Շուկաներից ամանորյա գնումներով բեռնավորված տուն դարձող տանտիկիններն այս օրերին միայն խոր հոգոց են հանում ու ցույց տալիս վայրկյան առ վայրկյան նիհարող դրամապանակները, մտածում ու մի վերջնական թվի վրա կանգ չեն առնում՝ ամանորյա իրենց ծախսերը հաշվելիս:
Իսկ ռեստորանները գայթակղում են հնարավոր բոլոր ձեւերով, ասում են` եկեք մեզ մոտ՝ համ քիչ ծախս կանեք, համ էդքան չեք եփի-թափի-աման լվա, համ էլ լավ քեֆ կանեք: Ռեստորանային որոշ համալիրներ արդեն նույնիսկ ամանորյա պատվերներ չեն ընդունում ազատ տեղ չունենալու պատճառով: Այնուամենայնիվ, որքա՞ն կարժենա Ամանորի գիշերը որեւէ ռեստորանում դիմավորելը, ի՞նչ նկատի ունեն գովազդատուները, երբ ասում են՝ մատչելի գներ, որակյալ սպասարկում, աննախադեպ շոու-ծրագիր:
Նոր տարին «Արմենիա-Մարիոթ» ռեստորանային համալիրում դիմավորելու համար մեկ անձի համար մուտքի տոմսն արժե 75.000 դրամ, «Օջախում»՝ 45-55.000 դրամ, «Օպերա» ակումբում` 45.000 դրամ, «Հին Էրիվանում»՝ 27.000 դրամ, «Նոր-Ձորաբերդում»` 40.000 դրամ, «Գոլդեն Փելեսում»` 150-300 դոլար, «Բելլաջոյում»՝ 200 դոլար, «Վալենսիայում»՝ 75 դոլար, «Սայաթ-Նովայում»՝ 50-100 դոլար: Բոլոր այս հաստատություններում միջոցառումները սկսվում են դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից եւ տեւում, ինչպես որոշ ռեստորանների աշխատակիցներ էին պնդում, «ինչքան կարան դիմանան»: Մուտքի արժեքի մեջ մտնում է, ինչպես հավաստիացնում են, անսահմանափակ քանակությամբ տաք եւ սառը ուտեստներ, ինչպես նաեւ` խմիչք: «Արմենիա-Մարիոթում» 75.000 դրամ վճարելով մեկ անձը կարող է Լեյլա Սարիբեկյանի, Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Վարդուհի Վարդանյանի կամ Արմեն Մարտիրոսյանի ջազային համույթի կատարումներն ունկնդրելուց բացի, ուտել 4-5 տեսակի սառը խորտիկներ, 3 տեսակի սալաթ, 4 տեսակի պանիր, տաք ուտեստներից՝ ժուլյեն, խոզի ու տավարի ֆիլե, ըմբոշխնել «Արենի» գինի, «Կրիստալ» օղի, «Տոնական» կոնյակ ու այլեւայլ հյութեր: «Նոր Ձորաբերդում» էլ, ասում են, ամեն ինչն առատ-առատ կտանք, տաք ուտեստ էլ՝ խոզի պլոճիկով լավ խորոված ու հաճարի փլավով քյուֆթա: «Հին Էրիվանում» կաղամբով ու թփով տոլմա եւ իշլի քյուֆթա են առաջարկում՝ իր ողջ «թաշախուստով»: «Սայաթ-Նովա» համալիրն ասում է՝ մենք մնացածից կտարբերվենք, մեր խոհարարը ֆրանսիացի է, եւ ձուկն ու խոզի միսը նրա «կատարմամբ» բոլորովին այլ համ կունենան:
Տոնական երեկոները կվարեն հայկական էստրադայի աստղերն ու դերասանները: Որպես կանոն՝ բոլոր ռեստորաններում համոզված են, որ իրենց կազմակերպած շոուն աննախադեպ է եւ իրենց ռեստորանում ելույթ ունեցող աստղերը միայն իրենց մոտ են այդպես փայլում: Սակայն նրանց առաջարկած համերգային ծրագրերն ուսումնասիրելիս այդպես էլ գլխի չես ընկնում՝ ենթադրենք, Վարդուհի Վարդանյանը ո՞նց պետք է հաջողացնի միաժամանակ աննախադեպ լինել եւ «Արմենիա-Մարիոթում», եւ «Օջախում», եւ «Նոր Ձորաբերդում», եւ «Վալենսիայում»: Փոխարենը` Սամվել Գրիգորյանը, որ պետք է հասցնի եւ «Օպերա» ակումբում լինել, եւ Հրապարակի տոնական միջոցառումը վարել, ասում է՝ «Հատուկ «Օպերա» ակումբի համար Աննա Արմենակյանը Նոր տարուն նվիված երգ է գրել եւ Ամերիկայից ուղարկել, որը մենք պետք է խմբով կատարենք, եթե հիշում եք՝ անցած տարիներին էլ ենք մենք այս տոնի կապակցությամբ հատուկ գրված խմբերգով հանդես եկել»: Փաստորեն՝ դա էլ աննախադեպ չի, եւ որքանով այդ խմբերգը ավելի տոնական կդարձնի մեր տրամադրությունը, կարող ենք ենթադրել նախորդ տարիների փորձից: Բացի այդ՝ Սամվել Գրիգորյանը խոստացավ, որ «Օպերայում» մեծ անակնկալ կլինի: «Օպերայում» փոքր անակնկալներ չեն լինում»,- համոզված է Ս. Գրիգորյանը, որն այդպես էլ չի մանրամասնում՝ մոտավորապես որքա՞ն կարժենա այդ անակնկալը: Ի դեպ, անակնկալներ ու նվերներ բոլորն էին խոստանում եւ բոլորն էլ ասում էին՝ «Հաշվի առեք, որ էս ամեն ինչը տոմսի մեջ ա մտնում, ուտելիքն էլ բոլ-բոլ ա լինելու»:
Մի խոսքով՝ հաշվի առեք՝ ձեր հաշիվներն իմացեք: