Դեկտեմբերի 15-ին Երեւանի փողոցներով շրջում էր բեռնատար մի մեքենա, որի թափքին հավաքված շուրջ մեկ տասնյակ 17-20 տարեկան երիտասարդները ռոք երաժշտության հնչյունների ներքո բողոքում էին մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացման եւ քաղաքում սնկի նման բազմացող բետոնե շինությունների դեմ:
Մեքենան մի քանի ժամ շրջեց փողոցներում, իր վրա հրավիրեց անցորդների ուշադրությունը, անցավ-գնաց եւ մոռացվեց: Երեւանի փողոցներում շինարարությունն այդ ընթացքում, իհարկե, ոչ մի վայրկյան կանգ չառավ, եւ բեկումնային ոչինչ տեղի չունեցավ:
Ակցիայի մասնակիցներից Անի Նավասարդյանը երգում է Տիգրան Հեքեքյանի երգչախմբում, Ռուզան Վարդանյանը, Նարեկ Սանթուրյանը, Մարիամ Վարդազարյանն ուսանողներ են, Աննա Վարդանյանը նկարիչ-մոդելավորող է։ Ակցիայի իրականացման գործում նրանց աջակցել էին «Բամբիռ» ռոք խմբի տղաները: 17-ամյա Անին ցավով նշում է, որ իր հասակակիցներից քչերին է հետաքրքրում այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր քաղաքում եւ առհասարակ երկրում: «Նրանք հիմնականում դասերից հետո զբաղված են սերիալներ նայելով»,- ասում է Անին: Ինքը դժվարությամբ է համախոհներ գտնում: «Վախենում են, անկեղծ չեն,- ասում է Անին,- մեր մտահոգությունները, խնդիրները երբեմն շատ տարբեր չեն, սակայն այսօրվա երիտասարդության մեծամասնությանը ոչ մի կերպ չես համոզի, որ մտածածն ազատ արտահայտեն, սովոր չեն ասել այն, ինչ մտածում են, նրանց ոչ մի կերպ չես կարող բացատրել, որ ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ ես բարձրանում եմ բեռնատարի թափքին, երգում եմ եւ պահանջում եմ չոչնչացնել կանաչ տարածքները»: Երեւանի փողոցներում բնության պահպանությանն ուղղված կոչերով պաստառապատված բեռնատարի երթին մի քանի անցորդներ միայն ծափահարեցին, շատերն էլ ձեռքերն արհամարհական թափահարեցին՝ «Ապե՛, էս ովքե՞ր են», ու վե՛րջ: Երիտասարդները նշում են, որ քաղաքում քիչ են այն վայրերը, որտեղ իրենք կարող են համախոհներ գտնել: Տարբեր ճանապարհներով նրանք առայժմ գալիս ու համախմբվում են Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Սկզբում գալիս են խմբով, հետո քչերն են շարունակում կապ պահել կենտրոնի հետ: «Խնդիրը ՆՓԱԿ-ում ինչ-որ բան անելը չէ, ուղղակի հիմա քաղաքում չկան այլ վայրեր, որտեղ ազատ մտածողության մարդկանց շփում լինի, ժամանակին կար նաեւ Հայ-արտը՝ տեսաք, դա էլ փակեցին, փաստորեն ՆՓԱԿ-ը միակ օազիսն է մնացել»,- ասում են: Իսկ հոծ խմբերով ՆՓԱԿ եկող երիտասարդները կարճ ժամանակ անց այդտեղից էլ են հեռանում, որովհետեւ, ինչպես հավաստիացնում են մնացողները, շրջապատի կարծիքը նրանց վրա ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան իրենց մտածողության մեջ եղած ազատության սերմերը: «Հաճախ նրանց ծնողներն են արգելում, հաճախ՝ ուղղակի չեն պատկերացնում` նման շփումն ինչ կտա իրենց, չեն հավատում, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել»։ Իսկ այս սակավաթիվ երիտասարդները չեն էլ հավակնում հրաշքներ գործել, ինչպես 18-ամյա Ռուզան Վարդանյանն է հավատացնում՝ արդեն ինչ-որ բան փոխում ես, երբ գիտակցությանդ մեջ ամրացնում ես, որ աղբը պետք է աղբամանի մեջ գցել եւ կանաչ գազոնը չփչացնել: «Բնապահպանական այս ակցիան մենք ձեռքբերում ենք համարում այն առումով, որ, ըստ էության, քաղաքապետարանից թույլտվություն ստացանք իր իսկ դեմ ակցիա անելու համար, քաղաքապետարանն է, ի վերջո, մեր քաղաքի այսօրվա վիճակի պատասխանատուն»,- ասում են ակցիայի մասնակիցները, ովքեր համոզված են, որ նախ մեր մտածողությունը պետք է բետոնից ազատվի, որպեսզի կարողանանք այլ բաներ եւս փրկել «բետոնակալումից»: