«Մամ, մամ, պիրել ես մեր հուզած կանֆետը»,- միաբերան հարցնում են մեծ ու փոքր, ու առանց մոր պատասխանին սպասելու` հարձակվում կոշիկներից ավելի մաշված պայուսակի վրա:
Դա այն երջանիկ օրն է, երբ Լաուրան գնում է երեխաների նպաստը ստանալու: 45-ամյա կնոջ անհանգիստ հայացքը, որը թափառում է հեռուներում, պատմում է նրա կյանքի ու ընտանիքի մասին: Հարցերն ավելորդ են ավելին բացահայտելու համար: Լաուրայի ամուսինը`48-ամյա Վոլոդյա Շիրինյանը, իր անցած կյանքը բաժանում է երկու շրջանի` «սովորական մարդիկ» եւ «փախստականներ»: Սովորական էին, երբ մոր` 76-ամյա Նորա Գյուրջյանի հետ ապրում էին Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում: Պատերազմը ստիպեց անցնել հաջորդ փուլ, որտեղ կոչվելու էին փախստականներ:
«1989-ից կռվում էի Ասկերանի գնդում: Մայրս ժամանակավորապես ապրում էր Ստեփանակերտում: 1994-ին ամուսնացա Լաուրայի հետ, եւ տեղափոխվեցինք Մարտակերտ»,- պատմում է Վոլոդյան:
Շիրինյաններն ապրում են Մարտակերտի արվարձաններից մեկում` փախստականների համար կառուցված հատուկ թաղամասում:
«Շատերը չդիմացան ու քինացին Ռուսաստան, շատերն էլ վախից ստեղան տեղափոխվեցին: Հի՞նչ ենք գիդում, կարող ա նորից սկսի կռիվը, սահմանը հրես հա»,- ասում է Նորա մայրիկը:
Ամուսինները հաշվում են պարտքերը: Յոլա չեն գնում երեխաների 23.000 դրամ նպաստով եւ Նորա մայրիկի 8000 դրամ կենսաթոշակով: «Ապրանքներն ապառիկ վերցնում ենք խանութից ու մի գլուխ գրվում, արդեն 83.000 պարտք ենք: Ամիսը մենակ երկու մեշոկ ալուր հաց ենք թխում: Շոր ու կոշիկի մասին էլ մոռացել ենք, էտ ա` ինչ տալիս են հարեւան, բարեկամ, հագնում ենք»,- ասում է Լաուրան:
Ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Վոլոդյան երիկամներից հիվանդ է, Լաուրան վերջին երեք երեխաներին կեսարյան հատումով է ունեցել: Հետվիրահատական շրջանում ծանր աշխատանքի պատճառով ստացել է ստամոքսի ճողվածք: Նորա մայրիկը հայտարարում է, որ տան առողջն էլի ինքն է ու «հրեխանց» համար պատրաստ է ցանկացած աշխատանք անել: Ամռանը գնում է ուրիշների հողամասերում օրավարձով աշխատում`1000 կամ 2000 դրամով:
3-ամյա Գայանեն ծանոթացնում է իրենց տանը: Փոքրիկը դժվարությամբ է քայլում: Նրան խանգարում են պատառոտված ոտնամանները, որոնք տարբեր են: Արանքներից երեւում են փոքրիկի սպիտակ ոտնաթաթերը: Ննջասենյակ կոչվածի պատուհանների ապակիներին փոխարինում են ստվարաթուղթն ու պոլիէթիլենը: Դրանից գորշ սենյակն ավելի է մթնում: Անհույս խավարում փայլփլում են Գայանեի աչքերը: Նա ասում է, որ բոլորով միասին քնում են երեք հին մահճակալներին:
Դպրոցից տուն են վերադառնում 10-ամյա Մերին, 9-ամյա Նունեն եւ 8-ամյա Լուսինեն: Մոտենում է Նորայրը եւ հորը խնդրում գրկել իրեն: Տղան դժվարությամբ է ձեռքերը բարձրացնում: Դժբախտությունը թակեց առանց այն էլ դժվար կյանքով ապրող ընտանիքի դուռը, երբ Նորայրը երկու տարեկան էր: Նա ընկավ եռացրած կաթի մեջ եւ մարմնի ձախ` սրտի կողմում այրվածքներ ստացավ: «Աստծո օգնությամբ երեխաս փրկվեց,- ասում է մայրը: -Հիմա էլ պետք է երկրորդ վիրահատությունն անենք, բայց ո՞նց` էս չունեցած հալներիս: Հաշմանդամության կարգ տալու համար էլ 50.000 դրամ են ուզում»:
Ընտանիքի ամենամեծ հոգսը ձմեռն է: Մի մեքենա փայտը 50.000 դրամ է: Նրանց համար դա երազանք է: Նորա մայրիկն ասում է, որ շրջապատում անտառ չկա, թե չէ «խոխանց» համար փայտ կհավաքեր: Լաուրան ասում է, որ մի տուն երեխա պահելը դժվար է, ու չգիտեն` ինչպես շարունակեն ապրել: Ապրում են Մարտակերտում, որը պատերազմից առավել տուժած շրջաններից է:
ԼՂՀ-ում երրորդ երեխայից հետո պետությունն ավանդ է հատկացնում, որը փոխանցվում է բանկ: Չորրորդ երեխային տրվում է 1000 դոլար, հինգերորդին` 1500, վեցերորդին` 2000: Այդ գումարից հնարավոր է օգտվել միայն երեխայի 18 տարին լրանալուց հետո: Մինչեւ այդ ծնողներն ամեն ամիս ստանում են գումարի տոկոսները: Երեք երեխայի համար Շիրինյանները ստանում են 10.000 դրամ ու իրենք իրենց հարցնում. «Բայց, դե, դրանով հի՞նչ կանես»:
Ամանորի գիշերը Շիրինյանների տանը ճոխ սեղան չեն գցում, ու երեխաները նվերներ չեն ստանում: Անջատում են լույսերն ու անկողին մտնում: Հին թե Նոր տարի` միեւնույն է, դրանից նրանց կյանքում ոչինչ չի փոխվում:
Վերջերս էլ մարդասիրական մի կազմակերպություն Շիրինյաններին կով է նվիրել, որը, համաձայն պայմանագրի, մեկ ու կես տարի չպետք է մորթեն կամ ծախեն: Թե որ կազմակերպությունից են ստացել, չեն կարողանում անունն ասել:
Պատուհանի գոգին փոշու մեջ կորած տետրեր ու գրքեր են: Մերին ասում է. «Հայրիկինն են, նա համ անգլերեն, համ էլ հնդկերեն գիտի»: Վոլոդյան բացում է գրքերն ու կարդում: Ցույց է տալիս հինդիից արված թարգմանությունները: Ասում է` սովորել է ինքնակրթությամբ, երբ «սովորական մարդիկ էին»:
«Ես հոռետես մարդ եմ, չնայած բանաստեղծություններս այլ բան են ասում: Բայց, դե, կյանքը էս ի՞նչ է անում մեզ հետ: Ինչի՞ն հավատամ, ինչի՞ վրա հույս դնեմ»,- ասում է նա ու կարդում կորցրած հույսերի մասին բանաստեղծությունը.
«Հույսը ցնորք է անդեմ, անորոշ, բայց հույսը կյանքի շունչ է կենարար,
Չենք կարող պարզել այն որպես դրոշ, սակայն ելուստ է հույսը փրկարար,
Հույսը միշտ մերն է, մեր արյան մեջ է, աշխարհ է գալիս ծննդյան ճիչում,
Մեզ հետ ապրում է, մեկ` զորեղ, մեկ` թույլ, ու մեծ սիրո պես մեզ հետ հանգում»:
Նորա տատը խոստովանում է, որ Վոլոդյան դարդից մեկ-մեկ խմում է: Այդ ժամանակ վերցնում է գրիչն ու գրում: «Անուժ եմ ընտանիքս պահելու համար: Երբ արյունս փոթորկվում է երակներումս, հոգուս կուտակվածը ափ եմ հանում ու գրում: Սպիտակ թղթերը հոգուս ափերն են, որտեղ ծնվում են բանաստեղծությունները»,- ասում է նա:
Նունեն բացում է բանաստեղծությունների տետրն ու կարդում. «Մաս առաջին.
Լույսը հույս է, դուրս կհանի դժոխքից,
Լույսը հույս է, միշտ ուղեկից է կողքից»: