1997թ. վերջին OTE հունական հեռահաղորդակցության ընկերությունը գնեց «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ը՝ 142,47 մլն ԱՄՆ դոլարով: ՀՀ կառավարության՝ հունական OTE ընկերության կնքած պայմանագրի համաձայն «ԱրմենՏելը» ստացավ հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհը՝ 15 տարով:
«Ոմանք, որ ծանոթ էին սեփականաշնորհման գործընթացին, ասում են, որ հույների հայտն այդ պահին ներկայացվածների մեջ ամենեւին էլ ամենաբարձրը չէր»,- վկայում է ArmeniaLiberty ինտերնետային կայքը:
Եթե իրոք մենաշնորհային պայմանագրի համար հունական ընկերությունը կաշառել է ՀՀ իշխանություններին, ապա այսօր ունի այդ գումարը «վերականգնելու» բոլոր հնարավորությունները: Եվ դեռ քանի տարի կունենա:
2005թ. ամառվանից «ԱրմենՏելի» բազմաթիվ բնակիչ-բաժանորդներ սկսեցին ստանալ հեռախոսակապի համար չափազանց մեծ ու տարօրինակ հաշիվներ: Հեռախոսային ընկերության բողոքների բաժնում նրանց ասվում էր՝ ինտերնետ ունեք եւ մտնում եք փիս-փիս սայթեր, դրա համար էլ այդպես է լինում. պիտի վճարեք այդ հաշիվները:
«Տուժողների մեծ մասը խեղճուկրակ մարդիկ են, որոնց հեշտ է խաբել. «ԱրմենՏելի» բողոքների բաժնում նստած մի կին, որը հեռու է տեխնոլոգիաներից, բայց երեւի լավ հոգեբան է, նրանց համոզում է, որ իրենք խոսել են Բուրկինա-Ֆասո եւ այլուր, որ մտել են էրոտիկ սայթեր»,- ասում է Գոհար Սմբատյանը: Վերջինս, համաձայն «ԱրմենՏելի» կողմից ներկայացված հաշվի, հունիս ամսին համարյա անընդմեջ խոսել է Ավստրիայի հետ եւ արդյունքում ստացել 610.704 ՀՀ դրամ (շուրջ 1400 ԱՄՆ դոլար) հեռախոսային խոսակցության հաշիվ: Մեկ այլ բաժանորդի՝ Հերիքնազ Հարությունյանին ներկայացվել է օգոստոսի համար՝ 40.551 դրամ (90 ԱՄՆ դոլար), իսկ հոկտեմբերի համար՝ արդեն 347.243 ՀՀ դրամ (մոտ 770 ԱՄՆ դոլար) հաշիվ: «Մեր տնային հեռախոսահամարի տվյալները «ՃՀձ»-ի ագենտի «դավթար» են հիշեցնում»,- ասում է Հերիքնազը: Վերջինս, ըստ հաշվի, մեկ ամսվա մեջ 26 տարբեր համարներով զանգահարել է Ավստրիա, 12 տարբեր համարներով՝ Արեւելյան Թիմոր եւ 6 տարբեր համարներով՝ Մեծ Բրիտանիա, եւ այն էլ` օրական 6, 9, 10 անգամ: «Եթե որեւէ մեկը գիտի Արեւելյան Թիմորի տեղը, խնդրում եմ, ինձ էլ ասի, որ գոնե իմանամ՝ ամեն օր այդքան ո՞ւր եմ «զանգում»,- ասում է Հերիքնազը:
Մեկ այլ բնակչի՝ պատերազմի վետերան Սուրեն Մելիքբեկյանին ներկայացվել է 140.000 ՀՀ դրամ հաշիվ միջազգային, այդ թվում` Գվինեա-Բիսաու կատարած հեռախոսազանգերի համար: Պարտքից ազատվելու եւ հեռախոսահամարից չզրկվելու համար վետերանը խնդրել է 5000-ական ՀՀ դրամ ամսեամիս վճարելով` գրանցված պարտքը մարելու հնարավորության մասին եւ մերժվել:
Հեռախոսահամարներն անջատվում են, մարդիկ` զրկվում թե ինտերնետի, թե սովորական հեռահաղորդակցման հնարավորությունից:
«Ձեզ բան է վաճառվում, որը դուք չեք գնել: Նույնն է՝ թե խանութ գնաս, փողը տաս, բայց հացը չառնես: Դու չես խոսել, «ԱրմենՏելը» դա ընդունում է, բայց տիպային պատասխանի ձեւ ունի բողոքող բնակիչներին»,- վկայում է Սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը: Վերջինիս համոզմամբ՝ «ԱրմենՏելն» առնվազն շահագրգռված կողմ է. «Հայաստանում ինտերնետ կապի գինն առնվազն 18 անգամ գերազանցում է աշխարհում ընդունված գները: Նման ինտերնետային զանգերից ստացված գումարը այնուհետ կիսվում է «ԱրմենՏելի» եւ մյուս՝ Կուկու կղզիների կամ Արեւելյան Թիմորի հետ կապող օպերատորի միջեւ»,- նշում է Աբգար Եղոյանը:
Բողոքողների խոսքով՝ միայն նոյեմբերին «ԱրմենՏելը» հրապարակավ հայտնում է. «Բաժանորդների համակարգիչներից ինչ-որ ծրագրեր կատարում են միջազգային զանգեր՝ տվյալ համակարգչին միացած հեռախոսագծով: Այդ ծրագրերը բաժանորդների համակարգիչներ մուտք են գործում Ինտերնետից՝ հիմնականում էրոտիկ բնույթի կայքերից: Համակարգչում գրանցվելուց հետո այդպիսի ծրագրերը սկսում են միջազգային զանգեր կատարել՝ անկախ բաժանորդի կամքից եւ առանց նրա իմացության»: Նույն հաղորդագրության մեջ «ԱրմենՏելը» խոստովանում է՝ «Բաժանորդներն այդ մասին սովորաբար տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ «ԱրմենՏելից» ստանում են համապատասխան հեռախոսային հաշիվը»: Այդուհանդերձ, «ԱրմենՏելի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Չութիլյանի խոսքով՝ նման երեւույթի մասին «ԱրմենՏելն» առաջին անգամ հրապարակայնորեն նախազգուշացրել է 2004-ին՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ազգ» թերթերում:
Եթե խնդիրն էրոտիկ բնույթի կայքերն են, ապա ինտերնետ ակումբներն, ուր ջահելները գիշեր-ցերեկ էրոտիկա են ընբոշխնում, պիտի որ էլ ավելի մեծ հաշիվներ ստանային: «Մենք նման խնդիր առայսօր չունենք, եթե ունենանք, կդիմենք դատարան, թեեւ չենք շահի դատը. էսքան ժամանակ ո՞վ ա «ԱրմենՏելի» դեմ դատ շահել, էնքան հզոր կառույց ա որ»,- ասում է երեւանյան «Զեոն» ինտերնետ-ակումբի տնօրեն Արման Ոսկանյանը:
Մասնագետների կարծիքով՝ իրոք գոյություն ունեն ինտերնետային ծրագրեր, որ կարող են կայանվել համակարգչում՝ օգտագործողի արտահայտված ցանկությամբ կամ անզգույշ «այո»-ով, եւ այնուհետ անկախ սպառողի կամքից` հեռազանգել ինչ-ինչ համարներով: Դրանք սովորաբար խաղային կամ download ծրագրեր են, որոնց առկայությունը համակարգչում դժվար չէ բացահայտել, եթե իրոք դրանք կան: «Եթե Ձեզ ներկայացված հաշվում չզանգված մեկ համար է կամ այն պարբերաբար կրկնվում է, հավանական է, որ գործարկվում է ինչ-որ ծրագիր, բայց եթե համարները տարբեր են, եւ համոզված եք, որ դուք չեք խոսել, իմացե՛ք՝ «ԱրմենՏելի» հնարավորությունների շրջանակում է նման բան անելը»,- ասում է IT մասնագետ Արա Իսկանդարյանը: Ամեն դեպքում, ըստ Ա. Իսկանդարյանի, սպառողը ոչինչ չի կարող ապացուցել. ամեն ինչ «ԱրմենՏելի» ձեռքում է:
Հերիքնազ Հարությունյանի համոզմամբ՝ «ԱրմենՏելի» այս խաղերը հիմնված են մարդկանց հոգեբանության վրա. մարդիկ անտեղյակ կլինեն, չեն բողոքի, կտանեն-կվճարեն: Բողոքների դեպքի համար էլ «ԱրմենՏելն» իրեն ապահովագրել է ինտերնետային կայքերի ինքնագործարկվող ծրագրերով: «Դա նման է հավ վաճառողի հայտնի պատմությանը. նրան հարցնում են՝ ի՞նչ արժե հավը, ասում է՝ 1000 դոլար: Զարմանքով հարցնում են՝ ո՞վ հավ կառնի այդ գնով, պատասխանում է՝ մեկն էլ առնի՝ հերիք է»,- ասում է Հերիքնազը: Ընդ որում, հավ վաճառողները շատ են, իսկ «ԱրմենՏելը» միակն է:
