Կարեն Հակոբյանը («Հույս» հասարակական կազմակերպություն), Գոհար Արմենակյանը («Զինվորի պաշտպանության կոմիտե» մայրերի նախաձեռնող խումբ), Սեդա Մելիքյանը («Հոգեւոր Հայաստան» ՀԿ), արվեստագետ Հարություն Սիմոնյանը եւ Լալա Ասլիկյանը երեկ հաղորդագրությամբ ներկայացրել էին Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկում գտնվող Ռազմիկ Սարգսյանի առողջական վիճակը:
Իսկ իրավիճակը հետեւյալն է՝ «Չնայած Ռազմիկ Սարգսյանի առողջական ծանր վիճակին՝ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանը Մ. Արղամանյանի նախագահությամբ նիստ էր գումարել, ինչը սակայն ընդհատվել էր (իսկ հետո անորոշ ժամանակով հետաձգվեց) Ռազմիկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Դատարան այցելած շտապօգնության բժիշկի հայտարարությամբ` Ռազմիկին պետք էր «անհապաղ հիվանդանոց տեղափոխել», սակայն նրան կրկին մեկուսարան տեղափոխեցին: Մեկուսարան այցելած 4 անկախ բժիշկները, սակայն, նշել էին, որ Ռազմիկը լուրջ հետազոտության կարիք ունի եւ պետք է գտնվի հիվանդանոցային պայմաններում: Նույն օրը Ռազմիկին ակնթարթային արագությամբ «զննել է» (ՀԿ-ների ներկայացուցիչների եւ լրագրողների ներկայությամբ) նաեւ մեկուսարանի կողմից ներկայացած, Բժշկական համալսարանի պրոֆեսոր Է. Նազարեթյանը եւ տղայի վիճակը գնահատել բավարար: Պրոֆեսորը գտնում էր, որ նրան պետք է ստիպողաբար կերակրել` զոնդի եւ միկրոկլիզմաների միջոցով:
Ռազմիկ Սարգսյանի առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկում խախտվում է նրա բուժօգնություն ստանալու իրավունքը: Փաստաբանները պատրաստվում են հանդես գալ մեկուսարանի բուժանձնակազմի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: Դեկտեմբերի 19-ին ստացված ահազանգը, թե Ռազմիկը կարել է բերանը` թույլ չտալով իրեն ստիպողաբար կերակրել, հաստատվեց, երբ Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկ այցելեցին դատապաշտպանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրա հարազատները: Ռազմիկը բողոքել է սուր ցավերից, նշել է հետանցքի շրջանում արյունահոսության առկայությունը: Մեկուսարանի բժիշկ Գոռ Խաչատրյանը, սակայն, հայտարարել է, որ Ռազմիկի վիճակը «շատ լավ է» եւ «լավ էլ ուտում է», ապա անվայել արտահայտություններ է հնչեցրել անկախ բժիշկների հասցեին: Նա որեւէ բացատրություն չի տվել, թե ինչու են Ռազմիկի բժշկական քարտից անհայտացել առողջության վերաբերյալ գրառումները: Մեկուսարան այցելած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տեսել են ցավերից տառապող Ռազմիկին: Պարզել են նաեւ, որ նրան ցավազրկող հաբեր են տալիս, ինչի մասին բժշկական քարտում նշումներ չկան: «Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խմբի ղեկավար Գոհար Արմենակյանի այցը մեկուսարան նպատակ ուներ համոզել Ռազմիկին դուրս գալ հացադուլից` հիվանդանոց տեղափոխվելու պայմանով: Ռազմիկը համաձայնել է դադարեցնել հացադուլը` ապավինելով հասարակական կազմակերպությունների աջակցությանը, հետեւելու հետագայում վերսկսվող դատավարության արդար ընթացքին: Կալանավայրերի վարչության պետ Ս. Հովհաննիսյանը դատապաշտպաններին ասել է, որ ինքը որեւէ պատճառ չունի Ռազմիկ Սարգսյանին հիվանդանոց տեղափոխելու. որ նա սիմուլյանտ է եւ բուժման կարիք չունի (հիմք է հանդիսացել Նազարեթյանի կարծիքը): Միակ «կոմպրոմիսը», որին ի վերջո համաձայնել է Հովհաննիսյանը, Ռազմիկին մեկուսարանի բուժմաս տեղափոխելն է եւ այլ բուժհիմնարկությունում հետազոտություն անցկացնելը (յամաեռ, էնցեֆալոգրաֆիա եւ այլն), որի ծախսերը պաշտպանական կողմը վերցնելու է իր վրա: Հիշեցնենք, որ Ռ. Սարգսյանը արդեն գտնվել է բուժմասում, որի ղեկավարն է վերոնշյալ բժիշկ-հումանիստ Գոռ Խաչատրյանը: Սակայն Կալանավայրերի վարչության պետը երեկ խախտել է նախնական պայմանավորվածությունը բուժհիմնարկությունում Ռազմիկի հետազոտությունը կազմակերպելու վերաբերյալ: «Ես թույլ եմ տալիս միայն յամաեռ», – ասել է Հովհաննիսյանը եւ նշել է այն պոլիկլինիկան, որն ինքն է կամենում, մինչդեռ Ռազմիկի դատապաշտպաններն արդեն պայմանավորվածություն էին ձեռք բերել «Ախտորոշման» կենտրոնի հետ` անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցկացնելու համար: Այսպիսով, Ռ. Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելը, ըստ դատապաշտպանների, հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների նոր փուլ է, սակայն այս դեպքում Արդարադատության նախարարության անմիջական մասնակցությամբ: Հասարակական կազմակերպություններն ու փաստաբանները ահազանգում են եւ մտահոգված են մեկուսարանի ներսում ցուցաբերվող «բուժօգնության» անվերահսկելիությունից»: