Ընդդեմ Բալայանի

23/12/2005

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին` իբր միջազգային ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով Իտալիայում ձերբակալվել է հայ հրապարակախոս Զորի Բալայանը: Սխալմունքի պատճառն էր դարձել ադրբեջանական հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքը: Համոզվելով դրանում` իտալական իրավապահները գրողից ներողություն են խնդրել եւ բարի ճանապարհ մաղթել: Ինչպես հայտնի է, Զ. Բալայանը «Կիլիկիա» առագաստանավով ճանապարհորդում է Միջերկրական ծովով: Բրինդիզի նավահանգստում սահմանապահները հրապարակախոսին հրավիրել էին բացատրություն տալու, քանի որ նրա անունը հայտնվել էր իրենց պահոցում գտնվող «Ինտերպոլի» կողմից հետապնդվող անձանց ցուցակում: Հիշեցնենք, որ 1999թ.-ին Ադրբեջանը քարոզչական նպատակներով «Ինտերպոլին» հայց էր ներկայացրել Զորի Բալայանին հետապնդելու համար` նրան մեղադրելով 1994թ.-ին Բաքվի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: