«2005թ. գյուղատնտեսության համար վատ տարի էր»,- երեկ հայտարարեց «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը: «2005թ. գյուղատնտեսության համար բարենպաստ տարի էր»,- հակադարձեց համապատասխան նախարարության Գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Իսկ մենք հուսով էինք, թե այս տարի Հայաստանում գոնե բերքատվությունն էր լավ եղել, մանավանդ, որ այս տարի ծիրանն ու դեղձը շատ էին: Բայց պարզվում է` գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել մասամբ, միայն պտղաբուծության համար:
«Բայց ոչ այնքան, որքան որ վիճակագրական տեղեկատվություններում է նշված,- ասաց պարոն Բերբերյանը: -Իսկ բանջարաբուծության համար տարին անբարենպաստ է եղել»:
Պարզվում է, այս տարի 10 տոկոսով, այսինքն` 3000 հեկտարով, պակասել են կարտոֆիլի ցանքատարածքները: Եթե անցած տարի Հայաստանում արտադրվել է մոտ 500 հազար տոննա կարտոֆիլ, ապա այս տարի այդ թիվը նվազել է մինչեւ 380 հազար տոննայի: «Մինչդեռ Հայաստանը կարող է կարտոֆիլով ողողել ամբողջ Կովկասը»,- համոզված է Հ. Բերբերյանը:
«Ճիշտ է, այս տարի կարտոֆիլի բերքատվությունը մի քիչ պակաս էր, բայց էլի վատ չէ,- ասաց պարոն Պետրոսյանը: -Անցած տարի ունեցել ենք 576 հազար տոննա, իսկ այս տարի՝ 553 հազար տոննա, բայց դա ոչ թե ցանքատարածությունների կրճատման, այլ` կարտոֆիլի համար անբարենպաստ տարվա պատճառով է եղել: Հուլիս-օգոստոս ամիսներին բարձր լեռնային շրջաններում առատ տեղումներ գրանցվեցին, եւ դա ազդեց կարտոֆիլի բերքատվության վրա»:
Դա ազդեց նաեւ սպառողի գրպանի վրա, անցած տարի 70-80 դրամ արժեցող կարտոֆիլն այս տարի արդեն 120-140 դրամ է: Ի՞նչ է, ընդամենը 20.000 տոննայի պակասը կրկնակի թանկացրե՞լ է կարտոֆիլի գինը: Դժվար է ասել: Կրճատվել է նաեւ կարտոֆիլի արտահանումը: Իսկ դրա պատճառով Հայաստանը կկորցնի իր արտահանման դեռեւս միակ շուկան՝ Վրաստանը: Վրաստանն այս տարի այլ երկրներից կներմուծի, ու Հայաստանը եթե 2006-ին լավ բերք ունենա, այդ երկրի շուկայում դժվարություններ կունենա: Մի խոսքով, գյուղատնտեսությունը դաժան ոլորտ է եւ կանխատեսումներ չի հանդուրժում, մանավանդ, որ հույսը հիմնականում Աստծո վրա է:
Ու տարօրինակ կերպով մեր զրուցակից գյուղատնտեսների տվյալները ոչ մի կերպ չեն համընկնում, հազարավոր տոննաների տարբերություն է տալիս: Բայց արդյունքում քաղաքացին իրական պատկերացում չունի, թե տարին բերքատո՞ւ էր, թե՞ ոչ: Եթե մրգատու էր, ապա ինչո՞ւ շուկայում 1 կգ խաղողն արժե 350- 700 դրամ եւ այդպես շարունակ:
Գյուղնախարարության տվյալներով` այս տարի արտադրվել է ավելի քան 300 հազար տոննա պտուղ, անցած տարվա 113 հազարի փոխարեն: Անցած տարի ցրտահարություն էր, եւ դրա հետ կապված բերքատվությունը շատ ցածր էր: Առատ բերքատվությունը դրական է ազդել նաեւ արտահանման վրա՝ եթե 2004թ. 1500 տոննա ծիրան է արտահանվել, ապա 2005-ին՝ 9000 տոննա: Նույն տվյալներով` ավելացել են նաեւ բանջարանոցային մշակաբույսերի համախառն արտադրության ծավալները. 2004թ.-ի 588 հազար տոննայի փոխարեն` 2005թ. արտադրվել է 645 հազար տոննա: Սակայն անցած տարվա համեմատ ավելի քան 60.000 տոննայով նվազել է հացահատիկի արտադրությունը: Պատճառն աշնանացանի ցրտահարումն է եղել: Մի խոսքով, ծիրանն ու դեղձը շատ էին, իսկ կարտոֆիլի ու ցորենի բերքը՝ քիչ: Ո՞վ գիտե, գուցե մյուս տարի հակառակը լինի, կամ էլ, եթե Աստված կամենա` տարին բարենպաստ կլինի ողջ գյուղատնտեսության համար:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության ճակատագիրն ամբողջությամբ է Աստծուց կախված, որովհետեւ եթե կարկուտ չեկավ` բերք կլինի, եթե երաշտ կամ ցրտահարություն չեղավ` նորից բերք կլինի: Իսկ բնական այդ աղետներից գյուղացին ընդհանրապես պաշտպանված չէ: Աստվածը՝ Աստված, բայց այդ երեւույթների ու դրանց վնասների դեմ ինչ-որ չափով պայքար հնարավոր է տանել: Գյուղացին անընդհատ դժգոհում է, որ ոռոգումը վատ է կազմակերպվում, ջուր տալիս են անհրաժեշտ պահից շատ ուշ, կամ չեն էլ տալիս: Կարկտաբեր ամպերը ցրող մեքենաներ չկան: Թունաքիմիկատները ժամկետանց են լինում եւ օգուտ չեն տալիս: Հողը չի պարարտացվում եւ կորցնում է բերքատվությունը, եղած պարարտանյութը միայն ազոտական է: Անհրաժեշտ ֆոսֆորական, կալիումական կամ օրգանական պարարտանյութի երես արդեն 15 տարի է հայրենի հողը չի տեսել: Եղած գոմաղբն էլ օգտագործվել է որպես վառելանյութ: Խնդիրները շատ են, եւ գյուղացին դժգոհում է, որ դրանց պատճառով իր թափած քրտինքն արդյունք չի տալիս: Փորձեք զրուցել մի քանի գյուղացիների հետ եւ կտեսնեք, թե ինչքան կբողոքեն: Անվերջ: Եվ արդեն հիմնավորված կարծիք կա, որ գյուղացիական դասակարգը բողոքավոր է:
Այսօր ցանկացած գյուղացի ինքն իր համար գյուղատնտես է, որովհետեւ համապատասխան խորհրդատու չունի: Խորհրդային տարիների «ագրոնոմների» ինստիտուտը վերացել է: Անցած տարի գյուղապետարաններում անասնաբույժի համար հաստիքներ բացվեցին, իսկ գյուղատնտեսի համար՝ ոչ: Խոշոր ֆերմերները կամ գյուղացիական տնտեսությունների միավորումները կարող են գյուղատնտես վարձելու շռայլությունն ունենալ, բայց միայնակ գյուղացին դա իրեն չի կարող թույլ տալ: Իսկ մեր բերքատվության մոտ 90 տոկոսն ապահովում են մանր տնտեսությունները: Այնպես որ, ինչքան էլ դժվար լինի գյուղացու բողոքը լսել, նույնքան էլ դժվար է նրա հալը: Այս ոլորտին ուղղված վարկային-գրանտային միջոցների մի ահռելի մաս ծախսվում է խորհրդատվության համար: Բայց այդ խորհուրդը գյուղացուն չի հասնում:
«Խորհրդի վրա էդքան փողեր են ծախսում, հա՞,- հարցնում են Կոմիտասի շուկայի մրգավաճառները: -Լսում ենք տելեվիզրով: Իրենց խորհուրդը թող իրենց պահեն, իսկ մսխած փողերով թող մեզ դեղ, ժամանակին ջուր ու պարարտանյութ տան, մենք մի կերպ գլուխ կհանենք: Թե չէ հեշտ է տաք կաբինետից մեր մասին խոսելը»:
Առաջիկա տարիների համար գյուղացու գլխին մի դարդ էլ է կախվել: «Առեւտրի միջազգային կազմակերպության» պահանջով ոլորտը պիտի հարկվի: Բայց պրն Պետրոսյանը հավաստիացնում է, որ գյուղատնտեսությունը կհարկվի աստիճանաբար կամ մասամբ: «Մենք հասկանում ենք, որ դա միանգամից կործանարար կլինի ոլորտի համար,- ասում է Գ. Պետրոսյանը: -Դրա համար էլ կառավարությունը որոշել է սուբսիդիաներ տրամադրել եւ ինչ-որ չափորոշիչներ սահմանել, թե ինչքան բերք ստանալու դեպքում է գյուղացին հարկվելու»:
Այնպես որ, գյուղացու հալն իրոք որ Աստծուց է կախված: