Տուն՝ մայրիկի համար

23/12/2005

Դեկտեմբերի 20-ին «Տաշիր» առեւտրի կենտրոնի սրահում տեղադրվել է տոնածառ՝ զարդարված Գյումրիի «Հույս» մանկատան սաների՝ Ձմեռ պապին ուղղված նամակներով: Ակցիան, որ կազմակերպել են Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը (American Councils) ու FLEX ծրագրի շրջանավարտները, նպատակ ունի իրականություն դարձնել յուրաքանչյուր երեխայի ցանկությունը, իսկ մեզ հնարավորություն է տալիս մի քանի րոպեով Ձմեռ պապ զգալ մեզ. մինչեւ դեկտեմբերի 27-ը մեզանից յուրաքանչյուրը կարող է իր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի կյանքի կոչվեն երեխաների ցանկությունները: «Տաշիր» առեւտրի կենտրոնի հաճախորդներն արդեն բավականին նվերներ են թողել տոնածառի մոտ:

«Կարդում են երեխաների ցանկությունները եւ, ըստ այդմ, որոշում ինչ նվիրել, կամ ուղղակի փող են թողնում, որպեսզի մենք ինքներս գնենք»,- պատմում էին FLEX ծրագրի շրջանավարտները: Իսկ երեխաների ցանկությունները շատ մեծ չեն՝ նրանք հիմնականում խաղալիքներ, գեղեցիկ շորեր ու քաղցրավենիք են ուզել Ձմեռ պապից: Միայն 4-րդ դասարանի աշակերտուհի Խլղաթյան Էմմայի ցանկությունը երեւի այս ակցիայի շրջանակներում չիրականանա. Էմման շատ փող է ուզում մայրիկի համար, որպեսզի նա տուն գնի եւ իրեն տանի մանկատնից: Իսկ նվիրատուներն առայժմ այդքան շռայլ չեն՝ նրանք ամենաշատը 1000 դրամանոցներ էին գցում հանգանակությունների արկղի մեջ:

Ն.Ա.