Դժգոհ բաժանորդներից ոչ մեկն առայժմ դատարան չի դիմել: «Տեխնիկական բոլոր ապացույցներն «ԱրմենՏելի» ձեռքում են. դժվար է ապացուցելը: Ոչ նորմալ կանոններ կան, ոչ տիպային պայմանագրի ձեւ»,- վկայում է Աբգար Եղոյանը: Այդուհանդերձ, իրավաբան Դավիթ Սանդուխչյանի խոսքով՝ դժվար է միանշանակ որեւէ բան պնդել դատական գործընթացի մասին: «Սպառողը պետք է ձգտի ապացուցել, որ ընկերության կողմից չի տարվել իրազեկման համապատասխան ծրագիր: Արդյունքը կախված է նաեւ այն բանից, թե ինչպե՞ս կտարվի դատական գործը, ի՞նչ դիրք կբռնեն իշխանությունները»: Առայժմ «ԱրմենՏելը» կարծես «թքած ունի» ոչ միայն սովորական սպառողի, այլեւ 10% բաժնետոմս տնօրինող իշխանությունների «բանտիկների վրա»: Եվ, ով գիտի, գուցե մի օր պահանջի այդ իշխանությունների հրաժարակա՞նը: Ինտերնետային «ծուղակներից» զատ, քիչ չեն սովորական հեռախոսակապի համար ինչ-ինչ ավելացված րոպեներից ու չկատարած զանգերի գրանցումներից դժգոհող բաժանորդները: Ադա Հակոբյանը վկայում է, որ բջջային հեռախոսից զանգերի հաշիվ է ստացել՝ 1, 2, 5 րոպե տեւողությամբ տարօրինակ զանգերի գրանցումներով. «Մի ամբողջ էջով զանգեր էին նշված, որ չեմ արել: «ԱրմենՏելի» հետ անպաշտպան ես. ինչ ասում են՝ պիտի վճարես, այլապես կանջատեն: Էնքան մութ կետեր կան: Անիմաստ է դիմելը՝ նույնիսկ պետությունը բան չի կարող անել»,- բողոքում է Ադան:
Մեկ այլ բնակիչ՝ ինտերնետ ակումբի տնօրեն Արման Ոսկանյանը նշում է. «Շատերին գիտեմ, ում հաշիվներին փոքր-մոքր րոպեաքանակներ են ավելացվել, եւ եթե տվյալ բաժանորդը սովորաբար բավականաչափ մեծ գումարի է խոսում, ապա գլուխ չի դնում՝ տանում-մուծում է»:
«Նրանք չեն խորշում ոչ փոքր գումարից, ոչ մեծից՝ վետերան է, թոշակառու է՝ միեւնույն է: Ես պարտաճանաչ քաղաքացի եմ: Եթե բացատրեն, ապացուցեն՝ ես կմուծեմ: Բայց գոռում են, նորմալ չեն խոսում՝ թքած ունեն սպառողի վրա»,- պնդում է Հերիքնազը: «Եկե՛ք խոսենք»,- այդ ընթացքում կանչում է «ԱրմենՏելի» գովազդը:
Տեխնիկապես արդյո՞ք հնարավոր է հաշիվների դիտավորյալ խառնումը: «Դա միանգամայն հնարավոր է եւ տեխնիկական դժվարություն իրենից չի ներկայացնում: Խնդիրը միայն համակարգին մուտքի հնարավորության առկայությունն է. ցանկացած ոք «ԱրմենՏելում», որ մուտքի իրավունք ունի համակարգին, կարող է վերագրել իր կամ մեկ ուրիշի հեռախոսային խոսակցության րոպեները ցանկացած այլ բաժանորդի»,- ասում է IT մասնագետ Արա Իսկանդարյանը: Վերջինիս՝ դեռեւս մի քանի տարի առաջ եկած հաշվում գրանցված էին տարբեր քաղաքներ կատարված ինչ-ինչ զանգեր: «Ես այդ ժամանակահատվածում ընդհանրապես Երեւանից դուրս չէի զանգում, եւ պարզապես դիմեցի «ԱրմենՏելին»՝ իմ միջազգային կոդը փակելու խնդրանքով. ինձ մերժեցին»,- ասում է Արան:
«ԱրմենՏելի» բաժանորդային սպասարկման գրասենյակ հաշվի քաղվածքը ստանալու եկած բաժանորդին հանգիստ կարող է ասվել՝ գնա, հետո արի: Անկողնային հիվանդին կարող են սայլակով բերել տալ քաղվածք ստանալու համար: Ստացե՞լ է որեւէ մեկն «ԱրմենՏել» զանգելիս հարգալից եւ սպառիչ պատասխան, թե՞ մշտապես «վայելել» անվերջ այս ու այն համարով ուղարկվելու փորձը, «զբաղվածներ», կոպիտ ու լկտի պատասխաններ ու գազազած հեռախոսավարուհիների բղավոց կամ էլ հարցը շուրթերիդ՝ «տու-տու»-ներ:
«Տեղական սպառողն «ԱրմենՏելին» չի հետաքրքրում»,- ասում է Աբգար Եղոյանը:
Տեղական սպառողն այսօր չունի նույնիսկ նույն վերաբերմունքն իր ծառայություն «մատուցողին» վերադարձնելու հնարավորություն: Չունի ծառայություն ընտրելու հնարավորություն: Մնում է Հերիքնազ Հարությունյանի նման գրել՝ «Իմ մահվան մեջ խնդրում եմ մեղադրել «ԱրմենՏելին»: Կամ էլ հրաժարվել հեռախոսից: