Վարկավորումը՝ քննարկման առարկա

22/12/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում վարկավորման գործընթացը սկսվել է տարիներ առաջ եւ մինչեւ հիմա, ինչպես խոստովանում են կառավարության ներկայացուցիչները, կան միլիոնավոր դրամի չվերադարձված վարկեր: Հայտնի է նաեւ, որ ժամկետանց վարկերի վերադարձման ուղղությամբ կառավարությունը սկսել է լուրջ քայլեր ձեռնարկել: Օրերս այդ մասին խոսել է նաեւ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Ռ. Ազարյանը, որը միաժամանակ փաստել է, որ շրջանում նույնպես կան ղեկավար աշխատողներ, ովքեր մինչ օրս չեն կատարել պետության հանդեպ իրենց պարտավորությունները: Վարկավորման գործընթացին են անդրադարձել նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին: Մի շարք օրինագծերի քննարկումից հետո, հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Սարգսյանը, որը բոլորի ուշադրությունը հրավիրել է Շուշիի բնակչության շրջանում մտահոգության առարկա դարձած մի թեմայի վրա: Հայտարարության մեջ բնակիչներն իրենց բողոքն են արտահայտում առ այն, որ վարկերի տրամադրման գործընթացում, չգիտես ինչու, Շուշիի բազմաբնակարան շենքերի բնակարանները չեն ընդունվում որպես գրավի առարկա: Սա` այն դեպքում, երբ Շուշիի բնակարանների գներն օրեցօր աճում են: «Ի՞նչ պետք է անի շուշեցին, երբ միակ ունեցվածքը` բնակարանը, գրավի առարկա չեն համարում: Գուցե ժամանակն է վարկավորման կարգի մեջ փոփոխությո՞ւն մտցնել»,- մեր զրույցի ժամանակ իր մտահոգությունն արտահայտեց Շուշիի բնակիչներից մեկը:

Մեր տվյալներով, հանրապետության բնակավայրերից միայն Շուշին է, որտեղ բնակարանների գներն ընթացիկ տարում կտրուկ բարձրացել են: Ասել է թե` գնորդների թիվը գնալով աճում է:

Հիշեցենք, որ 2006թ. վարկավորման համար պետբյուջեից կտրամադրվի շուրջ 800մլն դրամ, որից բաժին կհասնի նաեւ շրջաններին: Նշված գումարը նախատեսված է խաղողագործության ու անասնապահության զարգացման եւ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար: