո՞վ պիտի ապացուցի»:

Վերոհիշյալ դեպքերին պարոն Ասատրյանի ոչ անմիջական մասնակցության մասին հավանաբար կասկածներ ունեն նաեւ Ոստիկանության ծառայությունում, եւ մեր ունեցած տեղեկություններով` նրա նկատմամբ ծառայողական հետաքննություն իրականացնելու սեւ ամպեր են կուտակվում: Դժվար է ասել, Խ.Ասատրյանը կարժանանա՞ արդյոք իր նախկին գործընկերոջ՝ Շ. Շահնազարյանի բախտին, թե՞ ոչ: Դժվար թե, որովհետեւ մեր տեղեկություններով` Խ. Ասատրյանն էլ, իր հերթին, Ոստիկանության համակարգում ունի հզոր հովանավոր` ի դեմս ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի: