Ազատամարտիկի զինապահեստից տուժածները

23/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Զինամթերքի հյուրասիրություն

Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Արմեն Պուլուզյանը մայիս ամսին կալանավորվել է, սակայն թե՛ Էջմիածնի ոստիկանությունում եւ թե՛ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ամեն ինչ սկսվել է այսպես. Էջմիածնի Զվարթնոց թաղամասի բնակիչ Մայիս Ավետիսյանն, ունենալով սեփականաշնորհած հողամաս, այն ծառայեցնում է իր անասնապահական տնտեսությանը: Մայիսն Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, 1990-1992թթ. եղել է «Տիգրան Մեծ» ջոկատի անդամ: Նրա անասնապահական տնտեսությունում աշխատել է անչափահաս Արսեն Մկրտչյանը: Մայիս ամսին 16-ամյա Արսենն աշխատելիս նկուղի պատի ետեւում նկատել է մեծ թվով զենքեր: Արսենը ոմանց պատմել է Մայիսի թաքցրած զենքերի մասին: Ավելի ուշ նա այդ զենքերը թաքուն վերցրել եւ բաժանել է ծանոթներին, այդ թվում նաեւ՝ մեղադրյալներ Արմեն Պուլուզյանին, Հայկ Խաչատրյանին եւ Վահան Մարգարյանին: Արմեն Պուլուզյանն էլ, լսելով այդ զենքերի մասին, Արսենին տվել է 8000 դրամ եւ մի հին բջջային եւ առաջարկել փոխարենն իր համար զենք բերել: Արմենի եղբայր Կարեն Պուլուզյանը պնդում է, որ իրականում այսպես է պատահել, սակայն Ոստիկանության Քրեական բաժնի պետ Լաերտ Գրիգորյանն ու գործը կազմող քննիչ Պետրոս Բոյաջյանը փաստերը խեղաթյուրել են: Էջմիածնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պ. Բոյաջյանի մեղադրական եզրակացության մեջ արձանագրված է, որ Արմեն Պուլուզյանը մեղադրվում է այն բանում, որ նախնական համաձայնության գալով Հայկ Խաչատրյանի հետ՝ 2005 թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ ներգրավել է անչափահաս Արսեն Մկրտչյանին, վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել, որի ընթացքում դանակով դիտավորությամբ վնասվածքներ է հասցրել Ա. Մկրտչյանին, դրանով Ա. Մկրտչյանին սպառնացել ու դրդել է Մայիս Ավետիսյանի տնտեսությունից զենք հափշտակել եւ տալ իրենց: Ա. Մկրտչյանը նշված ժամանակահատվածում Մ. Ավետիսյանի տնտեսությունից պարբերաբար ընդհանուր թվով հափշտակել է 6 ինքնաձիգ եւ 7,62մմ տրամաչափի 140 փամփուշտ եւ դրանք հանձնել է Արմեն Պուլուզյանին եւ Հայկ Խաչատրյանին: Արմեն Պուլուզյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 165 հոդվածի 4-րդ մասով (Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) եւ 38-238. 4-րդ մասի 2-րդ կետով (Զենք, զինամթերք հափշտակելը կամ շորթելը): Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալներ Վահան Մարգարյանին եւ Հայկ Խաչատրյանին, ապա մեղադրականում նշվում է, որ Արսեն Մկրտչյանը հափշտակած 2 ինքնաձիգերը հանձնել է վերջիններիս: Վահան Մարգարյանը մեղադրվում է ՀՀ Քրօր-ի 165 հոդ. 4-րդ մասով եւ 38-238 հոդ. 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ Հայկ Խաչատրյանը գտնվում է փախուստի մեջ, եւ նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Իսկ ահա Արմենի եղբայր Կարեն Պուլուզյանը՝ հակադարձելով մեղադրականի վերոնշյալ «լղոզված» փաստարկներին, պատմում է բոլորովին այլ բան. «Արսենը՝ նկատելով Մայիսի թաքցրած զինամթերքը, դրանցից մի քանիսը գաղտնի վերցրել-բաժանել էր, որից հետո ինքն անձամբ առաջարկել է եղբորս՝ Արմենին: Արմենին տալով 2 ավտոմատ՝ փոխարենը ստացել է հին, ջարդուխուրդ եղած բջջային հեռախոս եւ 8000 դրամ: Մենք՝ ծնողներս ու ես, չենք իմացել, որ Արմենը տանը զենք է պահել: Պատահաբար մեր տուն եկավ Մայիսի եղբայրն ու ասաց, որ եղբայրս՝ Արմենը զենք է պահել: Երբ ես նրան հարցրեցի, թե դա ճի՞շտ է, նա վախից փախնելով՝ միայն ասաց, որ տանիքում է թաքցրել: 1 ինքնաձիգ գտանք տանիքից, տվեցինք Մայիսի եղբորը, նա էլ, ինչքան գիտեմ, հանձնել է ԱԱԾ Էջմիածնի բաժին»: Կարենը պատմում է, որ Արմենը վախից փախել է հորաքրոջ տուն, սակայն ընտանիքի անդամները նրա գտնվելու վայրի մասին իմացել են 10 օր հետո:

«Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) խոսացել ա»

2-րդ ինքնաձիգը գտնելուն պես, որպեսզի ավելի զգուշավոր լինեն, Կարենը զանգահարել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ), որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես անեն, որ իրավապահ մարմիններին զենքը հանձնելիս խնդիրներ չծագեն: Հ. Հակոբյանը հորդորել է զենքը պարտադիր հանձնել Ոստիկանություն եւ խոստացել է, որ ոչ մի խնդիր չի լինի: Զենքը հանձնել են, սակայն քննիչը նախապես զգուշացրել է, թե կարող է նորից Արմենին կանչի Ոստիկանություն: Օրեր անց Արմենին կրկին կանչում են, սակայն այս անգամ ձերբակալելու նպատակով: «Էդ կանչելուց հետո էլ տուն չթողեցին,- պատմում է Կարենը,- 5 օր պահեցին Ոստիկանությունում: Այդ 5 օրվա մեջ ծեծելով ստիպել են, որ ցուցմունք տա, իբր ինքն Արսենին ստիպել է զենքերից գողանալ ու իբր նա չի համաձայնել, Արմենն էլ սպառնացել, թեւերը դանակով ճղրտել է: Մի խոսքով՝ անչափահասին դրդել է հանցագործության: Արմենը դաժան ծեծի ենթարկվելով՝ կրկին դիմակայել է եւ կեղծ ցուցմունք չի տվել՝ ասելով, որ Արսենն իրեն առաջարկել է զենք, ինքն էլ վերցրել է»: Կարենը պատմում է, որ եղբոր հետ տեսակցության ժամանակ նա պատմել է, որ, երբ Հակոբ Հակոբյանը Ոստիկանությունում է եղել՝ իրեն քննիչը մի փաստաթուղթ է տվել ու համոզել է, որ Արմենը ստորագրի: Վերջինս հրաժարվել է ստորագրելուց, իսկ քննիչն ասել է. «Քեզ ազատելու ենք, ստորագրի, հեն ա, Հակոբ Հակոբյանը եկել ա, որ քեզ ազատի: Ամեն ինչ նորմալ ա, խոսացած ա, ստորագրի, որ բաց թողնենք»: Ի դեպ, Կարենն ասում է, որ Արմենը հիվանդության պատճառով միջնակարգ կրթություն էլ չունի եւ չի կարողանում կարդալ: Արմենը հավատալով քննիչի խոսքերին՝ ստորագրել է, սակայն հետո իմացել է, որ ինքը մի փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ մեղադրվում է հանցագործության մեջ: Արմենը եղբորը պատմել է, որ քննիչն իրեն խաբել է:

Անչափահասին ստիպում են կեղծ ցուցմունք տալ

Հարազատները պատմում են, որ 23-ամյա Արմեն Պուլուզյանը 3 տարեկան հասակում ուղեղի ցնցում է ստացել: Օրեր շարունակ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելով՝ մի կերպ գիտակցությունը կարգավորվել է, սակայն Արմենի մոտ այդ դեպքը ճակատագրական հետեւանք է թողել: Նորքի հոգեբուժարանում պարզվել է, որ մանկության տարիներին ունեցած ցնցումից նրա մոտ ուղեղի շեղում է առաջացել: Երկարատեւ բուժումից հետո նրան հոգեբուժարանում հաշվառել են որպես 2-րդ կարգի հաշմանդամ: Կարենը ցայտնոտի մեջ է, որովհետեւ հոգեկան հիվանդ եղբորն անգամ հանգստացնող դեղ չեն տալիս: Ասում է՝ «Ախր ինքը էդ դեղերով ա ապրում, առանց դրա չի հասկանում՝ ինչ ա անում, ինքն իրան կվնասի: Էդպիսի դեպքեր եղել են, որ դեղ չի խմում՝ արդեն չի գիտակցում ինչ ա անում: Մենք իրան անընդհատ բուժման էինք տանում, որ մի քիչ կարգավորվում էր: Տեսակցության ժամանակ նկատեցի, որ վիզը ծռվել էր, դողդողացնում էր: Դեղ էր ուզել, չէին տվել: Ինքը չի ձգի տենց, չի դիմանա: Ճիշտ ա, հիվանդ ա, բայց ինքը երբեք հանցագործության ընդունակ չի եղել, ազնիվ մարդ ա»: Ինչպես նշեցինք՝ մեղադրականում նշվում է, որ Արմենն Արսենին դանակով վնասել է, սակայն Արսենի հայրը դատարանում էլ, Ոստիկանությունում էլ հայտարարել է, որ իր տղայի մարմնի վրա ոչ մի վնասվածք չկա, եւ դա չի համապատասխանում իրականությանը: Արսենի հայրը՝ Գեւորգ Մկրտչյանը տարբեր ատյաններում դիմումներ է ներկայացրել եւ պնդել է, որ Արմեն Պուլուզյանն իր տղային չի սպառնացել, չի վնասել եւ, առավել եւս, չի դրդել հանցագործության: Դիմումներից մեկն էլ գտնվում է մեզ մոտ, որտեղ Գրիգորը հերքում է քննիչի մեղադրանքն՝ ասելով, որ դա ճշմարտությանը չի համապատասխանում: Կարեն Պուլուզյանն ասում է. «Արսենին քննիչները վախեցնում են: Հայրն էլ, հարեւաններն էլ վկայում են, որ քննիչներն առավոտից իրիկուն Արսենենց տանը դաստիարակչական աշխատանքներ են տանում, որ տղան ասի, թե Արմենն իրեն դանակով վնասել է: Տղային վախեցնում են»:

Կռվածները հանցանքը պարտակո՞ւմ են

Սակայն այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ զինամթերքը սեփական տնտեսությունում թաքցրած Մայիս Ավետիսյանի դեմ քրգործ չի հարուցվել: Քրեական օրենսգրքի հոդված 235-ը սահմանում է՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա»: Կարեն Պուլուզյանի խոսքերով՝ Մայիս Ավետիսյանը ոչ միայն քրեական պատասխանատվության չի ենթարկվել, այլ նույնիսկ իրավապահ մարմինները նրա թաքցրած զենքը չեն առգրավել: Արմենի հայրը՝ Վահագն Պուլուզյանը, որը եղել է «Անկախության բանակի» առաջին զինվորներից մեկը, պնդում է, որ զենքը թաքցրած Մայիս Ավետիսյանի եղբայր Գրիգորը 1992 թվականին գնացել է Լաչին: Երբ տղաներից մի քանիսը զոհվել են, Գրիգորի հետ եղող տղաները զոհվածներին իջեցրել են սահմանից, եւ նա մենակ մնալով՝ զենքերը վերցրել-բերել է Էջմիածին. «Էս փաստերը կարող եք Զինվորական կոմիսարիատում ստուգել, մենք միասին ենք կռվել, եւ ես շատ լավ գիտեմ,- պնդում է Վահագն Պուլուզյանը,- թաքցրած զենքը շատ մեծ քանակությամբ է: Էն ժամանակ Գրիգորը հայտարարում էր, որ ինքը մտել է զենքի պահեստ: Էդ զենքերը Գրիգորինն ա, ոչ թե իրա եղբորինը»: Թեեւ Պուլուզյանները պնդում են, որ Մայիսի տնտեսությունում թաքցրած զինամթերքը մեծ քանակությամբ է եղել, այդուհանդերձ, Բոյաջյանի կազմած մեղադրականում նշված է ընդամենը 7 ինքնաձիգ, 1 գնդացիր, 140 փամփուշտ եւ 1 օպտիկական սարք: