Գյումրիում շահագործման է հանձնվել «Ալկատել» կայանի նորակառույց շենքը: «ԱրմենՏելի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ «Ալկատել» ընկերությունը 2 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր է ստորագրել «ԱրմենՏել» ընկերության հետ՝ վերջինիս մարզային ցանցի արդիականացման եւ հզորության ընդլայնման նպատակով: Պայմանագրի համաձայն՝ «Ալկատել» ընկերությունը պատվիրատուին կմատակարարի վերջին սերնդի բարձր հզորության համակցման տեխնոլոգիա՝ Ստեփանավան եւ Գյումրի քաղաքներում տեղակայված «Alkatel 1000» տիպի հեռախոսային համակարգերի համար: Այս տեխնոլոգիան կարագացնի հեռահաղորդակցության ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը 1988-ի երկրաշարժից տուժած եւ ավելի քան 235.000 բնակչություն ունեցող տարածքում: Գյումրիի «Ալկատել» գերժամանակակից նորակառույցն իր տեխնիկայով չի զիջում միջազգային չափանիշներին: Շենքը նախատեսված է միաժամանակ կայանի, վարչակազմի եւ բաժանորդների սպասարկման սրահի համար: Անցյալ տարվա նախագիծն արդեն իրականություն է դարձել, ներկայումս թվային կայանը տեղակայվում է ու թեստավորում է կատարվում: Անդրադառնալով Գյումրիում «ԱրմենՏելի» թվային հեռախոսիֆիկացման ծրագրերին՝ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսն ասում է. «Գյումրիում արդեն տեղակայվել է «Ալկատել» թվային կայանը՝ 8000 թվային գծերով: Եվ ունենք անալոգ տիպի կայան, որտեղ սպասարկվում են 3000 բաժանորդներ: «Ալկատելի» կողմից Հայաստանին եւ «ԱրմենՏելին» տրամադրված այս կայանը 12.000 ունակությամբ թվային կայան է»: Վ. Ֆետսիսը վստահեցնում է, որ «ԱրմենՏելն» այդ 12.000 ունակությունն իր ներդրումների միջոցով ավելացնելու է եւս 7000-ով: Վերջինս հույս է հայտնում, որ մինչեւ 2006թ. տարեվերջն «ԱրմենՏելը» կավարտի այն մեծ նախագիծը, որը սկսել է Գյումրիի բաժանորդային ցանցի վերանորոգման եւ վերակառուցման համար: Քանի որ երկրաշարժի ժամանակ Գյումրիում ցանցը շատ է վնասվել, ուստի անհրաժեշտ է ոչ թե մասնակիորեն, այլ ամբողջովին վերակառուցել այն: Այդ ծրագիրն իրականացնելու համար «ԱրմենՏելը» կծախսի մոտ 3մլն դոլար: Վ. Ֆետսիսը խոստանում է մինչեւ 2006թ. վերջը կամ 2007թ. առաջին եռամսյակում Գյումրի քաղաքի հեռախոսային գծերի պահանջարկը բավարարել թվային հեռախոսներով: Այդ ժամանակահատվածում «ԱրմենՏելը» Գյումրիում կունենա 30.000 թվային գիծ, ավելին, Գյումրին 100%-ով թվայնացված կլինի Երեւանից շուտ: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա համապատասխան ծրագիր է մշակվել, ըստ որի` Երեւանն ամբողջովին թվայնացված կլինի: Այս տարի «ԱրմենՏելն» ի զորու կլինի Երեւան քաղաքի 80%-ը թվայնացնել, իսկ հաջորդ 2 տարիների ընթացքում կթվայնացվի 100%-ով: Վ. Ֆետսիսը վստահեցնում է, որ 2006թ. Հայաստանի համար պետք է լինի բջջային կապի զարգացման տարի, քանի որ բոլոր մեծ ու փոքր քաղաքներն ունենալու են բջջային կապ եւ ունենալու են այն հիմնական մայրուղիները, որոնք տանում են Մեղրի եւ Վրաստանի մայրուղի: Այդուհանդերձ, Գյումրիի նորաբաց «Ալկատել» կայանը նախատեսում է ապահովել 32.000 ունակություն: Իսկ թվայնացման աշխատանքներն ընթանալու են մի քանի փուլերով: Առաջին փուլով կապահովվի 12.000 բաժանորդների վերամիացումը թվային կայանին:
Լ.Ս.